«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2005-02-19 | #31, 2005-02-22 | #32, 2005-02-23


ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ, ՔԱՆ ԵՐԲԵՎԷ

Նշում է Հովիկ Աբրահամյանը

Նախօրեին մամուլում հրապարակված տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանիՙ լրագրողի հարցին տրված պատասխանում նշված է, որ եթե նախագահն առաջարկի իրեն վարչապետի պաշտոնը, ապա ինքը կմտածի այդ մասին: Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, ուստի այդ կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք նախարարին: Հովիկ Աբրահամյանը հետեւյալն ասաց.

- Դա սադրիչ հարց է եղել: Ինձ հարցրել են, ճի՞շտ է, որ վարչապետի առողջական վիճակի կապակցությամբ նրան պաշտոնից ազատում են եւ ինձ են առաջարկելու: Ես հարցին հարցով պատասխանել եմ, թե ո՞վ է առաջարկել կամ վարչապետն ի՞նչ առողջական խնդիր ունի: Ասել եմ, որ նման բան չի եղել: Նախագահն ինձ ոչինչ չի առաջարկել:

Ես կրկին ցանկանում եմ նշել, որ նախագահից որեւէ նման առաջարկ չի եղել, ես նման նպատակ չեմ ունեցել եւ չունեմ: Այնուհետեւ, ես ընդամենը կիրակի երեկոյան եմ վերադարձել գործուղումից, իսկ երկուշաբթի օրը եկել եմ Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերին առնչվող կոնֆերանսին մասնակցելու: Կառավարության այսօրվա ներքին մթնոլորտը շատ կայուն է, վարչապետի դիրքերը առավել ամուր են, քան որեւէ այլ ժամանակ: Մեր միջեւ կռիվ գցել, ջուր պղտորել չի հաջողվի: Վարչապետի հետ մեր հարաբերությունները ջերմ են եւ շատ աշխատանքային, մենք նույն կուսակցության անդամներ ենք, նա իմ կուսակցության ղեկավարն է, եւ եթե նման բան իմ մտքով անցնի, դա իրոք տմարդի կլինի: Ես այնքան բարոյական մարդ եմ, որ նման քայլի կյանքում չեմ գնա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4