Յուրաքանչյուր հասարակության ապագան այնպիսին է, ինչպիսին իր երիտասարդությունն է, որովհետեւ «ամեն սերունդ գալիս ու իր հայրենիքն է ստեղծում»: Ցավոք, մեր երիտասարդությունը Հայաստանում իր ապագան անորոշության մեջ տեսնելովՙ հույսը կապում է դրսի աշխարհի հետ, ուզում է օր առաջ հեռանալ: Մի մասն էլՙ իդեալներից ու գաղափարներից զուրկ, դատարկ հետաքրքրությունների շրջանակներում օրերը մսխող, վաղաժամ ծերացած: Անշուշտ, կա նաեւ ստեղծագործող երիտասարդություն, որի նկատմամբ այսօր հոգատարությունը եւ ուշադրությունը պետական քաղաքականություն պետք է դառնա:
Այսօրվա իմ զրուցակիցն արվեստի աշխարհ մուտք գործող համակրելի մի երիտասարդ է, հարուստ ու զգայուն ներաշխարհով, լավատեսորեն սթափ, բաց մտահորիզոնով: Արամ Ավետյանը փոքր տարիքում երաժշտական հակումներ չի ցուցաբերել: Երաժշտասեր մոր հորդորանքով, նա միաժամանակ ընդունվել է Մայակովսկու անվան հանրակրթական եւ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներ, մեկ տարի անց թողել է հանրակրթականըՙ իրեն ներդաշն զգալով երաժշտական դպրոցի արվեստի մթնոլորտում: Սովորել է ՀՀ վաստակավոր ուսուցիչ Էլզա Թանդիլյանի դասարանում եւ իր հետագա հաջողությունները պայմանավորում է ուսուցչուհու բարձր պրոֆեսիոնալիզմով, հետեւողականությամբ: Արամ Ավետյանն այժմ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրայի առաջին կուրսի ուսանող է պրոֆ. Սուրեն Զաքարյանի մոտ: Այս տարվա սեպտեմբերին երեւանյան ուսումը կզուգահեռի Լոնդոնի Արքայական ակադեմիայի ասպիրանտուրայի դասընթացներին:
Բազում մտահղացումներ ու ծրագրեր ունի Արամը: Պատրաստվում է օգոստոսին մասնակցել Իտալիայում կայանալիք "Palma d’Oro" կամերային երաժշտական մրցույթի բացմանը, որտեղ կթողարկվի նաեւ CD: Հայոց եղեռնի 90-ամյա տարելիցի առիթով պատրաստվում է համերգային շրջագայության մեկնել Հայաստանի մարզեր, իր նախորդ փորձերից համոզված, որ երիտասարդության մեջ բարձր երաժշտություն ունկնդրելու պահանջ է զգացվում:
Իսկ մինչ այդ իմ զրուցակիցը հասցրել է մասնակցել հանրապետական եւ միջազգային մի շարք մրցույթների եւ հաջողություններ ունենալ:
Առաջին միջազգային մասնակցությունը 6-րդ դասարանում հարավսլավական Նովի Սադ քաղաքում կայացած Շոպենի անվան դաշնակահարների առաջին միջազգային մրցույթին էր, ուր արժանացավ դափնեկրի կոչման, 1998 թ. մասնակցեց Առնո Բաբաջանյանի անվան դաշնակահարների հանրապետական մրցույթին, գրավեց 2-րդ տեղ եւ արժանացավ պատվոգրի (այդ տարին առաջին տեղ չտրվեց): Ամենահիշարժանը, սակայն, 2001 թվականին իտալական Ֆինալե Լիգուրե քաղաքում "Palma d’Oro" միջազգային կամերային երաժշտության մրցույթի մասնակցությունն էր: Արամ Ավետյանը ներկայացավ բավականին բարդ ծրագրով. առաջին փուլումՙ Բախ (պրելյուդ եւ ֆուգա), Մոցարտՙ Դո մաժոր սոնատ, Շոպեն եւ Լիստՙ էտյուդներ, եւ իտալացի ժամանակակից կոմպոզիտոր, մրցույթի կազմակերպիչ Ալոիզե Վիկիատո, երկրորդ փուլումՙ Պրոկոֆեւՙ 7-րդ սոնատ, Լիստՙ «Հունգարական ռապսոդիա» եւ Ալոիզե Վիկիատո: Իտալացի հանդիսականը եւ մրցութային հանձնաժողովը տպավորված էին 19-ամյա հայ դաշնակահարիՙ նման բարդագույն ստեղծագործությունների, հատկապես Պրոկոֆեւի 7-րդ սոնատի հրաշալի մեկնաբանությամբ: 2001-ին երաժշտական այդ մրցույթի 30-ամյա պատմության ընթացքում ընդամենը 2-րդ անգամ բարձրագույն մրցանակըՙ Գրան պրին («Ոսկյա արմավենի») շնորհվեց Արամ Ավետյանին (առաջինը ստացել էր ավստրալիացի Տիմոտի Յանգը): Նա ստացավ նաեւ սահմանված հատուկ մրցանակ իտալացի կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար:
Երբ 2004-ի փետրվարին 90 տարեկանում Ալոիզե Վիկիատոն վախճանվեց, նույն տարվա ապրիլին կոմպոզիտորի որդին հիշատակի համերգ կազմակերպեց, որին մասնակցության հրավեր ստացավ նաեւ Արամ Ավետյանը: Մինչ այդ, նախորդ տարիների համերգային շրջագայություններին նա իտալացի երաժշտասերներին հասցրել էր արդեն ծանոթացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին: Չնայած դժվարությամբ, բայց Արամին հաջողվեց ապրիլի 24-ին կազմակերպված այդ համերգին, մինչ իր ելույթը համառոտ, բայց ազդեցիկ խոսքով ներկայացնել այդ օրվա ողբերգական նշանակությունը հայ ժողովրդի համար, ապա կատարեց Վիկիատոյի ստեղծագործություններից եւ Կոմիտասի «Կռունկը» (պայմանավորված իտալական կառավարությանՙ Հայոց եղեռնի փաստը չընդունելու հանգամանքներով):
« Նվագելուց հետո ինձ համար անմոռանալի երեւույթ տեղի ունեցավ: Դահլիճը միանգամից ոտքի կանգնեց եւ անընդմեջ ծափահարում էր: Առաջին անգամ զգացի ազգային արվեստի ուժի հպարտությունը: Դրսում, ուր էլ լինեմ, հետս Արարատն է: Այստեղՙ տանը արթնանում ու պատուհանիցս ամեն օր Արարատն եմ տեսնում. դա իմ կյանքի, իմ էության, իմ օրվա անբաժանելի մասն է կազմում: Հայաստանից երկարատեւ չեմ բացակայել, բայց խորհրդանշական բաներ կան, որ միշտ հիշում եւ ուզում եմ տեսնել, դա հայացք է, կամ որեւէ այլ բան»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ