Արդեն երկրորդ անգամ «168 ժամ» շաբաթաթերթի տպագրումն ուղեկցվում է տհաճ միջադեպերով: Շաբաթաթերթի նախորդ համարից հետո, ուր տպագրվել էր ճամբարակցիների մռայլ եւ ծայրահեղ վատ կենսապայմանների մասին պատմող «Ճամբարակ. ծերերի ու հաշմանդամների քաղաք» հոդվածը, միանգամայն տարբեր արձագանքներ են լինում:
Մի շարք ընկերություններ եւ գործարարներ հոդվածից հետո աննպաստ պայմաններում ապրող ճամբարակցիներին ձեռք մեկնելու, աջակցելու պատրաստակամություն են հայտնում (ավելին` ցուցաբերված օգնության շնորհիվ հոդվածի հերոսներից մեկի` Արմենի աչքն այժմ վիրահատվում է): Սրան զուգահեռ, փետրվարի 16-ին մոտ 50 հոգուց բաղկացած ճամբարակցիներ (որոնք, ի դեպ, ավտոբուսով էին բերվել) բողոքներով դիմում են թերթի խմբագրություն: «Այդ մարդկանցից շատերը նույնիսկ տեղյակ չէին հոդվածին, քանի որ թերթը Ճամբարակ չի հասնում: Ես համոզված եմ, որ դա հատուկ` Ճամբարակի ղեկավարների կողմից կազմակերպված ակցիա էր, իսկ այդ 50 հոգին էլ, որ բերվել էին, ոչնչից տեղյակ չէին: Եվ ի վերջո, մարդիկ ինչու պետք է բողոքեին, չէ՞ որ հոդվածից հետո նրանց օգնություն է ցույց տրվել, դա պարզապես անտրամաբանական է», ասում է շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Հաջորդ միջադեպը պատահում է երեկ, երբ մամուլի կրպակներից եւ թերթերի վաճառման կետերից քաղաքացիները չեն կարողանում ձեռք բերել թերթը այն պարզ պատճառով, որ նշյալ կետերից թերթը հավաքված է լինում:
Երբ փորձեցինք հասկանալ, թե այս անգամ թերթի որ հրապարակումն է պատճառ դարձել մամուլի հանդեպ հերթական անհանդուրժող վերաբերմունքի համար, հանդիպեցինք մի քանի «սուր» նյութերի:
«168 ժամ»-ի խմբագիրը մեզ հայտնեց, որ իր կարծիքով նման քայլի պատճառը կարող էին մի քանի հրապարակումներ լինել, սակայն տկն Սեյրանյանը ավելի հակված է մտածելու, որ պատճառը «Ջոջերի առանձնատները Եղվարդում» հոդվածն է, որտեղ մի քանի առանձնատների լուսանկարների կողքին բավական ակնհայտ դրված են մաքսային կոմիտեի պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանի առանձնատան տարածքը պատկերող լուսանկարները: Սաթիկ Սեյրանյանը նշում է, որ հավանաբար մաքսային պետի տեղակալն էլ կազմակերպած կլինի շաբաթաթերթի հավաքումը մամուլի կրպակներից:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ