Փետրվարի 21-ինՙ լեզվի միջազգային օրը, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը միջոցառումների համալիր ծրագիր է նախատեսել, որի մասին տեղեկացանք վարչության պետի տեղակալ տկն Աչոյանից: Այդ օրը Երեւանի դպրոցներում շրջայց կկատարվի, թիվ 132 դպրոցում բաց դասը նվիրված կլինի մայրենիին, իսկ համընդհանուր միջոցառումըՙ ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի ու քաղաքապետարանի կրթության վարչության նախաձեռնությամբ եւ «Երիտասարդ խորհրդարան» կազմակերպության մասնակցությամբ տեղի կունենա գրողների տանը:
Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին եւ Մեծ եղեռնի 90-ամյա տարելիցին նվիրված տարին հռչակվել է մայրենիի տարի: Միջոցառումների շարքը մեկնարկել է Ռ. Սեւակի անվ. դպրոցումՙ բանաստեղծի ծննդյան օրը կազմակերպված մեծ միջոցառումով: Ուստարվա ընթացքում միջոցառումների ծրագիրը կընթանա «Մեր լեզուն մենք ենք, որ կանք, մայրենիի, փառաբանման, հայոց արեւահամ բառի շքահանդես» նշանաբանով: Այս ծրագրի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնցից ավելի էական են, Պանթեոնում ձոն-հիշատակի օրըՙ նվիրված գրողներին, եւ մրցույթներՙ հայոց լեզվի եւ գրականության լավագույն կաբինետի, լավագույն ուսուցչի, ասմունքողի, գրասեր-աշակերտի եւ մայրենին սրբորեն պահպանող հայ երիտասարդ մայրերի թեմաների վերաբերյալ:
Մ. Բ.