Ղարաբաղյան ազատագրական պատերազմը հանրագիտարանային արձանագրությամբ
1988 թ. շարժումը սկիզբ առավ մեր ազգային վերքերից մեկիՙ արցախահայության ազատագրական պայքարի պոռթկումից: Հայության համահավաք ոգին երբեք այնպես արթուն չէր եղել, ինչպես այդ օրերին: Չարենցյան հայտնի աքրոստիկոսի «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է» իմաստնությունը ժամանակի այդ հատվածում իրականացավ: Անկախության հրապարակը միախմբումի հուժկու ալիքից ու վերարթնացած այդ ոգուց էր ալեբախվում (որ հետագայում հեղափոխական ռոմանտիզմ կոչեցին): «Միացում» կարգախոսն օդը ծածանող պաստառ չէր միայն, որը եւ շուտով հրապարակային խաղաղ վիճակներից պարտադրված տեղափոխվեց պատերազմական դաշտ: Ու պատերազմում էլ հաղթեց վճռականության, միակամության ու արդարամտության այդ ոգին:
Ցավոք, պատերազմական դադարի այս տարիներին տեղատվություններ արձանագրեցինք ու հատկապես թերացանք քարոզչության դաշտում (այլ գործերով էինք զբաղված): Եղան, անշուշտ, ղարաբաղյան պատերազմի մասին բազմաթիվ հրատարակություններՙ մեմուարային բնույթի, զոհվածների կենսագրական տեղեկություններով գրքույկներ, սակայն մինչ այսօր ղարաբաղյան պատերազմի պատմության համակարգված ու ամբողջական հրատարակություն չէր ստեղծվել: Եվ ահա «Հայկական հանրագիտարանի» խմբագրության երեքամյա համառ ու մանրակրկիտ աշխատանքն արդյունավորվում է հույժ կարեւոր գիտական հրատարակությամբՙ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ.» 863 էջանոց ստվարածավալ աշխատությամբ, 2000 գունավոր ու սեւուսպիտակ լուսանկարներով, 36 տարաբնույթ քարտեզներով: Գիրքը տպագրվել է «Տիգրան Մեծ» տպարանում, պետական պատվերով:
Այս բացառիկ հրատարակությունն իրականացրել է պրոֆեսիոնալ մասնագետների, գիտնականների աշխատանքային խումբըՙ գիտախմբագրական հանձնաժողովի նախագահ Զորի Բալայանի գլխավորությամբ, հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի տնօրինությամբ: Հանձնաժողովի փոխնախագահը եւ հատորի պատասխանատուն «Հայկական հանրագիտարանի» գլխ. խմբագրի տեղակալ Հենրիկ Խաչատրյանն է: Մեր հանդիպման ընթացքում պրն Խաչատրյանը մանրամասնեց հանրագիտարանի ստեղծման պատմությունը, ներկայացրեց հատորի կառուցվածքն ու բովանդակությունը:
Նման հայրենագիտական հանրագիտարանային շարքի (Մուշ, Սասուն, Կիլիկիա, Արցախ եւ այլն) հրատարակություն իրականացնելու մտահղացումը ծնվել էր դեռ 3 տարի առաջ, երբ հանրագիտարանի խմբագրությունում Հայկ Խաչատրյանի ղեկավարությամբ ստեղծվել էր աշխատանքային համապատասխան խումբ: Եվ ահա Զորի Բալայանի հետ մի հանդիպման ընթացքում որոշվեց առաջինը սկսել Արցախիցՙ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարանից: «Զորի Բալայանը հանդես եկավ «ազգ» եւ այլ թերթերում, համոզված, որ այս հանրագիտարանը «կդառնա ե՛ւ հայ ժողովրդի ոգու հուշարձանը, ե՛ւ հզոր զենք, ե՛ւ գործուն փաստարկ տեղեկատվական պատերազմում»: Հոդվածներից հետո եղան արձագանքներ, պատմում է Հենրիկ Խաչատրյանը, հայտնվեցին հովանավորներ, մի ծեր տիկինՙ Լարիսա Ստեփանյանն իր խնայած 200-ից ավելի դոլարը եւ իր ադամանդյա մատանին նվիրեց հանրագիտարանին, ապա եւ Սպիվակովի կրթաթոշակակիր մի պատանիՙ պարուհի Արեւ Բաղդասարյանի թոռն իր կրթաթոշակըՙ 25.000 դրամ տրամադրեց, եւ սկսվեցին աշխատանքները»:
Ղարաբաղյան շարժման համակարգված գիտական աշխատանքը սկսվեց իբրեւ նախատիպ ընդունելով «Հայրենական մեծ պատերազմը 1941-1945 թթ.» խորհրդային հանրագիտարանի սկզբունքները: Այբբենական եւ թեմատիկ տարանջատմամբ ՂԱՊ-ը բաղկացած է երեք ընդհանուր բաժիններից: Առաջինը ներկայացնում է ակնարկայինՙ ծավալուն «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հոդվածը: Հաջորդ ընդարձակ բաժինը, այբբենական կարգով, սկսվում է Աբովյանի կամավորական ջոկատից եւ ավարտվում «Ֆրանսիան եւ ղարաբաղյան ազատագրական պատերազմը» հոդվածով: Վերջին բաժինն ընդգրկում է շուրջ 6000 զոհված ազատամարտիկների մասին տեղեկություններ (կենսագրական տվյալներով, նրանց հիշատակին տեղադրված հուշարձանների լուսանկարներով):
Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես հայկական պետական նոր կազմավորում պետության բոլոր ինստիտուտներով (նախագահ, գործադիր իշխանություն, Ազգային ժողով), տրված են նրա պատմությունը, տնտեսությունը, բնակչությունը, մշակույթը: Ներկայացված են ԼՂ-ի բոլոր շրջանները, գրեթե բոլոր գյուղերի աշխարհագրությունը, ժողովրդագրությունը, տնտեսությունը, պատմությունը եւ այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել 1988-ից հետո: Տեղեկություններն ընդգրկում են պաշտպանության բանակը, դրա կառույցները, գումարտակները, վաշտերը, ղարաբաղյան պատերազմում կիրառված զենքի տեսակները, ազատագրական մարտերը (Շուշիի, Տողի, Սարիշենի, Զանգելանի, Ֆիզուլու ազատագրումները), ռազմական գործողությունները, ներկայացված են հայկական բանակը եւ այն հատուկ գունդը, որ մասնակցել է եւ պաշտպանել մեր սահմանները: Տեղ են գտել նաեւ բանակին ու ռազմարվեստին վերաբերող հոդվածներ («Հարձակում», «Մարտավարություն», «Զինկոմիսարիատ», «Զինակոչիկ», «Երդում» եւ այլն):
Առանձին ընդարձակ հոդվածով ներկայացված են Հայաստանը, Արցախը որպես նրա անքակտելի մաս, Հայաստանիՙ պատերազմական գործողությունների մեջ ներգրավված մարզերըՙ Տավուշ, Սյունիք, Արարատ, Գեղարքունիք: Հանրագիտարանի այս բաժնի կարեւոր մաս են կազմում նաեւ ՀՀ եւ Արցախի ազգային հերոսների, 1-ին, 2-րդ աստիճանի մարտական խաչ ստացածների մասին հոդվածները, ներկայացված են, Հայաստանի նորանկախ հանրապետության եւ Ղարաբաղի ղեկավարները (Լեւոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Սամվել Բաբայան, Արթուր Մկրտչյան եւ ուրիշներ), ինչպես նաեւ այսօրվա Հայաստանի եւ Ղարաբաղի պետական գործիչները (Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Վարդան Օսկանյան եւ այլն):
Ներկայացված են բոլոր այն երկրները, կուսակցությունները, կազմակերպությունները, որոնք դերակատարություն են ունեցել եւ առնչվել են ղարաբաղյան խնդրին (ԱՄՆ, Ֆրանսիա, Իրան, Թուրքիա, Կենտրոնական Ասիայի հանրապետություններ, Ռուսաստան, Իսլամական կոնգրես, Եվրոխորհրդարան, Գոբլի ծրագիր, «Ղարաբաղ», «Կռունկ», «Միացում», ««Համակարգող գաղտնի խորհուրդ» կոմիտեներ, բարեգործական «Ամարաս», «Դիզակ» եւ այլ կազմակերպություններ, ՀՅԴ, ՌԱԿ, ՀՀՇ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցություններ եւ այլն):
Ադրբեջանը ներկայացնող հոդվածը ծանոթացնում է այդ երկրի երեք հանրապետություններին, դրանց կուսակցություններին («Գորշ գայլեր», «Մուսաֆաթ», «Ժողովրդական ճակատ»): Առաջին անգամ ստուգաբանված է «ադրբեջան» բառը:
Այսօրվա եւ ապագայի ընթերցողին ղարաբաղյան ազգային ազատագրական պատերազմ հասկացությունը ավելի ընկալելի դարձնելու համար առանձին-առանձին ներկայացվել են այդ պատերազմին մասնակից սոցիալական բոլոր խավերը. կանայք, ուսանողներ, ուսուցիչներ, բժիշկներ, օդաչուներՙ կենսագրական տվյալներով, լուսանկարներով, մարտական ուղիներով:
Նկարագրական եւ տեղեկատվական բնույթի հոդվածներն ուղեկցվում են տեսական, մեկնողական բնույթի հոդվածներով (ինչպեսՙ քաղաքական-իրավաբանական հիմնավորումներ ԼՂ հանրապետության լեգիտիմության վերաբերյալ, այդ համատեքստում հղումներ է կատարված «ազգերի ինքնորոշման իրավունք» հասկացությանը, ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու օրենքին, որտեղ կա նաեւ կետ ինքնավար մարզերին վերաբերող եւ այլն): Անդրադարձ է արված կարեւոր գագաթաժողովներին (Լիսաբոն, Բուդապեշտ, Ժելեզնովոդսկյան կոմունիկե եւ այլն):
Ծավալուն մի հոդվածով առաջին անգամ Քաշաթաղը, պատմական հիմնավոր փաստերով ապացուցված, ներկայացվում է որպես հայկական տարածքի մաս, տրված են տեղեկություններ այդ շրջանի գյուղերի մասին, առաջին անգամ փաստարկվել է նրա ազատագրման ժամանակը եւ արձանագրվել Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով Քաշաթաղի բնակեցման իրողությունը: Մեր ազգային ազատագրական շարժման տարեգրության էջերը ներառել են նաեւ թալիշների, լեզգիների նման շարժումները:
Այդ տարիների հայկական ողբերգությունը կազմում է հանրագիտարանի տխուր էջերըՙ ընդգրկելով Սումգայիթի, Բաքվի ջարդերը, Ոսկեպարի, Մարաղայի եղեռնագործությունները (տրված են ցուցակներով, լուսանկարներով):
Այս ընդարձակ բաժնում պատմական անհերքելի փաստերի հիմնավորմամբ բացահայտված է Ադրբեջանիՙ Ղարաբաղի բնակչության նկատմամբ տարված ազգահալած քաղաքականության էությունը, նպատակադրված շրջանը հայաթափելու, ինչպես դա արվեց Նախիջեւանում, որի հետեւանքը եղել է արտագաղթը:
Հաշվի առնելով հանրագիտարանի աղբյուրագիտական հետագա նշանակությունըՙ կազմողներն հնարավորինս ուշադրություն են դարձրել նաեւ գրականության մեջ եւ արվեստում արցախյան ազատամարտի արտացոլումներին, ներկայացված են հեղինակները, նրանց գործերը:
Հանրագիտարանն ամբողջացնող 2000 նկարներից 500-ը գունավոր է, 36 պատմական եւ ժամանակակից քարտեզներից շատերը տպագրվում են առաջին անգամ, դրանք վարչաքաղաքական, մարտական ուղիներին, պաշտպանական բանակին, տարբեր ռազմական գործողություններին վերաբերող քարտեզներ են: Տեղ են գտել մշակութային հուշարձանների, սրբավայրերի, եկեղեցիների, խաչքարերի գունավոր իլյուստրացիաներ:
Հանրագիտարանի աշխատանքներին մասնակից 360 հեղինակները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի պետական գերատեսչություններ (արտաքին գործերի նախարարություն, կառավարություն, պաշտպանության նախարարություն), գիտական եւ կրթական հաստատություններ (ԳԱԱ պատմության ինստիտուտ, Արցախի համալսարան եւ այլն) եւ մամուլ:
Հետաքրքրական է, որ ՂԱՊ հանրագիտարանի ստեղծմանը մասնակցել են արցախահայության ներկայացուցիչներ, պատերազմական դեպքերի ականատես-մասնակիցներ, տեղաբնակներ, որոնք հոգատարությամբ, մանրամասնորեն նկարագրել են իրենց բնակավայրերում տեղի ունեցածը (օրինակՙ Մարտակերտի շրջանի Կիջան գյուղի մասին գրել է դպրոցի տնօրենը, բուն պատերազմական գործողությունների մասինՙ պաշտպանության բանակի շտաբը եւ այլն), ապա դրանք հանրագիտարանային տեսքի են բերվել, մասնագիտորեն խմբագրվել:
Այսպիսով, «Հայկական հանրագիտարանի» խմբագրությունը գիտական հրատարակությունների իր բազմամյա փորձով կարողացավ հաղթահարել ղարաբաղյան պատերազմի պատմությունը արձանագրելու եւ մեկ հատորյակի մեջ ամփոփելու դժվարագույն աշխատանքը: Կարելի է փաստել, որ իրականացավ այս հանրագիտարանը մտահղացող եւ նրա ակունքներին ամենից մոտ կանգնած գրող, հրապարակախոս, քաղաքագետ Զորի Բալայանի փափագըՙ ունենալ «բազմապատկման աղյուսակի պես ճշգրիտ» արցախյան ազատամարտի արձանագիր տարեգրություն: Իսկ ոմանց կարծիքով, այս գիրքը Զորի Բալայանի 70-ամյակի լավագույն նվերն է:
Հենրիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հնարավոր անխուսափելի թերացումները կլրացվեն հանրագիտարանի հետագաՙ օտարալեզու (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն) հրատարակությունների ընթացքում, եւ վստահեցրեց, որ ՂԱՊ հանրագիտարանը կազմվել է պատմության եւ ժամանակի առաջ պատասխանատվության զգացումով, անաչառ վերաբերմունքով եւ ստուգապես փաստարկված տեղեկությամբ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ