Ըստ վիճակագրության, Հայաստանում այսօր գործում է մոտ 900 մանկապարտեզ, որից 300-ը սեզոնային է: Վերջին տարիներին դրանց թիվը հայտնի պատճառներով կրճատվեց, որի հետեւանքով շեշտակիորեն նվազեց նաեւ երեխաների հաճախելիությունը: Օրինակ, եթե 1990 թվականին մանկապարտեզ է հաճախել 113 հազար երեխա, այսօր նրանց թիվը մոտ 66 հազար է:
Նախակրթական համակարգում վերջին տարիներին առաջացած խնդիրները վերլուծելու, ամփոփելու եւ արդի պահանջներից ելնելով նոր մոտեցումներ գտնելու նպատակով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ երեկ Ծաղկաձորում սկսվեց «Նախադպրոցական կրթություն. քաղաքականություն եւ ռազմավարություն» թեմայով երկօրյա քննարկումը, որին մասնակցում էին Ազգային ժողովի, կրթության ու առողջապահության նախարարությունների, միջազգային կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչները: Քննարկմանը հրավիրված էր հանրապետության առաջին տիկին Բելա Քոչարյանը, որն իր խոսքում նախադպրոցական կրթությունը բնութագրեց որպես կրթական համակարգի կարեւորագույն հիմքերից մեկը, որի բովանդակային թարմացումն ու նորացումը ժամանակի պահանջ է դարձել: Հենց այդ նկատառումով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակը կրթության նախարարության հետ սկսում է «Վաղ մանկության զարգացման» 2005-2009 թթ. ծրագիրը: Գրասենյակի ներկայացուցիչ Շելդոն Եթի ասելով, ծրագիրը ներառում է առողջապահական, կրթական եւ երեխաների իրավունքների պաշտպանության հարցեր, իրականացվում է գրեթե բոլոր երկրներում:
Կրթության նախարար Սերգո Երիցյանն առանձնացրեց ծրագրի իրականացման գլխավոր հարցերը: «Պետք է լուծել 2 գլխավոր խնդիր. ապահովել երեխաների ընդգրկվածության բարձր մակարդակ, որը թույլ կտա մեկնարկային հավասար պայմաններ ստեղծել առաջին դասարան ընդունելիս եւ նոր կրթակարգից ելնելով սահմանել նախադպրոցական կրթության եւ դաստիարակության բովանդակային կողմը, այսինքն ի՞նչ պետք է իմանա երեխան դպրոց ընդունվելիս, ի՞նչ պետք է սովորի 0-6 տարեկանում», ասաց նա:
Իսկ ի՞նչ են առաջարկում նախակրթական համակարգի աշխատողները: Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Ջուլիետա Ավագյանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ համայնքներն այսօր ի զորու չեն լուծելու մանկապարտեզների համար խիստ անհրաժեշտ այնպիսի խնդիրներ, ինչպիսին են, վերանորոգումն ու ջեռուցման համակարգը, այդ իսկ պատճառով նախապատվելի է նախադպրոցական հիմնարկներին հատկացնել պետական առավելագույն աջակցություն: «Ներկա պահին մանկապարտեզը պետք է դարձնել հասարակության թիվ մեկ հոգսը, ապահովել գործարարների եւ բարեգործական կազմակերպությունների աջակցությունը, իսկ ծնողներին մասնակից դարձնել նաեւ դաստիարակչական խնդիրների լուծմանը: Ծնողներին այսօր անհրաժեշտ են ճկուն գրաֆիկով աշխատող մանկապարտեզներՙ երկարօրյա, կարճաժամկետ, շուրջօրյա եւ այլն, որպեսզի թեկուզ 3 ժամով իր երեխային կրթելու հնարավորություն ստանա», ասաց նա: Նրա ասելով, իրենց 5-6 տարեկան սաներն արդեն գոբելեն են գործում, կավով աշխատում, ծանոթանում են ոչ միայն կիրառական արվեստին, այլեւ գիտելիքներ ստանում հայրենի բնության եւ ազգային ավանդույթների մասին: Մանկապարտեզը պլանավորված է 75 երեխայի համար, այդքանի համար են սնունդ ստանում, սակայն մանկապարտեզ հաճախել ցանկացողների թիվն ավելին է:
Սեւանի «Հեքիաթ» մանկապարտեզի վարիչ Անահիտ Ղարիբյանը եւս նշեց, որ ունեն վերանորոգման խնդիրներ, թեեւ գործող մանկապարտեզներ կան, սակայն հնարավոր է, որ այս տարի բացվեն նորերը, քանի որ դրանց կարիքն իրոք զգացվում է:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ