«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2005-02-19 | #31, 2005-02-22 | #32, 2005-02-23


ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱԼԵՊԻՑ ԵՎ ... ԹԲԻԼԻՍԻԻՑ

Վենետիկի Սբ. Ղազարի վանքի Մխիթարյան միաբան հայր Հարություն Պզտիկյանին հանդիպեցինք Մերձավոր Արեւելքի հայկական գաղութներ կատարած այցից հետոՙ Երեւանում: Սիրիական ու լիբանանյան այս ուղեւորությունը «Պարադիզ» ընկերության տնօրեն Մարտուն Ադոյանի եւ մի քանի անդամների հետ նպատակ ուներ նրանց ծանոթացնելու Սիրիայի հնագույն պատմամշակութային վայրերինՙ պայմանավորված «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» դյուցազնավեպի մոտիվներով գեղարվեստական ֆիլմ նկարահանելու հանգամանքներով: Սիրիայում այս առիթով եղան հանդիպումներ պետական մարմինների եւ կինոգործիչների հետ: Ֆիլմը մտահղացողները Խորենացու «Հայոց պատմության» մեջ հիշատակվող հայոց արքա Արայի եւ Ասորեստանի թագուհուՙ Շամիրամի հարաբերությունների մեզ հայտնի պատմությունը կինոնկարի միջոցով միջազգայնացնելու փորձ են ուզում անել:

Այս ընթացքում Պզտիկյան վրդ-ը առիթ ունեցավ կրկին հանդիպելու իրեն քաջածանոթ հալեպահայ ընտանիքներին, նաեւ բանախոսությամբ հանդես գալու Հալեպի Արամ Մանուկյան կենտրոնի «Լեւոն Շանթ» սրահումՙ «Ազգային գաղափարախոսություն» թեմայով: Իր տպավորությունը Մերձավոր Արեւելքի հայկական գաղութներից նա ներկայացրեց ոչ այնքան լավատեսորեն: «Մեծութենեն ավելի ջերմությամբ աչքի զարնող սիրիահայ գաղութը շատ փոխված նկատեցի այս անգամ, նոսրացած էր կարծես, մնացած են հայերու այն մասը, որ ազգայնական զգացմունքներեն մեկնելով չեն ուզեր ԱՄՆ կամ Եվրոպա մեկնիլ իրենց զավակները չայլասերելու համար, անոնց մեջ մարդիկ կանՙ հատկապես արհեստավորական խավեն, որ բռնած են Հայաստանի ճամփան: Այդ եկողները դրամ ունին եւ կարող են հոս ուրիշներու ալ առիթ տալ աշխատանք ունենալու: Շատերը ժամանակավորՙ 10 տարվա վիզա առնելու համար կդիմեն հյուպատոսարան: Սիրիահայ համայնքն ահագին ճիգ կընե վերապրելու, նոր բարեգործական կեդրոն բացած է, մշակութային ձեռնարկներ կընե: Բայց Միջին Արեւելքի հայ գաղութները, կկարծեմ, նախկին փայլքը չունին եւ կկարոտին Հայաստանի կառավարության ուշադրության: Բան մը պիտի փոխվի ու այդ փոփոխությունները Հայաստանեն պիտի ըլլան: Հայաստանի կառավարություն պետք է, որ արթննա»:

Երեւան գալուց մի քանի օր անց Թբիլիսիում հայկական եկեղեցիների նկատմամբ սրբապղծություններն ու վանդալիզմը մղեցին նրան Վրաստանի մայրաքաղաք եւ վերադարձին իրՙ ականատեսի տպավորությունները ներկայացնելով «Ազգին», հաստատեց դրանք լուսանկարային փաստերով. «Թիֆլիս ուղեւորվեցա հետաքրքրվելու համար այն աղմուկին, որ թերթերը բարձրացուցեր էին, թե վրացիները սկսեր են հայկական եկեղեցիները յուրացնել, տեղահանել հայկական գերեզմանաքարերը եւ փոխարենը վրացականը դնել: Աչքովս տեսա այդ սրբապղծությունները, թե ինչպես ճիշտ իրենց հոգեւոր կեդրոնիՙ Ժառանգավորաց դպրոցի դիմաց հայկական Նորաշեն եկեղեցին լքված վիճակի մեջ դրեր էին, տեսա Կարմիր Ավետարան եկեղեցին, որ պայթեցուցած են ուժանակով (դինամիտ) եւ այլ եկեղեցիներ, որ գրավված եւ վրացական եկեղեցի էին դարձուցած:

Այս վայրագությունները զայրույթ առաջացուցած են տեղի հայ համայնքին մոտ, եւ վրացահայոց թեմի առաջնորդարանը սկսած է հետաքրքրվիլ, մամուլը տեղեկացնել, ցույց տալ զեղծարարությունները, նամակներ գրել Վրաստանի նախագահին, վարչապետին: Խումբ մը ազգասեր, նվիրված տղաքՙ Սունդուկյանի թատրոնի տնօրենը, պատգամավորներ, կհետապնդեն, որ այս անարժան վրացի զեղծարարնեը ոչ միայն ձեռքերնին ետ քաշեն, այլեւ պատժվին: Գլխավորապես այս գործի գլուխ վրացի կղերներն են անցած, մոլեռանդորեն հարձակած են եկեղեցիներու վրա, մեկ հատը պայթեցուցած են, մեկ ուրիշը կրակի տված. աչքովս տեսա եւ նկարեցի: Կարծեմ օրերս վրացական հեռատեսիլին 1-ին ալիքով հարցազրույց պիտի տեղի ունենար հայր Աբգար վրդ. Հովակիմյանի հետ, որ առաջնորդական տեղապահն է:

Կհուսամ, որ այս ահազանգը նպատակին հասնի եւ դադրի այս ջարդարար գործը եւ վրացիք զգաստանան, քանի որ Վեհափառն ալ արդեն տեղյակ է այս գործողություններուն»:

Այնուամենայնիվ, Վրաստանի մայրաքաղաքը Մխիթարյան միաբանին տպավորել էր հատկապես իրենց լեզվի նկատմամբ հոգատարության եւ ուշադրության գիտակցության դրսեւորումներով (Թբիլիսիում գրությունների վրացերեն ակնհայտ տիրապետումը):

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4