Արցախի վերածննդի օրվա առթիվ ԼՂՀ Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախ, ժողովրդավարական պետության կառուցման վճռականությունը, միաժամանակ հավաստելով ԼՂՀ իշխանությունների պատրաստակամությունը հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Հայտարարության մեջ կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններինՙ հրաժարվել առճակատման անհեռանկար քաղաքականությունից եւ ջանքերն ուղղել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը, վստահության ու հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը: Միաժամանակ դիմելով բոլոր երկրների խորհրդարաններինՙ Ազգային ժողովը կոչ է արել աջակցել ԼՂՀ միջազգային ճանաչմանը, լիահույս լինելով, որ միջազգային հանրությունը արժանվույնս կգնահատի Արցախի ժողովրդի ջանքերը իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության կառուցման գործում:
Վերածննդի օրը Ստեփանակերտում նշվեց Հաղթանակի հրապարակում կազմակերպված հանրահավաքով, որի կազմակերպիչներն ու մասնակիցները երիտասարդներն էին ու մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների սաները: «Ավագների քայլերովՙ դեպի վերջնահաղթանակ». այս էր հանրահավաքի գլխավոր կարգախոսը: Երիտասարդ սերնդի առջեւ հանդես եկան պատմական այն իրադարձությունների ակտիվ մասնակիցներըՙ ներկայումս Արցախի պետհամալսարանի ռեկտոր Համլետ Գրիգորյանը, բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանը, ուրիշներ, որոնք կոչ արեցին նորօրյա սերնդինՙ հաստատակամորեն շարունակել 88-ի փետրվարին ժողովրդի կամքով ամրագրված պահանջատիրության ուղենիշները:
Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները երթ կատարեցին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցվեց գոյամարտի նահատակների հիշատակին: Ստեփանակերտի կայազորային Սպայի տանը կազմակերպվեցին արցախյան շարժման վերաբերյալ ֆիլմերի ցուցադրումներ, իսկ երեկոյան մշակույթի եւ երիտասարդության պալատում կայացավ տոնական համերգ:
1988 թ. փետրվարի 20-ի ԼՂԻՄ 20-րդ գումարման մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի ընդունած որոշումը այն գագաթնակետն էր, որը սկիզբ դրեց ազգային-ազատագրական շարժման հետագա մեծ իրադարձությունների: Արցախի ժողովուրդը անցնելով փորձությունների միջով, կարողացավ ապացուցել գոյության իր իրավունքը: Եվ նույն այդ խորհուրդն է այսօր ուղղորդում ներկա սերնդին դեպի ազգային իղձի վերջնական իրականացում: Սա է թերեւս նաեւ մեր գոյապայքարի կարեւոր նվաճումներից մեկը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ