Հայացք հայերենի մի քանի դրսեւորումներին
Երբեք լեզվի անկարեւորության այսպիսի հուսահատ զգացողություն չէի ունեցել, որքան հիմա: Մինչդեռ կային ժամանակներ, երբ հարցնում էին, թե ի՞նչն է ներքին ամենամեծ սերդ, ու երբ ասում էի հայերենը, տարօրինակ էր ընդունվում ու տարակուսելի: Ցավալիորեն հիմա ավելի քան անտեղի են հնչում 20-րդ դարասկզբի հայ բանաստեղծի խոսքերը, թեՙ «Վտարանդի երկրում աղոտ/ Լուսեղ քեզ եմ որոնում/ Եվ հնչում է որպես աղոթք/ Արքայական քո լեզուն/:
Քանիսի՞ն այսօր կգտնենք, որ նման հպարտություն է կրում, գործնական ու անձնական մանր ու մեծ շահերի հայկական այս մոլուցքի մեջ: Ուղղագրության մասին խոսում ես, ասում ենՙ դրա ժամանակը չէ, լեզվի մասին ես հիշեցնում, ասում ենՙ ավելի կարեւոր բաներ կան, բարոյականության մասինՙ հնացած է որակվում. լուսանցքային մտքեր, անկարեւոր մտահոգություններՙ կառուցապատումների, տնտեսական աճի, բանկային զարգացո՜ղ համակարգի կողքին: Նոր հայերը նոր մտայնություններ են բերումՙ խաղի իրենց հատուկ կանոններով: Ցավալիորեն այս նոր մտայնությունները բերում են իրենց յուրահատուկ լեզունՙ անկենդան, ոգեզուրկ, հասարակՙ գռեհկության աստիճանի, ու այդ լեզուն մուտք է գործում հեռուստաեթեր, տպագիր խոսք, գրականություն, եւ մենք լռելյայն կուլ ենք տալիս այս նոր կերակուրը:
Լեզվի գլխավոր գործառույթն, իհարկե, հաղորդակցման գործառույթն է, սակայն ընկալել դա միայն ուտիլիտա՞ր նշանակությամբ: Լեզուն, իբրեւ մշակութային եւ հասարակական տարաբնույթ իրողությունների հիմնական կրող, ապահովում է սերունդների հաջորդականության կապը եւ դառնում ազգային դիմագծի, ասել է, թե ազգային ինքնության հիմնաքարը: Մեր հաղորդակցումը դարերի հետ կայանում է հայերենովՙ մեզ ավանդված վավերագիր պատմության, մատենագրության շնորհիվ:
Քննելով լեզվի հաղորդակցման գործառույթըՙ անկարելի է ցավով չանդրադառնալ դրա այսօրվա անառողջ ու անկատար վիճակին: Որոշ, նույնիսկ խոսակցականի մակարդակներում դա անցել է թույլատրելիի սահմանները, որ հղի է վտանգավոր հետեւանքներով: Ասածի վկայությունը երիտասարդության մի շերտում տարածված լեզուն է. բառերի կոտրատված, կիսատ-պռատ հյուսվածքային կապակցությամբՙ ճիշտ եւ ճիշտ համարժեք սոցիալական այդ խմբի հոգեբանական վիճակների, բարոյական, մտային ներքին «արժեքներին»: Ցավալիորեն, այդ երեւույթը մուտք է գործում մեր կրթական համակարգ նույնպես եւ ուսանողությանն ու աշակերտությանը վարակում այդ ախտով: Իսկ որ անհանդուրժելի էՙ լեզվական նման տարրերը թափանցել են նաեւ հեռուստառադիոեթեր եւ մամուլ:
Մեր որոշ օրաթերթեր եւս տուրք են տալիս լեզվի այս հասարակացմանը, հեռուստատեսությունում կատարյալ քաոս է (մասնավոր, նկատի ունենք գովազդի, սերիալների թարգմանության եւ զվարճալի ու երաժշտական գրեթե բոլոր հաղորդումների լեզունՙ «Բեռնարդ Շոու», «Աստղային պատերազմներ», «Թաքնված տեսախցիկ», «Սոուս» եւ այլն), վերջիններս լեզվի ժարգոնային շերտը օգտագործում են իբրեւ գեղարվեստական հնարանքՙ լեզվական կոլորիտ ստեղծելու նպատակով, որը սակայն արդարացված չէ:
Չնայած թվարկված հաղորդումներն իրենց բովանդակությամբ, ներկայացված թեմաների մակարդակով (եթերային ժամը լցնել անմիտ, պարզունակ, թեթեւսոլիկ, կենցաղային գռեհկաբանություններով) համապատասխանում են մատուցվող լեզվին, սակայն հաճախակի հեռուստաեթերից լսվող նման խոսքը հանրային գիտակցության վրա տիրապետող ազդեցություն ունի եւ ընկալվում է իբրեւ ճշմարտություն կամ առնվազն ընդունելի:
Վերջերս «Հ1»-ով ցուցադրվող ֆիլմերը ներկայացվում են հայերեն թարգմանությամբ, իհարկե, ժարգոնային լեզվի բացակայությամբ, սակայն խղճուկ ու թերի ենՙ համեմված բազմաթիվ սխալներով: Գովազդի հայերենը մի առանձին խոսակցության թեմա է, հայերեն մատուցվելու փոխարեն գովազդվում է, ասենք, հայերեն քայլելը եւ այլ նման անհեթեթություններ:
Հայերենը խոցելի ու անպաշտպան է նաեւ պետական մակարդակներում, եւ ամեն օր ոտնահարվում է պետական շատ գերատեսչություններում, հատկապես Ազգային ժողովում եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից: Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը` նույնինքը, որ ընդունել է «Լեզվի մասին» օրենքը, ի տես եւ ի լուր ամենքիս հաճախ շրջանցում է այդ օրենքը: Պատգամավորական ամբիոնից պարբերաբար հնչում է աղավաղված հայերեն: Մեր շատ պատգամավորներ հեռուստատեսային հարցազրույցները կամ մամուլի ասուլիսները դեռ շփոթում են փողոցային նախկին խոսակցությունների հետ ու հարցերը պարզաբանում լեզվական այդ նույն մակարդակով: Դրա լավագույն օրինակը վերջերս ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի մամուլի ասուլիսին հնչած հայերենն է. «Գետնի, մետլախի վրա էինք քնում: Ես էլ առաջի օրը տեսաՙ կողքի սենյակը սենց փոքր խալիներ կան: Բերի, քցի տակս, ադյալը քաշի վրես ու քնա: Մի երկու հատ էլ գիրք կարՙ դրի գլխիս տակ: Մեկել դրանց ղըլը-բըլը լսաՙ ասիՙ ի՞նչ ա, արա, ի՞նչ եք ուզում: Պարզվավՙ էլ իրենց աղոթքի շորերն աՙ ոտների տակ քցելու համար: Իրեք ժամը մեկ դրանց ոռնոցը լսվում է, ասում էինքՙ ըհը, իրեք ժամ էլ անցավ» (մեջբերումը «Առավոտ» օրաթերթից): Պատգամավորի այս խոսքը բացի լեզվական չիմացությունից ունի նաեւ քաղաքական եւ բարոյական կողմ: Մերժելի է պետական գործչի նման անհարգալի վերաբերմունքը կրոնական եւ որեւէ դավանանքի պատկանող ժողովրդի նկատմամբ. սա նույնպես տգիտության հետեւանք է:
Լեզվական մեկ առանձին շերտ է կազմում արդի գեղարվեստական գրականության լեզուն, որը փորձում է արտացոլել այսօրվա կյանքային նատուրալիզմըՙ իբր հաճոյանալով գերմոդեռնիզմին, բանաստեղծության եւ արձակ էջերը ողողելով գռեհկաբանությամբ, լեզվական կեղծ ազատությամբ (գրել ժողովրդի համար, ժողովրդի լեզվով, ժողովրդի սրտիցՙ ԱԼՄ-ական մոտեցումներով), իսկ նյութըՙ մարմնականության տենդ, կրքի զառանցանք: Այսօրվա հայ մոդեռն գրողները գրականությունը դարձրել են իրենց սեռային մտավարժանքների փորձադաշտ: Ազատության եւ առաջադիմության (իրենց ասելովՙ գավառականությունից դուրս գալու փորձեր) նման ջատագովները դեռ շատ են հեռու իրական արվեստ ստեղծելուց, որը մարդուն ներքին ազատագրման ճշմարիտ սահմաններին մերձեցնող ուղիներից մեկն է:
Լեզվամշակութային ծրագրավորված այս քաղաքականությանՙ անհատականությունը սպանող այս մասսայականացման նպատակն ի վերջո մարդկային գիտակցության հասարակացումն էՙ հեշտ կառավարելի դարձնելու համար: Իմ խորին համոզմամբ ամեն ինչ սկսվում է լեզվից, եւ բոլոր այն նատուրալիստական միտումները, որ այսօր առկա են մեր մշակութային իրականությունումՙ երաժշտության, գրականության, ճարտարապետության մեջ, ածանցյալ հետեւանքն են լեզվի հասարակացման, սնանկացման ու գռեհկացման:
Ահա այսպիսի պատկեր է ներկայացնում արդի հայերենի դրսեւորումները մեր կյանքի տարբեր ասպարեզներում (լեզվական դրական դրսեւորումներն առայժմ շրջանցում ենք): Մենք կփորձենք հանդիպել այս հարցերով շահագրգիռ մտավորականներինՙ պարզելու նրանց վերաբերմունքն այսօր իրականացվող լեզվական ու մշակութային քաղաքականության վերաբերյալ, լեզուն դիտարկել ինչպես հաղորդակցման միջոց, այնպես էլ հոգեւոր իրողություն, կենդանի օրգանիզմ, որն իր մեջ կրում է ազգային մշակույթ, պատմություն, ճակատագիր, հոգեբանություն: Մինչ այդ վերհիշենք 20-րդ դարասկզբին հայ իրականության ծանրագույն ժամանակներում Վահան Տերյանի մտորումներից.
«Հնարավո՞ր է մի այդպիսի պատկեր այլ «փոքր» ազգերի մեջ, հնարավո՞ր է, որ մի լեհ ինտելիգենտ կամ բուրժուա, մանավանդ լեհ ազգի ներկայացուցիչը լինելու հավակնություն ունեցող մի բուրժուա ինտելիգենտ իշխան լեհերեն չիմանա:
Ինչպե՜ս մի Վիլեզովսկի կամ Զամոյսկի չիմանա լեհերե՞ն, մի Դմովսկի կամ Պատոցկի չիմանա Լեհաստանի հեռավոր նկարչությո՞ւնը, երաժշտությունը, այն հոգեւոր երկիրը, որ կենդանություն է տալիս մարմնավոր նյութական Լեհաստանին:
Ո՛չ, այդպիսի բան չի կարող պատահել երբեք, դա անհնար է մի լեհացու համար:
Ասում եմ այդ նրա համար, որ մեզանում շարունակ այս երգն են երգում... Պայմաննե՜ր... Ներեցեք, նույն պայմանները չեն խանգարում ահա լեհերին կամ մալոռուսներին իրենց լեզուն, իրանց գրականությունը, իրանց պատմությունն ու իրանց արվեստը սիրելու եւ ճանաչելու»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Հ.Գ. Զավեշտականն այն է, որ այդ նույն խորհրդարանը, որի որոշ անդամներ անարգում են հայերենը, ուզում են «հայերենը հռչակել տոն»:
Ի՞նչ տոնՙ լեզվով աղքատացման ու աղավաղման տո՞ն գուցե: Ապրել է պետք այդ լեզվով, ստեղծագործաբար ապրել եւ ապրեցնել...