«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2005-02-12 | #26, 2005-02-15 | #27, 2005-02-16


ԴԵՌԵՎՍ «ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ» ՀԱՅՏԵՐ ԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ

Նշեց մտավոր սեփականության գործակալության պետը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը նաեւ ավելացրեց, որ նման հայտեր էներգետիկ ճգնաժամի տարիներին տասնյակներով էին ստացվում: Սակայն գործակալությանը դիմում են նաեւ ավելի լուրջ մարդիկ, գյուտերի հեղինակներՙ արտոնագրեր ստանալու համար: Ինչպես տեղեկացրեց գործակալության պետը, անցյալ տարի ստացվել են 125 գյուտերի հայտեր:

Այս ոլորտի հիմնական խնդիրը, որին անդրադարձավ Արմեն Ազիզյանը, արտադրության հետ կապի բացակայությունն է: Զարգացած երկրներում արտադրությանը զուգահեռ գործում է գիտական բաժին, որը զբաղվում է արտադրությունն ավելի շահութաբեր դարձնելու համար ուսումնասիրություններ կատարելով, եւ դրանց արդյունքներն անմիջապես ներդրվում են արտադրության մեջ: Հայաստանում առանձին մարդիկ սեփական ջանքերով գյուտեր են ստեղծում եւ արտադրության մեջ ներդնելու ճանապարհներ փնտրում: Արտադրության եւ գիտության միջեւ այդ խզումը հաղթահարելու նպատակով գործակալությունն իր պաշտոնական ինտերնետ էջում (www.armpatent.org) առաջարկում է բոլոր գյուտերի նկարագրությունը, բոլոր մանրամասներով: Իսկ գործակալության էլեկտրոնային գրադարանում փոքր եւ միջին ձեռներեցության ներկայացուցիչները կարող են անվճար փնտրել նաեւ աշխարհում գրանցված այլ գյուտեր, իրենց արտադրության մեջ ներդնելու համար: Ընդ որում, Հայաստանում դա կարելի է անել առանց օրենքի խախտման վտանգի, քանի որ փոքր շուկա ունեցող երկրների համար նման դեպքերում հատուկ թույլտվություն չի պահանջվում: Արմեն Ազիզյանը հայտնեց, որ էլեկտրոնային գրադարանի շնորհիվ շուրջ 40 մլն փաստաթղթի անվճար ուսումնասիրման հնարավորություն է տրված, եւ որ այդ գրադարանը առաջինն է ԱՊՀ երկրներում:

Տեղեկացվեց, որ Հայաստանում արտադրության մեջ ներդրվում է գյուտերի 5-7 տոկոսը: Գործակալությունը չի հետեւում գյուտերի հետագա ճակատագրին եւ դրա մասին տեղյակ է լինում դատելով նրանից, թե գյուտի ուժի մեջ մնալու համար յուրաքանչյուր տարի պետական տուրք վճարվում է, թե՞ ոչ: Գյուտերի գրանցման համար այն կազմում է 8,5 հազար դրամ, ֆիրմային նշանների գրանցման համարՙ 5 հազար դրամ, ապրանքային նշանների համարՙ 30 հազար դրամ: Բացի գյուտերից, մյուս դեպքերում միայն մեկ անգամ պետական տուրք պետք է վճարվի:

Գործակալությունը գրանցում է նաեւ ապրանքային նշանները: Անցյալ տարի գրանցվել է 1855 ապրանքային նշան, որից 1599-ըՙ տեղական արտադրողներից: Համեմատության համար նշվեց, որ 2002 թ. ստացվել է 288 հայտ, 2003 թ.ՙ 693 հայտ: Այսինքն, յուրաքանչյուր տարի դրանք կրկնապատկվում են: 3370 ֆիրմային անվանումներ են գրանցվել: Դատական վեճերն այս ոլորտում հիմնականում ապրանքային նշանների հետ են կապված լինում, երբ տնտեսվարողներից մեկը բողոքում է մյուսի դեմՙ իր ապրանքային նշանը նմանակելու համար:

Ինչ վերաբերում է հեղինակային իրավունքին, ապա այն պաշտպանվում է համաձայն 1998 թ. ընդունված օրենքի, որը չի բավարարում ներկայիս պահանջներին: Այդ պատճառով էլ պատրաստվել է նոր օրենքի նախագիծ, որին կարելի է ծանոթանալ գործակալության ինտերնետ կայքում:

Գործակալության պետին ուղղված «Ազգի» հարցն այն էր, թե ինչպե՞ս է նա գնահատում ոստիկանության կազմում մտավոր սեփականության խախտումների դեմ պայքարի հատուկ բաժնի ստեղծումը, նկատի ունենալով այս ոլորտից ոստիկանության աշխատակիցների, մեղմ ասած, հեռու լինելու հանգամանքը: Արմեն Ազիզյանը նման բաժնի ստեղծումը դրական համարեց, քանի որ Հայաստանում «պիրատությունը» ակնհայտ դրսեւորումներ ունի եւ դրա դեմ պետք է պայքարել: Այդ նպատակով ոստիկանության աշխատակիցների համար դասընթացներ եւ ուսուցման ծրագրեր կիրականացվեն: Մտավոր սեփականության գործակալության պետը նշեց, որ նման պայքար բոլոր երկրներում տարվում է կամ ոստիկանության, կամ ազգային անվտանգության մարմինների կողմից: Նա կարեւոր համարեց նման կառույցի ստեղծումը նաեւ Հայաստանում, էական չհամարելով, թե դա որ նախարարության կազմում կլինի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4