«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2005-02-11 | #25, 2005-02-12 | #26, 2005-02-15


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՍԻՐՈ ՕՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ՈՉ ՍԻՐՈ ՏՈՆԻՆ

Թեպետ Հայ առաքելական եկեղեցին երիտասարդների օրհնության եւ սիրո օրը նշում է Սուրբ Սարգսի տոնին, իսկ Տյանընդառաջի տոնը նվիրված է նորապսակ զույգերին, այնուամենայնիվ արհեստականորեն ներմուծված Սուրբ Վալենտինի տոնըՙ որպես սիրո եւ սիրահարների օր, նշում են հայ երիտասարդները: Սուրբ Սարգիս եկեղեցու Գեւորգ սարկավագ Ղուշչյանը նշում է, որ այս տոնը մեր ազգային, կրոնական տոների հետ որեւէ կապ չունի, սա պարզապես բիզնեսի ձեւ է, մի օրՙ երբ ծախսվում են աստղաբաշխական գումարներ: Ամեն դեպքում, թեեւ տոնը մեր ազգայինը չէ, այնուամենայնիվ մեր երիտասարդները նշում են խանդավառությամբ:

Յուրաքանչյուր երիտասարդ իր ակնկալիքներն ունի Ս. Վալենտինի օրվանից, իսկ որպես կանոն, այդ օրը բոլոր սիրահարները շնորհավորում են միմյանցՙ նվիրելով ծաղիկներ, բացիկներ եւ խաղալիքներ:

Երեկ առավոտվանից գրեթե բոլոր փողոցներում, ծաղկի եւ նվերների խանութներում եռուզեռ էր: Երիտասարդները, սիրահարները շտապում էին իրենց հնարավորությունների սահմաններում գնել նվերներ, բացիկներ ու ծաղկե կոմպոզիցիաներ, որոնց գներն այս օրերին բավական հետաքրքրական է: Ճիշտ է, որոշ ծաղիկների եւ նվերների գները մատչելի էին, բայց լավ ծաղկեփնջերն ու ներկայանալի նվերները ոչ բոլորի գրպանին էին հասանելի:

Օրինակ, մետրոյի Բարեկամության, Երիտասարդական կայարաններում մեկ վարդնՙ առանց աչքի ընկնող փաթեթավորման, արժեր 2000 դրամ, ամենափոքր ծաղկեզամբյուղըՙ 3000 դրամ, իսկ քիչ թե շատ լավ ծաղկեփնջերի ու զամբյուղների գները սկսվում էին 5000 դրամից:

Հետաքրքրական էին նաեւ սերվիսների առաջարկած ծաղիկների ու զամբյուղների գները, որոնք սկսվում էին 7-900 դրամանոց վարդերից, 1500-2000 դրամանոց փոքրիկ փնջերից եւ կոմպոզիցիաներից, 5000 դրամից սկսած մեծ ծաղկեփնջերից: Իսկ ամենաթանկ ծաղկեփնջերի գները հետեւյալն էինՙ «Բրաբիոն ֆլորա սերվիսում» արժեր 92.000 դրամ, բնական թաղարային բույսեր վաճառող «Մամա ֆլորայում»ՙ 185.000 դրամ, «Մոն Ամի» սրահում 35-40.000 դրամ, իսկ «Պասի ֆլորա սերվիսում» ասացին, որ իրենց ամենաթանկ ծաղկեփունջը դեռ պատրաստ չէ, բայց շատ թանկ կարժենա, քանի որ սիրահարներն այդ օրը... շատ պատրաստակամ են լինում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4