Մինչ այս տարի որակի տեսչության գործունեությունը փաստորեն որեւէ գործնական նպատակ չի հետապնդել, բացի հերթական ստուգումներից եւ տուգանքներ նշանակելուց: Համենայն դեպս, նման եզրակացության կարելի է հանգել առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության որակի տեսչության պետ Աշոտ Մանուկյանի երեկ ներկայացրած հաշվետվությունից: Բանն այն է, որ այդ ստուգումների արդյունքները տեսանելի չեն, չնայած տեսչության պետի ներկայացրած ցուցանիշներին եւ հավաստիացումներին:
Մասնավորապես հաշվետվության մեջ նշվում է, որ անցյալ տարի ստուգումներ են անցկացվել 2249 տնտեսվարող սուբյեկտներում, որոնցից 546-ում հայտնաբերվել է 593 խախտում: Խախտումներ թույլ տված սուբյեկտների նկատմամբ կիրառվել են տուգանքներ 26,7 մլն դրամ ընդհանուր չափով: Իմիջիայլոց, ամեն մի տնտեսվարող սուբյեկտում կարելի է հայտնաբերել խախտումներ, սակայն տեսչության աշխատակիցները դրանք հայտնաբերել են միայն ստուգվածների մի մասում: Ավելի ճիշտՙ պաշտոնապես հայտնաբերվածներն այդքան են, իսկ իրականում հայտնաբերվածների մասին կարելի է միայն ենթադրություններ անել:
Աշոտ Մանուկյանը տեղեկացրեց, որ ստուգումներն իրականացնելիս առաջնայնություն տրվել է առավելապես լայն սպառման ապրանքներինՙ հացին, սննդամթերքի այլ տեսակներին, բենզինին, դիզվառելիքին եւ այլն: Տուգանվածների թվում են հաց, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքների, ձվի, հավի մսի, մսամթերքի, կաթնամթերքի արտադրության, սուրճ վերամշակող եւ փաթեթավորող կազմակերպություններ, առեւտրի օբյեկտներ, դիզվառելիքի եւ բենզինի մեծածախ եւ մանրածախ վաճառքի կետեր:
Թերեւս առավել հետաքրքրություն ներկայացնող հացի արտադրության եւ վաճառքի ոլորտներում հայտնաբերվել են մակնշման բացակայություն, քաշի անհամապատասխանության, պատրաստման եւ պահպանման ժամկետի բացակայության բազմաթիվ դեպքեր: Որակի տեսչության պետի հավաստմամբ, ներկայումս հաց վաճառող առեւտրային օբյեկտների գերակշիռ մասում խախտումները վերացված են: Սրան, սակայն, դժվար թե համաձայնի Հայաստանում ապրող որեւէ մարդ, քանի որ իրական պատկերը ճիշտ հակառակն է: Գործնականում գրեթե բոլոր խանութներում բացակայում են հացի պահպանման եւ պիտանելիության ժամկետի նշումները, իսկ իրական քաշը պակաս է նախատեսվածից, չխոսելով արդեն փաթեթավորման մասին:
Աշոտ Մանուկյանն, օրինակ, հավաստիացրեց, որ բոլոր մակնշումները պահպանվում են կաթնամթերք արտադրող 12 առավել հայտնի ընկերությունների արտադրատեսակների վրա, ինչը սակայն նույնպես իրականությանը չի համապատասխանում: Այստեղ առավելապես նշված է լինում պահպանման ժամկետը, բայց նշված չեն լինում արտադրության օրն ու ամիսը:
Մեր հարցին, թե այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տեսչության գործունեությունն ինքնանպատակ է, քանի որ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները եթե չասենք չեն նվազում, ապա առնվազն չեն դադարում համատարած լինել, եւ ի՞նչ է արվում այդ խախտումների կրկնությունը չթույլատրելու համար, Աշոտ Մանուկյանը պատասխանեց, որ եթե խախտումը չի վերացվում երկրորդ ստուգման ժամանակ, ապա տուգանքի չափը կարող է հասնել մինչեւ 400-500 հազար դրամի: Երրորդ անգամ արդեն որակի տեսչությունը կարող է դիմել դատաքննչական մարմիններին տվյալ սուբյեկտի գործունեությունը դադարեցնելու պահանջով: Սակայն այս իրավասությունները որակի տեսչությանը տրվել են վերջերս, ինչպես նշվեց մամուլի ասուլիսի ժամանակ, անցյալ տարեվերջին: Սա էլ հենց վկայություն է, որ մինչ այժմ այս կառույցը գործել է ինքնանպատակ, ինչի պատճառով նրա գործունեության արդյունքները տեսանելի չեն եղել սովորական սպառողին: Կամ գուցե տեսանելի՞ են եղել... միայն տեսչության աշխատակիցների համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ