«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2005-02-17 | #29, 2005-02-18 | #30, 2005-02-19


ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻԱԿ ՊԱՏՎԻՐԱԿԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

Արամ Ոսկանյանն արդեն մեկ տարի հանդես է գալիս Ղազախստանի «Եսիլ Բոգատիրի» կազմում: Նախապատրաստական փուլում ֆուտբոլիստներին տրամադրած մեկշաբաթյա հանգիստն Արամը որոշեց անցկացնել հարազատ օջախում: Մենք էլ առիթը բաց չթողեցինքՙ հարցազրույցի հրավիրելով նրան:

- Արամ, ուրախ եմ կրկին քեզ տեսնելու հայրենիքում: Ինչպե՞ս են գործերդ նախապատրաստական այս փուլում:

- Նորմալ: Հունվարի 10-ից Պետրոպավլովսկում սկսել ենք մարզումները եւ միանգամից մեծ ծանրաբեռնվածությամբ: Օրական 2 պարապմունք էինք անցկացնում: Առաջինում 8-10 կմ կրոս էինք վազում, երկրորդն անցկացնում էինք մարզասարքերի մարզադահլիճում, իսկ շաբաթական ցիկլն ավարտվում էր ձյան վրա ընկերական հանդիպմամբ: Հունվարի 25-ից մարզումներն անցկացրինք Անթալիայումՙ արդեն պարապելով օրական 3 անգամ: Նաեւ ընկերական հանդիպումներ անցկացրինք: Վնասվածքի պատճառով մասնակցեցի միայն Մոսկվայի «Լոկոմոտիվի» փոխարինողների հետ խաղին, որի մարզիչներից մեկը Սարգիս Հովհաննիսյանն է: Պարտվեցինք 2-4 հաշվով, գոլերից մեկը ես խփեցի: Մեր 2-րդ կազմը «Սատուրնի» փոխարինողների հետ ոչ-ոքի (2-2) խաղաց, երկու գոլերն էլ Դավիթ Գրիգորյանը խփեց: Հետո խաղացինք Ալչեւսկի «Ստալի» հետ (0-0), որում հանդես է գալիս Արա Հակոբյանը, եւ 2-1 հաշվով հաղթեցինք Մակեդոնիայի «Բաշկիրիին»:

- Ինչպե՞ս են Արայի գործերը:

- Ցանկություն ունի մնալու այդ թիմում, որն առաջին խմբի առաջնությունում 3-րդ տեղում է: Խնդիր է դրված մտնելու բարձրագույն խումբ, որի 2 ուղեգիր է խաղարկվում: Առաջատարը «Դինամո» Կիեւի դուստր թիմն է, որն իրավունք չունի ուղեգիր նվաճելու, 2-րդ տեղում «Զարյան» է: Այնպես որ «Ստալի» հնարավորությունները գերադասելի են:

- Իսկ ձեր թիմի առջեւ ի՞նչ խնդիր է դրվելու նոր մրցաշրջանում:

- Անցյալ տարի խնդիրը տասնյակում տեղ զբաղեցնելն էր, գրավեցինք 6-րդ տեղը: Այս մրցաշրջանում նախատեսվում է ավելացնել թիմի բյուջեն պետական միջոցների շնորհիվ, նաեւ հովանավորներ գտնել ակումբի նոր մարզադաշտի կառուցման համար: Եթե հաջողվի, ուրեմն խնդիրը կլինի հնգյակ մտնելը, հակառակ դեպքումՙ ութնյակում տեղ զբաղեցնելը:

- Ղազախստանում կա՞ լեգեոներների թվի սահմանափակում:

- Անցյալ տարի թիմում 5 լեգեոներ կարող էր հայտավորվել, որոնք բոլորն էլ իրավունք ունեին մասնակցելու հանդիպմանը: Այս տարի լեգեոներների թիվը հասցվել է 7-ի, սակայն 5-ը կարող են մասնակցել տվյալ խաղին: Թիմում արդեն 4 լեգեոներ կա, 3-ն էլ փորձարկվում են: Դավիթ Գրիգորյանի համար փորձաշրջանը փաստորեն ավարտված է, շատ են հավանել նրան, մնում է ակումբները համաձայնության գան գնի հարցում:

- Գո՞հ ես քո պայմաններից:

- Դժգոհելու առիթ չունեմ: Ասեմ, որ թիմում ամենաբարձրը ես եմ վարձատրվում: Ճիշտ է, Կուստանայի «Տոբոլը» եւ Ակտյուբինսկի թիմն ինձ ավելի լավ պայմաններով առաջարկ էին կատարել, նույնիսկ ղազախական ֆուտբոլի չափանիշներով բավական բարձրՙ 100 հազար դոլար էին պատրաստ վճարել մեր ակումբին իմ տեղափոխության համար, սակայն ղեկավարությունը չհամաձայնեց: Ես 3 տարվա պայմանագիր ունեմ թիմի հետ, որն արդյունավետ հարձակվողի կարիք ունի: Շատ լավ հարաբերությունների մեջ եմ ակումբի նախագահի եւ մարզիչների հետ:

- Ղազախական ֆուտբոլում դու Հայաստանի միա՞կ ներկայացուցիչն ես:

- Առայժմ այո, մեկ տեղացի հայ էլ խաղում էր Ալմաթիում: Նշեմ, որ ընտանիքս հիմնականում ամռանն է միանում ինձ, քանի որ երեխաներս դպրոց են հաճախում: Փետրվարի 18-ին ուսումնամարզական 2-րդ հավաքն Անթալիայում ակումբի ղեկավարությունը մտադրվել է ընտանիքներով անցկացնելՙ համատեղելով օգտակարը հաճելիի հետ: Այժմ աղջկաս անձնագրի հարցով եմ զբաղված: Նրա եւ կնոջս հետ կմեկնեմ Թուրքիա:

- Նախորդ մրցաշրջանում արդյունավետ խաղ ցուցադրեցիր:

- Առաջնությունում 13 գոլ էի խփել, մեկն էլ գավաթի մրցաշարում: Սակայն գոլերից 2-ը չեղյալ էին համարել, քանի որ մեր մրցակիցը խաղավերջին լքել էր խաղադաշտը: Ռմբարկուների լավագույն տասնյակում էի:

- Բազմիցս նշել ես, որ երազանքդ «100-ի ակումբում» տեղ զբաղեցնելն է: Երբեւէ կվերադառնա՞ս Հայաստան այն իրականացնելու համար:

- Ընդհանրապես լավ կլիներ, որ արտերկրում խփած գոլերն էլ հաշվի առնվեին այդ ակումբում: Առայժմ մնացած 6 գոլերը հարկ կլինի խփել հավաքականում, ինչն անչափ դժվարին խնդիր է:

- Ի դեպ, հավաքականում դու 29 տարեկանում նշեցիր նորամուտդ: Քեզ համար անակնկա՞լ էր հավաքական հրավիրվելը:

- Իհարկե անակնկալ էր: Շնորհակալ եմ ընկերոջսՙ Վարդան Մինասյանին, որն իմ մասին տեղյակ էր պահել հավաքականի մարզիչներինՙ նշելով նաեւ Համլետ Մխիթարյանին ու Արմեն Շահգելդյանին: Չեխերի հետ հավաքին հրավիրեցին, սակայն խաղին չհայտավորեցին: Ճիշտն ասած, հույսս կտրել էի, որ հնարավոր է կրկին հավաքական հրավիրեն: 2-րդ անգամ մի տեսակ պատահական ստացվեց հրավերը: Մովսիսյանը չէր ժամանել, ես Երեւանում էի, ընդգրկեցին հավաքում, վստահեցին եւ նորամուտս նշեցի ռումինացիների հետ խաղում: Ափսոս միայն, որ գոլային պահերը չիրացրի: Իհարկե, այդ տարիքում անսովոր է նորամուտ նշելը, բայց, օրինակ, Յարցեւն էլ «Սպարտակում» 29 տարեկանում ընդգրկվեց:

- Անդորրայի հետ խաղին մասնակցելու հրավեր ստացե՞լ ես: Ի՞նչ կարծիքի ես առաջիկա ընտրական հանդիպման ելքի վերաբերյալ:

- Հրավեր առայժմ չեմ ստացել: Հիմա իմ գլխավոր նպատակը լավ մարզավիճակ ձեռք բերելն է, որ պատրաստ լինեմ ապրիլի 3-ին մեկնարկող Ղազախստանի առաջնությանը: Եթե կհրավիրեն հավաքական, կաշխատեմ ուժերիս ներածի չափով օգնել հաղթանակ տոնելու: Սակայն հեշտ հաղթանակ չպետք է ակնկալել: Նման փոքր երկրները սովորաբար անակնկալներ են մատուցում: Ապացույցըՙ մակեդոնացիների հետ հանդիպումների արդյունքները: Ամեն ինչ պայմանավորված կլինի ֆուտբոլիստների մարզավիճակով, տրամադրվածությամբ, թե որքանո՞վ կհաջողվի կատարել մարզիչների առաջադրանքը:

- Քո տպավորությունները ղազախական ֆուտբոլից:

- Զարգացումն ընթանում է Ռուսաստանի օրինակով: Խոշոր գումարներ են ներդրվում, ստեղծվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա: Ֆուտբոլի մակարդակը զգալի բարձրացել է, թիմերը մեծ ծանրաբեռնվածությամբ են պարապում, ֆուտբոլիստների խաղային որակները բարձր են, դաշտում արագությունը մեծ է: Մեծ թիվ են կազմում ուկրաինացիները, որոնք Ղազախստանի քաղաքացիություն ունեն: Կան ուժեղ թիմերՙ «Կայրաթը», «Տոբոլը», «Ժենիսը», որոնք, օրինակՙ Ուկրաինայում մրցունակ կլինեն: Հայաստանի հետ համեմատելու եզրեր չեմ գտնում, բելառուսական ֆուտբոլին էլ այսօր ղազախականը գերազանցում է:

- Հետեւո՞ւմ ես հայկական ֆուտբոլի անցուդարձին:

- Իհարկե: Օրինակ ամբողջ թիմով հեռուստացույցի առջեւ երկրպագում էինք «Փյունիկին» «Համագործակցության գավաթի» խաղերում: «Սկոնտոյի» հետ շատ լավ խաղացին, այստեղ մեծ արձագանք էր գտել: Գիտեմ, թե թիմերից որը որտեղ է հավաքներ անցկացնում: Դե Վարդան Մինասյանի հետ հաճախ ենք հեռախոսով զրուցում: Լավ հարաբերությունների մեջ եմ «Միկայի» ավագ Արտաշես Ադամյանի, ակումբի ղեկավարության ու մարզիչների հետ: Մի խոսքով, հայրենիքիս հետ կապը մշտապես պահպանում եմ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4