«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2005-02-10 | #24, 2005-02-11 | #25, 2005-02-12


«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐՑ» ՖՐԱՆՍԻԱՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԻ ՀՈԴՎԱԾԸ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԹԵՐԹՈՒՄ

Կարդալով եվրոպացի շատ քաղաքագետների նյութերն իսլամի, իսլամական երկրների ու դրանց քաղաքակրթությունների մասին, հաճախ ես տարակուսանք ապրում. այդ մարդիկ չե՞ն ուզում, թե՞ չեն տեսնում իրական վտանգը քրիստոնեական քաղաքակրթության կամ առհասարակ քաղաքակրթության նկատմամբ: Ի վերջո, ինչքանով են հարիր մուսուլմանական աշխարհին այնպիսի վեհ եվրոպական հումանիստական հասկացություններ, ինչպիսիք են դեմոկրատիան, մարդու իրավունքները, տղամարդու եւ կնոջ հավասարությունը, ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգումն ու պաշտպանությունը եւ այլն: Երբ Փարիզում մուսուլմանները «պայքարում են» գլխաշորի համար, ապա նրանք վարպետորեն օգտագործում են հավատամքի ազատության եվրոպական սկզբունքը: Բայց թող քրիստոնյան որեւէ նման իրավունք պահանջի, ասենք, Սաուդյան Արաբիայում կամ Իրանում: Կամ ամերիկացի գունամորթ մուսուլմանների նման երթ անեն Էր Ռիադի փողոցներով:

Այս իմաստով եւ հայ ազգային սուբյեկտիվ մոտեցման առումով անչափ հետաքրքրական է ֆրանսիացի հեղինակավոր քաղաքագետ, Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Տիեռի դը Մոնբրիալի հոդվածը «Թուրքական հարցը» վերնագրով, որը հրապարակել էր մոսկովյան թերթերից մեկը:

Հոդվածագրի կարծիքով, Եվրոմիության ընդլայնումն այն դարձնում է բազմադեմ, տարասեռ, եւ դա վտանգավոր է: Եվ հենց այս հենքի վրա է հառնում թուրքական հարցը: Եվրոխորհրդի 1999 թ. դեկտեմբերին Հելսինկիում կայացած նստաշրջանից հետո Թուրքիան թեւակոխեց Եվրոմիություն մտնելու նախապատրաստական շրջանը: Սակայն երեք տարի հետո, Եվրոխորհրդի կոպենհագենյան գագաթաժողովից անմիջապես առաջ այդ երկրում իշխանության գլուխ եկավ «Արդարություն ու բարգավաճում» կուսակցությունը, որը հռչակում է իր նվիրվածությունը իսլամի գաղափարներին եւ ամեն ինչ անում է, այն էլ բավական հաջողությամբ, որ իրեն համարեն «Մուսուլմանական դեմոկրատիայի» կուսակցություն: Միաժամանակ, ի զարմանս բազում դիտորդների, նոր կառավարությունն արդարացրեց նախորդների սկսած բարեփոխումների ընթացքը, ընդունում է եվրոպական հանձնաժողովի տեսչախմբին, որը եկել է ծանոթանալու իրավիճակին: Այսինքնՙ Թուրքիան բոլոր պարագաներում ձգտում է անդամագրվել, ինչպես այդ երկրում են ասում, եվրոպական «քրիստոնեական ակումբին»:

Ինչո՞ւ են Եվրոպայում վախենում Թուրքիայից, հարց է տալիս ֆրանսիացի քաղաքագետը եւ ինքն էլ պատասխանում: Եվրոպացիների մեծամասնության համար Թուրքիան ընկալվում է որպես այնպիսի իրադարձությունների ու երեւույթների մարմնացում, որի արմատները պատմական են ու սարսափ են առաջացնում: Ակնբախ է վտանգավոր թշնամու, նվաճողի կերպարը:

Թուրքիայից երկյուղելու մյուս պատճառը ժողովրդավարությունն է. բնակչությունն արդեն կազմում է մոտ 70 միլիոն եւ շարունակում է աճել: Եվրոմիության անդամ դառնալով, նա կարող է ամենամեծ ներկայացուցչությունն ունենալ Եվրոխորհրդարանում: Չպետք է մոռանալ նաեւ, որ մուսուլմանական փոքրամասնությունները Եվրոպայում գրեթե չեն ձուլվում:

Երրորդ, եվրոպացիներն առհասարակ սարսափ են ապրում իսլամից, որը խիստ ուժեղացավ սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո:

Թուրքիա-Եվրոմիություն առնչությունների հարցում անթաքույց մերժողական է Ֆրանսիայի դիրքորոշումը եւ եվրոպական հանրությանն անդամագրվելու գործում Թուրքիային հակազդելու ջատագովները հաճախ են մեջբերում ֆրանսիացի բարձրաստիճան անձանց խոսքերը: «Թուրքիան Եվրոպային մոտ պետություն է, հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դը Էստենը, որտեղ կա իսկական քաղաքական ընտրախավ: Թուրքիայի նշանակությունը շատ մեծ է, սակայն նա չի համարվում եվրոպական պետություն»: Եթե նա դառնա հանրակցության անդամ, ապա դա կլինի «Եվրոպական միության վերջը», անողոքաբար եզրակացնում է ճանաչված քաղաքագետը:

Հայերիս համար թերեւս ամենահետաքրքրականը հոդվածի այն մասն է, որտեղ դը Մոնբրիալն իր նկատառումներն է հայտնում համընդհանուր հաշտեցման հնարավորության մասին:

Միանգամայն ակնհայտ է, գրում է հեղինակը, որ Եվրոմիությունը հենվում է խիստ փոխկապակցված մի քանի հասկացությունների վրա, որոնք կազմում են միասնական համակարգ. համընդհանուր հաշտեցում, դեմոկրատիա, մարդու իրավունքներ, փոքրամասնության հարգում եւ պաշտպանություն, կառավարման աշխարհիկ բնույթ, անվտանգություն. համերաշխություն, շուկայական տնտեսություն (կոպենհագենյան չափանիշներ):

Այս բոլորից Թուրքիայի հարցում ֆրանսիացի քաղաքագետը կարեւորում է երեք խնդիրՙ դեմոկրատիայի եւ փոքրամասնության կապը, կառավարման աշխարհիկ բնույթը, համընդհանուր հաշտեցումը: Հույս է հայտնվում, որ եթե առաջիկա 10-12 տարում Թուրքիան կարողանա արեւմտյան հիմնադրույթներին համապատասխան գտնել իր ազգային փոքրամասնությունների ու առաջին հերթին քրդերի խնդրի լուծումը, դա արդեն հսկայական նվաճում կլինի:

Հասարակության աշխարհիկության հարցում մտավախություն է հայտնվում, որ կատարելով դեմոկրատական բարեփոխումներ Եվրոմիությանը միանալու նպատակով, Թուրքիան անհաջողության դեպքում կարող է իշխանության ճանապարհ հարթել անհաշտ իսլամականների համար: Չի կարելի բացառել, որ նրանք սպասում են իրենց ժամին, համոզված լինելով, որ իրենց երկրի թեկնածությունը կմերժվի:

Իսկ ինչ վերաբերում է համընդհանուր հաշտեցմանը, հոդվածագիրն ընդգծում է երեւույթի ռոմանտիկ բնույթը, ինչքան էլ որ այն ցանկալի լինի: Մեծ նախագծեր ստեղծողները, գրում է հեղինակը, իրավունք ունեն եւ նույնիսկ պարտավոր են երազել: Ինչու մենք չենք կարող երազել թուրքերի եւ հույների, Բյուզանդական ու Օսմանյան կայսրությունների հետնորդների եւ նույնիսկ անհավանական թվացող երեք կրոնների ներկայացուցիչների հաշտեցման մասին:

Թեեւ դժվար է պատկերացնել, հատուկ նշում է Մոնբրիալը, բայց կարելի է, իհարկե, երազել թուրքերի ու հայերի հաշտեցման մասինՙ եվրոպական նախագծի հիման վրա: Իսկ նախագիծ ասելով պետք է հասկանալ այնպիսի համակարգի ստեղծում, որն ընդգրկի հետեւյալ երեք պայմանների կատարումը:

Առաջին. որպեսզի ողջ Եվրոպական միության համակարգը չքանդվի, ամեն մի ընդլայնման փուլ պետք է անցնի փորձաշրջանՙ համակերպման գործընթացը պետք է ենթարկվի համապատասխան ստուգման: Եվ այս իմաստով Թուրքիայի նման պետության անմիջական միացումը դժվար է պատկերացնել, կարող է իրականանալ սոսկ տարիներ հետո:

Երկրորդ. թեկնածու երկրները պետք է գործնականում ապացուցեն, այն էլ այնպես, որ դա հեշտությամբ ստուգվի, իրենց իսկական նվիրվածությունը կոպենհագենյան չափանիշներին: Մինչդեռ մուսուլմանական երկրների առնչությամբ դա հազիվ թե լավատեսություն ներշնչի:

Եվ երրորդ. ընդունման բանակցություններն ավարտվելուց հետո ոչ մի թեկնածու պետություն չի կարող միանալ առանց միության բոլոր անդամ պետությունների միաձայն հավանության: Ակնհայտ է, որ եթե այսօր անհրաժեշտություն առաջանա վավերացնելու Թուրքիայի միանալու վերաբերյալ պայմանագիրը, հաջողության հնարավորությունը գործնականում կհավասարվի զրոյի: Նույնիսկ առաջիկա հեռանկարի առումով ֆրանսիացի քաղաքագետը մեծ հոռետեսություն է հանդես բերում հրաժարվելով նույնիսկ որեւէ կանխատեսումից:

Այդուհանդերձ, հոդվածագիրը գտնում է, որ լուրջ սխալ կլիներ բանակցություններ չսկսել մոտակա ժամանակներս: Եթե դա չարվի, Եվրոպայի դեմ տրամադրված նացիոնալիստներն ու իսլամականներն անմիջապես լույս աշխարհ դուրս կգան եւ այդ երկրում անխուսափելիորեն կառաջանա քաղաքական լուրջ ճգնաժամ, որի հետեւանքները ոչ ոք չի կարող կանխագուշակել: Բացի այդ, աներկիմաստ եզրահանգում է Մոնբրիալը, բանակցություններն սկսելը բնավ էլ համարժեք չէ դրանց ավարտմանը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4