Հայտարարվեց ավանդների երաշխավորման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներկայացման ժամանակ
Երեկ Կենտրոնական բանկում հայտարարվեց ավանդների երաշխավորման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ստեղծման մասին, ինչը նախատեսված է «Ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման մասին» օրենքով: Ինչպես հայտնեց Կենտրոնական բանկի եւ տվյալ դեպքում նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, հիմնադրամը բաղկացած է Կենտրոնական բանկի, կառավարության, Ազգային ժողովի, բանկերի միության 7 ներկայացուցիչներից: Հոգաբարձուների խորհուրդն իրականացնելու է հիմնադրամի գործունեության, նրա եկամուտների վերահսկողությունը, հետեւելու է, որպեսզի հիմնադրամի միջոցները, ինչպես սահմանված է օրենքով, չներդրվեն ռիսկային ոլորտներում: Պետության երաշխավորած դրամային ավանդի չափը, սկսած այս տարվա հուլիսի 1-ից, մինչեւ 2 մլն դրամն է, իսկ արտարժութայինըՙ մինչեւ 1 մլն դրամին համարժեք գումարը: Նման հարաբերակցությունը նպատակ ունի խթանելու բնակչության դրամային ավանդների ավելացումը, իսկ արժութային նոր օրենսդրությունըՙ դրամային շրջանառության ավելացումը: ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ հիմնադրամն այսօր ունի շուրջ 2 մլն դոլար, որը շուտով կհամալրվի Գերմանիայի կառավարության տրամադրած 3,5 մլն եվրոյով: Դա, նրա հավաստմամբ, լուրջ բազա է հիմնադրամի գործունեության համար: Նշվեց, որ բանկերը հիմնադրամին վճարում են իրենց ներգրավված ավանդների 0,2 տոկոսը, որը մինչ գերմանական կողմի տրամադրած աջակցությունը, կազմում էր 0,5 տոկոս:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում կառավարության ներկայացուցիչ, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կարեւորելով հիմնադրամի ստեղծումը, կառավարությունն այն երկու տարի առաջ ընդգրկել էր իր ծրագրերի մեջ: Նրա կարծիքով, հիմնադրամի գործունեությունը կնպաստի նաեւ տնտեսության իրական հատվածի զարգացմանն ու երկար փողերի ձեւավորմանը: Նույն նախարարության վարչության պետ Արշալույս Մարգարյանն էլ նշեց, որ այս կառույցի գործունեությունը կավելացնի ոչ միայն ավանդների, այլեւ ավանդատուների թիվը:
Բանկերի ներկայացուցիչներից հոգաբարձուների խորհրդի անդամ էին նաեւ բանկերի միության նախագահ, «Անելիք բանկի» ղեկավար Սամվել Ճզմաչյանը եւ «Հայգյուղփոխբանկի» գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը: Սամվել Ճզմաչյանը հիմնադրամի ստեղծումը անհրաժեշտություն համարեց եւ բանկերի, եւ բնակչության համար, կարծիք հայտնելով, որ այն կավելացնի բանկերի նկատմամբ վստահությունը: Ստեփան Գիշյանը ընդգծելով, որ Հայաստանում կա կայուն բանկային համակարգ, հույս հայտնեց, որ հիմնադրամի միջոցներն օգտագործելու անհրաժեշտություն չի լինի: Իսկ բնակչությունը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնել իր միջոցներըՙ դրանք ներդնելով տարբեր բանկերում:
Օրենքի որոշ մանրամասներ ներկայացրեց հոգաբարձուների խորհրդում Կենտրոնական բանկի մյուս ներկայացուցիչ Կարինե Մինասյանը: Նա մասնավորապես հայտնեց, որ ֆիզիկական անձանցից բացի, երաշխավորվելու են նաեւ անհատ ձեռներեցների վերոհիշյալ չափով ներդրած ավանդները:
Վերջում Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ հոգաբարձուների խորհրդի 7-րդ անդամը ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն է: Նշվեց նաեւ, որ հիմնադրամը դեռեւս չունի գործադիր տնօրեն, եւ այդ պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ:
Մեր հարցին, թե մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը օրենքով սահմանված չափով ներդրված ավանդները նույնպես երաշխավորվելո՞ւ են, Կենտրոնական բանկի նախագահը դրական պատասխանեց:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ