«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2005-02-17 | #29, 2005-02-18 | #30, 2005-02-19


ԱՐՍԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՄԵԿՆԱՐԿԸ

Մոսկովյան շախմատային մրցաշարի 3-րդ տուրը բավական հաջող էր ուժեղագույնների խմբում հանդես եկող հայ շախմատիստների համար, որոնցից 4-ը հաղթանակներ տոնեցին: Վերելքով է խաղում Վլադիմիր Հակոբյանը, որը պարտության մատնեց վրաց շախմատիստ Զվիադ Իզորիային: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Տիգրան Պետրոսյանըՙ առավելության հասնելով Վլադիմիր Եպիշինի նկատմամբ: Կարեն Ասրյանը հաղթեց Իգոր Կուռնոսովին, իսկ Վահանյանն առավելության հասավ Կայդո Կուլաոտսի նկատմամբ: Պոնոմարյով-Անաստասյան, Սակաեւ-Սարգսյան պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքի: Առաջին պարտությունը կրեց Արոնյանըՙ զիջելով Վալերի Ֆիլիպովին: Անհաջողության մատնվեց նաեւ Մինասյանը Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում:

3 տուրից հետո ուժեղագույնների մրցաշարի 102 մասնակիցներից միայն ուկրաինացի Վասիլի Իվանչուկն ու ռուսաստանցի Անդրեյ Խառլովն են առայժմ առանց միավորի կորստի ընթանում: Չորրորդ տուրում նրանք մրցելու են միմյանց հետ: Վլադիմիր Հակոբյանը 9 շախմատիստների հետ 2,5-ական միավորով հետապնդում է առաջատարներին: Ասրյանը, Վահանյանը, Պետրոսյանը, Սարգսյանն ու Անաստասյանը վաստակել են 2-ական միավոր: Արոնյանի հաշվին գրանցված է 1,5, Մինասյանիՙ 1 միավոր:

A2 խմբի մրցաշարում գերազանց է հանդես գալիս գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, որը 3 միավորով ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ գլխավորում է աղյուսակը: 4-րդ տուրում նրանք մրցելու են միմյանց հետ: Արսենը հերթական հաղթանակը տոնեց ադրբեջանցի Նիդյաթ Մամեդովի նկատմամբ:

B եւ C խմբերում մասնակիցները 4 տուր են անցկացրել: B խմբում հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատարը ռուսաստանցի Էդուարդ Ֆոմիչենկոն է: Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքը (3-ական միավոր) ունեն Զավեն Անդրեասյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Լիլիթ Գալոյանը:

C խմբում 4-ական միավորով առաջատարներն են Վիտալի Ռոդչենկովը, Օլեգ Նեչաեւը, Սերգեյ Գիլյովը եւ Վլադիմիր Պոնֆիլյոնոկը: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Երվանդ Հովհաննիսյանըՙ 3,5 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4