«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2005-02-17 | #29, 2005-02-18 | #30, 2005-02-19


ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՇՈՒԿԱ ՄՏՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ

Տնտեսվարողները 6 ամիսը մեկ հաշվետվություն պիտի ներկայացնեն Տնտեսական մրցակցության հանձնաժողովին

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Տնտեսական մրցակցության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Գործադիրն ակնկալում էր, որ նախագծի կարեւորությունը նկատի առնելով` կներառվի առաջիկա քառօրյայի օրակարգում:

Երեկ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բուռն քննարկումներից հետո, այնուամենայնիվ, որոշեց նախագիծը ներառել միայն մեծ օրակարգում, համարելով, որ խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրությունների կարիք ունի: Նկատենք, որ նախագիծը շոշափում է խոշոր տնտեսվարողների շահերը, որոնք հենց իրենք կամ փոխանձերի կարգավիճակով ներկա են խորհրդարանում:

«Նոր օրենքը հնարավորություն կտա հստակեցնելու տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատանքը: Մայր օրենքի ընդունումից հետո անցած 5 տարիներին տնտեսական մրցակցության դաշտում իրողություններ են արձանագրվում, որոնք նոր պայմաններին անհամապատասխանության պատճառով տարբեր կերպ են մեկնաբանվում», ասում է Աժ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, հանրապետական Ռաֆիկ Գրիգորյանը:

Հիմնական փոփոխությունը վերաբերելու է շուկայում գերիշխող դիրք գրավող տնտեսվարողներին: Սովորաբար վերջիններս առանց աչք թարթելու, գիշատիչների վարքագիծ են դրսեւորում` դուրս մղելով կամ սահմանափակելով նորելուկ տնտեսվարողների մուտքը կամ գործողությունները շուկայում:

Նկատի առնելով նրանց անհանդուրժողական վերաբերմունքը դեռ չկայացած սուբյեկտների նկատմամբ, օրենսդրական նոր նախաձեռնությունը փորձել է միջոցներ ձեռնարկել դրա դեմ: Այն նախազգուշացնում է մենաշնորհային դիրք գրավողներին ձեռնպահ մնալ այնպիսի արատավոր մեխանիզմի կիրառումից, ինչպիսին փոխադարձ համաձայնությամբ գների իջեցումն էՙ շուկայից մեկ ուրիշին դուրս մղելու համար:

Եթե տնտեսական մրցակցության հանձնաժողովն ապացուցի, որ գների միտումնավոր իջեցում է եղել, գերիշխողին սպառնում է բազային տուրքի 100 հազարապատիկի չափ տուգանք:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Ռ. Գեւորգյանը նշեց, որ անցած տարի տասնյակ տնտեսվարողների հանդեպ հանձնաժողովը տուգանքներ է սահմանել, սակայն վերջիններս վճարումներ չեն արել:

Օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն, տնտեսական մրցակցության հանձնաժողովը ստուգումներ ու ուսումնասիրություններ կանցկացնի նախկին 30 օրվա փոխարեն 90 օրվա ընթացքում: «Օրենքի նոր սրբագրումները բարձրացնում են տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվությունը, քանի որ նրանք պիտի պարտավորվեն 6 ամիսը մեկ հաշվետվություն ներկայացնել տնտեսական մրցակցության հանձնաժողովին»:

Եթե օրենսդրական նախաձեռնության դրույթներն ընդունվեն, ապա տնտեսվարողներն իրավունք չպիտի ունենան նաեւ իրենց արտադրանքը, օրինակ, պանիրը կամ գարեջուրը, տարբեր գներով վաճառելու Հայաստանի տարբեր մարզերում` Սյունիքում ու Ղարաբաղում մի գին, Արագածոտնում կամ Շիրակում` մեկ այլ գին սահմանելով: Խոսքը, իհարկե, վերաբերում է մեկնարկային եւ ոչ թե շուկայական գներին:

Եկող շաբաթ այս թեմայով խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4