«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2005-02-17 | #29, 2005-02-18 | #30, 2005-02-19


«ԱԶԳԻ» ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

Հետեւաբար անհասկանալի է դառնում դրանք հիմքից զուրկ որակելը

Փետրվարի 11-ի համարում «Ազգը», անդրադառնալով Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Ժան Լուիս Դեբրեի Կ. Պոլսո հայոց պատրիարքարան կատարած այցին, դա համարել էր նշանակալի իրադարձություն եւ տարակուսանքով գրել. «Երբ Ֆրանսիայի պես մեծ տերության խորհրդարանի նախագահի փետրվարի 4-ին պատրիարքարան կատարած այցն արձագանքի է արժանանում փետրվարի 9-ին, ապա ուշացումը նպատակ է ենթադրում»: Ուշացման պարագայում խոսքը պատրիարքարանի լրատվական ծառայության մասին էր:

Ըստ երեւույթին մեր թերթի անդրադարձն էլ տարակուսանք է առաջացրել պատրիարքարանի դիվանում, որ դիվանապետ Գրիգոր ավագ քհն. Տամատյանը հարկ համարեց դիմել խմբագրությանըՙ նախազգուշացնելով. «Պրն Հակոբ Չաքրյանի պնդումները զուրկ են հիմքից: Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ պրն Դեբրեի պատրիարքարանի աթոռ տված այցելության մասին պատրիարքարանի դիվանն արձագանքել է նույն երեկոյան, ինչը լույս է տեսել Պոլսո «Մարմարա» եւ «Ժամանակ» օրաթերթերում հաջորդ իսկ օրը, այսինքնՙ փետրվարի 5-ին: Երեւում է, պրն Չաքրյանը հետեւում է «Hyetert» ինտերնետային կայքին, որը որեւէ կապ չունի պատրիարքարանի դիվանի հետ: Հաճեցեք բարի լինել եւ ճշտում կատարել ձեր թերթում»:

Մենք ոչ միայն սխալն ընդունելու եւ ճշտում կատարելու, այլեւ դրա համար ներողություն խնդրելու առումով որեւէ բարդույթ չունենք: Ճիշտ է, ինտերնետային «Hyetert» կայքը որեւէ կապ չունի պատրիարքարանի դիվանի հետ, սակայն իբրեւ հասարակական-քաղաքական օրաթերթ, դիվանի հետ չեն կարող կապ ունենալ նաեւ «Մարմարան» եւ «Ժամանակը»: Նրանք Ֆրանսիայի խորհրդարանի նախագահի պատրիարքարան կատարած այցին արձագանքել էին առանց սկզբնաղբյուր նշելու: Մինչդեռ «Hyetert»-ը արձագանքի փոխարեն նույնությամբ ինտերնետային էջում տեղադրում է ստացած հաղորդագրությունը, ընդ որում տեղադրելիս պարտադիր նշում է դրա աղբյուրը, տեղը եւ ամսաթիվը: Այլ կերպՙ մենք թեեւ «Hyetert»-ի միջոցով, բայց եւ այնպես հրապարակման համար օգտագործել ենք «Լրաբերի» Ստամբուլից փետրվարի 9-ին տարածված հաղորդագրությունը:

«Լրաբերը» Պոլսո հայոց պատրիարքարանի դիվանի պաշտոնական օրգանն է, իսկ պատրիարքարանն իր հաղորդագրությունները բացարձակապես թուրքերենով է տարածում: Հետեւաբար միանգամայն տրամաբանական է, որ պրն Դեբրեի այցը պատրիարքարան լուսաբանելու, ինչպես նաեւ թարգմանական անճշտություններից խուսափելու համար հիմք ընդունեինք «Լրաբերի» թուրքերեն բնագրով պաշտոնական հաղորդագրությունը, քան առաջնորդվեինք «Մարմարա» եւ «Ժամանակ» թերթերի հայերեն թղթակցություններով:

Ինչ վերաբերում է մեր պնդումներին, ապա դրանց հիմքում էլ «Լրաբերի» տարածած հաղորդագրության ամսաթիվն է: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ անհիմնը ոչ թե տողերիս հեղինակի պնդումներն են, այլ դրանք «հիմքից զուրկ» որակելը, որովհետեւ «Ազգի» հրապարակման մեջ Ֆրանսիայի խորհրդարանի նախագահի այցին ուշացումով արձագանքելու անհասկանալիության հետեւությունը վերաբերում է հենց պատրիարքարանի գործելակերպին, այլ ոչ թե «Մարմարա» եւ «Ժամանակ» թերթերին:

Ի վերջո, նախագահ Դեբրեն վերոհիշյալ թերթերի խմբագրություն չի այցելել: Կարծում ենք, այս հանգամանքն անհրաժեշտ էր դարձնում, որ պատրիարքարանի լրատվական ծառայությունն արձագանքի առումով առաջ անցնի թերթերից: Քանի որ դա չի արվել, ուստի տրամաբանական պետք է համարվի նաեւ վերոհիշյալ այցին «պատրիարքարանի ուշացումով արձագանքի անհասկանալիության» մասին մեր հետեւությունը:

Այնուամենայնիվ, Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Ժան Լուիս Դեբրեի Պոլսո հայոց պատրիարքարան այցելության պարագայում կարեւորը ոչ այնքան «Ազգի» հետեւության տրամաբանվածությունն էր, որքան չափազանց նշանակալի այս իրադարձության նպատակին ծառայեցումը: Դրան, ինչ խոսք, արդյունավետ ելույթով պետք է նպաստեր Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքը: Ինչպես երեւում է, Ամենապատիվ պատրիարքի ելույթը ոչ միայն անարդյունավետ է եղել, այլեւ պատվավոր հյուրի համար մնացել է անհասկանալի եւ տարակուսանք է առաջացրել:

Այլապես պրն Դեբրեն, պատրիարքարանի պաշտոնական օրգան «Լրաբերի» վկայությամբ, շուրջ 1 ժամ տեւողությամբ հանդիպման ընթացքում, ունկնդրելով Մութաֆյան պատրիարքի ծավալուն ելույթը, հարկ չէր համարի հիշեցնել, որ իր այցի բուն նպատակը երկրի կրոնական համայնքների հարցերին անձամբ տեղեկանալն է, եւ ոչ էլ կհարցներ նրան. «Հայ համայնքը հոգեւորական պատրաստելու հնարավորություն ունի՞, ինչպիսի՞ն է համայնքապատկան կալվածքների վիճակը, թուրք հանրային կարծիքը ինչպե՞ս է մոտենում երկրի քրիստոնյա քաղաքացիներին եւ եվրոպացի քրիստոնյաներին, ընդառաջվո՞ւմ են այն խմբավորումները, որոնք Լոզանի պայմանագրով ազգային փոքրամասնության կարգավիճակ չեն ստացել, որքա՞ն են հարգվում մարդու, կանանց, երեխաների եւ փոքրամասնությունների իրավունքները երկրում»:

Ելույթներն առհասարակ տարակուսանք են առաջացնում այն դեպքում, երբ հագեցած են լինում նախապես միջազգային շրջանակներին քաջ հայտնի ընդհանրացված արտահայտություններով: Թերեւս արտահայտությունների ընդհանրացվածությունն է ստիպել պրն Դեբրեին, որ նա վերոհիշյալ հարցերի վրա ուշադրություն հրավիրելու մղումով նախազգուշացնի Մութաֆյան պատրիարքին. «Սրանք կենսական խնդիրներ են, եւ Ֆրանսիայի խորհրդարանականներին հուզում է բարեփոխումների հարցում Թուրքիայի պատրաստվածության մակարդակը»:

Այս ամենից հետո մնում է փաստել Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Ժան Լուիս Դեբրեի Պոլսո հայոց պատրիարքարան կատարած այցի ձախողումը: Հարցը, սակայն, սոսկ ձախողումը չէ, այլ դրաՙ Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի ելույթով պայմանավորումն ու այդ փաստիՙ ելույթին հաջորդող հարցադրումների եւ նախազգուշացման միջոցով արձանագրումը պրն Դեբրեի կողմից:

Հետագա ձախողումներից խուսափելու համար նպատակահարմար կլիներ, որ պատրիարքարանի դիվանը, ի դեմս դիվանապետ Գրիգոր ավագ քհն. Տամատյանի, «Ազգից» դժգոհելու փոխարեն անաչառ վերլուծության ենթարկեր այցի արդյունքները:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4