Երեկ «Դինամո» մարզադաշտում բացվեց «Շինարարություն եւ վերանորոգում էքսպո 2005» երկրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպել էր «Լոգոս էքսպո սենթր» ցուցահանդեսային ընկերությունը: Ցուցահանդեսը, որը կտեւի 3 օր մինչեւ փետրվարի 18-ը, ներկայացնում է 55 ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա ֆիրմաների, ընկերությունների, խանութ-սրահների արտադրանքը:
Ցուցահանդեսին ներկայացված էին ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգեր («Այբ բեն գիմ»), ջահեր, ներքին եւ արտաքին լուսավորման պարագաներ («Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան»), ձեռքի պատրաստած խեցեգործ սալիկներ («Մանետ Թայլս»), կենցաղային եւ արդյունաբերական ավտոմատ սարքավորումներ («Պիարտ»), այգեգործական գործիքներ («Օլիմպիա գրուպ»), իտալական արտադրության «Բաքսի» գազի կաթսաներ, գերմանական «Շուլթս» ներկեր, «Ռաշ» ֆիրմայի պաստառներ («Կերամիկա»), պլաստմասսայե շրիշակներ, անկյունակներ, կախովի առաստաղների պրոֆիլներ («Պոլիսերվ»), պոլիէթիլենի խողովակներ («Սասուն»), դեկորատիվ ներկեր, ցածր լարման էլեկտրամոնտաժման սարքավորումներ, մեկուսիչ թաղանթներ («Նարեկ»), ջեռուցման, ջրամատակարարման, օդափոխության, օդի լավորակման (ֆիլտրացիայի) համակարգեր («Կանայան»), ջակուզիներ, լոգախցիկներ, լամինատե հատակներ, կաղնե դռներ («Նոր տուն») եւ այլն:
Ցուցահանդեսի բացման ժամանակ «Լոգոս էքսպո»-ի փոխնախագահ Արա Ստեփանյանը, շնորհակալություն հայտնելով մասնակից երկրներին (Իտալիա, Իրան, Հունգարիա, Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ եւ այլն), ինչպես նաեւ տեղական արտադրողներին եւ ֆիրմաներին, մասնակիցներին ցանկացավ, որ այդ երեք օրը լինի բեղմնավոր եւ նպաստի նրանց բիզնեսի զարգացմանը:
Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը նշեց, որ նման ցուցահանդեսները տնտեսական զարգացման առումով շատ կարեւոր են, քանի որ բիզնեսի ոլորտում ակտիվ գործարարներին հնարավորություն է տրվում ներկայացնելու իրենց արտադրանքը:
Ցուցահանդեսը յուրովի կարեւոր էր մասնակից ընկերությունների եւ արտադրողների համար: «Կերամիկա» ընկերության գովազդային բաժնի մասնագետ Կարեն Կարապետյանի խոսքերովՙ ցուցահանդեսը մեծ հնարավորություն է տալիս ոչ միայն տեղական արտադրողների, այլեւ օտարերկրյա ընկերությունների արտադրանքը ներկայացնելու: «Իսկ գնային առումով, ինչ խոսք, մեր շուկան պետք է հարմարվի ժողովրդի վիճակին, բայց այդ իմաստով էլ արդեն բավական շարժ կա», նշում է մասնագետը: Իսկ «Նարեկ» ընկերության նախագահ Ռաֆիկ Հարությունյանը կարեւորում է ցուցահանդեսի մարդկանց հետ մեծ շփում ապահովելու հնարավորությունը: «Սա միակ օրն է, երբ մենք կարողանում ենք շփվել ազգաբնակչության, մեծ թվով հաճախորդների հետ», ավելացնում է նա:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ