«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2005-02-18 | #30, 2005-02-19 | #31, 2005-02-22


ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Երեւանի քաղաքապետարանը չի շտապում պատասխանել դիմումներին

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այսօր անշարժ գույքի տարածքային ստորաբաժանումներում կընդունվեն այն քաղաքացիների վերջին դիմումները, որոնք որոշել են օրինականացնել ինքնակամ կառույցները: Վերջին մեկ ամսում այս կառույցի հատկապես մայրաքաղաքի ստորաբաժանումներում աննախադեպ հերթեր էին: Դիմումներն այստեղ օրական հասնում էին մինչեւ 600-700-ի: Անկախ այն բանից, թե որքանով հարթ եւ առանց խնդիրների ուղեկցվեց այս գործընթացն, այնուամենայնիվ, նրանք, ովքեր դիմումներ ներկայացրին, օրինականացման գործընթացի առաջին փուլն ավարտեցին: Ի՞նչ է լինելու հետո: Այժմ, երբ, ինչպես ասում են, գնդակը Երեւանի քաղաքապետարանի դաշտում է, այս հարցն են տալիս հազարավոր դիմումատուները: Սակայն, մինչ այս հարցի հնարավոր պատասխաններին անդրադառնալը, ներկայացնենք այստեղ ստեղծված կացությունը:

Մայրաքաղաքում ինքնակամ կառույցների թիվը հասնում է մոտ 120 հազարի: Դրանք եւ տեղաշարժված պատշգամբներ կամ մուտքի դռներ են, եւ ավտոտնակներ, եւ բնակելի շինություններ, եւ բիզնեսի օբյեկտներՙ բենզալցակայաններ, ռեստորաններ, բարեր, խանութներ եւ այլն: Ակնհայտ է, որ գերակշիռ մասը բնակելի շինություններն են, դրանց փոփոխված հատվածները, ավտոտնակները: Օրինականացման դիմումներ ներկայացրել են մոտ 26 հազար մարդ, դրական լուծում է ստացել միայն 10 հազար դիմում:

Ներկայումս քաղաքապետարանում շարունակվում են քննարկվել քաղաքացիների դիմումները: Թե ինչպես են ընթանում այդ քննարկումները, ինչ ստորացումների են ենթարկվում մարդիկ օրեր ու շաբաթներ տեւող հերթերում, ինչ ձգձգումներով է ուղեկցվում օրինականացման գործընթացը եւ ինչ ակնկալիքներ ունեն դրանից քաղաքապետարանի պաշտոնյաները, մեկ անգամ արդեն մեր թերթն անդրադարձել է («Ազգ», 11 փետրվարի, «Քաղաքապետն աչքերն իրո՞ք խոնարհել էր»): Այսօր այդ երեւույթները գործնականում չեն վերացել: Օրենքով նախատեսված ժամկետի վերջում դիմումների նման առատությունը հնարավորություն չի տալիս վերոհիշյալ պաշտոնյաներին արագորեն կողմնորոշվելու, թե որ դեպքում ինչպես վարվել: Բանն այն է, որ դիմումի ժամկետը լրանալուց 30 օր հետո, եթե օրինականացման կամ գրանցման մերժման մասին քաղաքապետարանի որոշում չի լինում, ապա տվյալ անշարժ գույքը համարվում է գրանցված: Զանգվածաբար, առանց սեփական շահ ունենալու եւ քաղաքացիներից դրամ կորզելու օրինականացնել գոնե որեւէ լուրջ խնդիրներ չառաջացնող բնակելի շինությունները, ավտոտնակներն ու, ասենք, կես մետր առաջ բերված բնակարանի մուտքի դռները կամ մեկ մետր առաջ բերված պատշգամբները, քաղաքապետարանում չեն ցանկանում: Նրանց հույսն այն է, որ դիմումների մեծ հոսքը պատճառաբանելով, կառավարությունից լրացուցիչ ժամանակ կստանան ուսումնասիրությունները շարունակելու, օրենքով նախատեսված 30 օրը չեզոքացնելու, օրինականացումն ամիսներ երկարաձգելու եւ վերը նշված տարբերակով իրագործելու համար: Ի վերջո, գումար «աշխատելու» այսպիսի լայն հնարավորություն հավանաբար էլ չի լինի:

Ինչպես արդեն նշեցինք, բացի դիմումներում նշվածներից, առկախ է մնում եւս շուրջ 100 հազար ապօրինի կառույցների ճակատագիրը: Քանդվելո՞ւ են դրանք, թե՞ մնալու են որպես ապօրինի շինություններ: Հիշեցնենք, որ այստեղ, բացի բնակչության կառուցած շինություններից, բազմաթիվ բիզնես օբյեկտներ կան, որոնք, որքան էլ տարօրինակ է, լինելով ապօրինի կառույցներ, միանգամայն օրինական գործունեություն են իրականացնում: Հարկ է նշել, որ այսպիսի ապօրինի կառույցներով մայրաքաղաքի հեղեղված լինելու պատճառը դարձյալ քաղաքապետարանն էՙ շինարարության թույլտվության խիստ բարդացված եւ կոռուպցիայի բազում սողանցքներ ունեցող համակարգով: Ինչից խուսափելու համար էլ տնտեսվարողներն ընտրում են ապօրինի շինարարություն կատարելու տարբերակը: Ամեն դեպքում «ի՞նչ է լինելու հետո» հարցն այստեղ նույնպես կա:

Արդեն դիմում ներկայացրածների դեպքում վերոնշյալ հարցի պատասխանը պետք է որ տարակարծությունների տեղիք չտա: 30 օրում քաղաքապետարանից պատասխան չստանալու դեպքում կադաստրի ստորաբաժանումները պարտավոր են կիրառել օրենքի նորմը եւ տվյալ օբյեկտները գրանցել: Սա գուցե դժգոհությունների մեծ տեղիք տա քաղաքապետարանում, քանի որ դրանով կվերանա գումարներ կորզելու հնարավորությունը, բայց գոհունակությամբ կընդունեն քաղաքացիները:

Ինչ վերաբերում է մյուս ապօրինի կառույցներին, ապա այստեղ նույնպես, բացառությամբ քաղաքի տեսքն ակնհայտորեն խաթարող կամ կոմունիկացիաների վրա կառուցված շինությունների, ամենատրամաբանական ելքն օրինականացնելն է: Ի վերջո, դրանց օրինականացմամբ համայնքապետարանները գույքահարկի տեսքով լուրջ մուտքեր կարող են ստանալ: Ամենահամեստ հաշվարկներով, դրանք մի քանի միլիարդ դրամ կկազմեն: Քանդված ճանապարհների, չբարեկարգված փողոցների, ձմռանը չմաքրված փողոցների, անմխիթար վիճակում գտնվող բակերի եւ բազմաթիվ այլ խնդիրների համար մշտական քննադատության արժանացող քաղաքապետարանին եւ համայնքապետարաններին այս գումարներն անհրաժեշտ չե՞ն: Կա որեւէ այլընտրանք, որ կգերակայի վերոնշյալ տարբերակին, եւ եթե դա ապօրինի կառույցների հարցն անվերջ չլուծված թողնելն է, ապա ո՞վ կամ ո՞ր կառույցն է լինելու դրա պատասխանատուն: Քաղաքապետն ու քաղաքապետարանը պատրա՞ստ են նման պատասխանատվություն ստանձնելու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4