«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2005-02-17 | #29, 2005-02-18 | #30, 2005-02-19


ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ ՂԱՊ-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԳԱ ակադեմիայում երեկ կայացավ «Հայկական հանրագիտարանի» խմբագրության օրերս լույս ընծայած «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» գրքի շնորհանդեսը: «Հայկական հանրագիտարանի» խմբագրությունը այս տարիների հրատարակչական անբարեպատեհությունների դժվար պայմաններում կարողացավ շարունակել գիտական հրատարակությունների շարքըՙ ավելի մասնաճյուղային ուղղվածությամբ («Բժշկական», «Քրիստոնյա Հայաստան», «Հայ-սփյուռք», «ՂԱՊ»):

Շնորհանդեսը բացեց եւ վարում էր ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը: («Հայկական հանրագիտարանի» խմբագրությունը, ինչպես տեղեկացրեց տնօրեն Հովհաննես Այվազյանը, անցած տարի կառավարության որոշումով ընդգրկվել է ԳԱ ակադեմիայի համակարգում եւ ամենայն հավանականությամբ կտեղափոխվի գրականության ինստիտուտի շենքային տարածք): Հովհ. Այվազյանը համառոտ ակնարկեց խմբագրության խորհրդային անցյալը եւ մասնավորապես անդրադարձավ ՂԱՊ հանրագիտարանի ստեղծման պատմությանը: «Նոր ժամանակների հայոց գոյապայքարին անդրադառնալու» փորձեր արվել էին դեռ ղարաբաղյան շարժման ընթացքումՙ «Հայկական հարց» աշխատությամբ, որի 15 հազար տպաքանակը 1990-91 թթ. արագ սպառվել է, ապա աշխատանքներ են տարվել ստեղծելու «Արցախ» հանրագիտարանի բառացանկը, իսկ «Հայկական համառոտ հանրագիտարանի» հատորներում ընդգրկվել են Արցախին, արցախյան պատերազմին վերաբերող նյութեր:

Զորի Բալայանի նախաձեռնությամբ «Արցախի» բնույթը վերափոխվեց, եւ սկիզբ դրվեց ղարաբաղյան շարժման, ղարաբաղյան պատերազմի ու դրանց հնարավոր բոլոր առնչությունների վավերական արձանագրության աշխատանքներին: Ստեղծվեց «Ղարաբաղյան պատերազմ» խմբագրությունը Հենրիկ Խաչատրյանի գլխավորությամբ, դառնալով յուրատեսակ հրատարակչական շտաբ: Հ. Այվազյանը երախտագիտությամբ հիշեց այդ աշխատանքների բոլոր մասնակիցներինՙ գիրքը համարելով զոհված ազատամարտիկների հուշակոթող:

Նոր հանրագիտարանն ամփոփ ներկայացրեց հատորի պատասխանատու Հենրիկ Խաչատրյանը, որի վաստակն այս գործում բավականին նշանակալի է: Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը կարեւորեց հատկապես գրքի վերջինՙ 700 էջից սկսվող զոհված 6000 ազատամարտիկներիՙ անուն առ անուն հիշատակումը: Պատմաբան Լեւոն Մելիք Շահնազարյանը գիրքն արժեւորեց առավելապես հանրագիտարանում արցախահայության ինքնորոշման հարցի արծարծմամբ, ինչպես նաեւ ապագա պատմաբանների համար արժանահավատ սկզբնաղբյուր դառնալու հանգամանքով: Ըստ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի, «այս գիրքը կդառնա մեր ազատամարտի յուրատեսակ ավետարանը» եւ հայրենասիրական դասագիրք:

Հանրագիտարանի ստեղծման ակունքներում կանգնած եւ այն իրականացնող Զորի Բալայանն ասաց, որ այս ազատությունների պայմաններում ղարաբաղյան պատերազմի մասին ստեղծված բազմաթիվ հրատարակությունների սուբյեկտիվ մեկնաբանությամբ էր պայմանավորված ՂԱՊ-ը ստեղծելու անհրաժեշտությունը: «Պատկերացնո՞ւմ եք ապագա պատմաբանների վիճակը, թե ինչ աղավաղումներ կլինեին, եթե չստեղծվեր այս գիրքը»: Բնավ գրաքննության հարցը չակնարկելովՙ նա տարակուսանք հայտնեց, թե կարելի՞ է թույլատրել հրատարակել ամեն ինչՙ «այն էլ այս թեմայո՞վ»: «Պատերազմը մերն է, եւ պատմությունն է մերը, եւ դա պետք է ճշմարիտ լինի»:

Յուրաքանչյուր հայի, հատկապես ազատամարտիկների ընտանիքների համար այս հանրագիտարանի անհրաժեշտությունը զգալով, հրատարակիչները ցանկություն ունեն մի քանի լեզուներով 6000 տպաքանակով գիրքը լույս ընծայելու: Զորի Բալայանն առաջարկեց ստեղծել հանձնաժողով, ուղերձներ հղել արտասահման, գտնել բարերարներ եւ ազգանվեր մարդկանց, որոնք կարող են նպաստ բերել այս գործում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4