«Ես նկարում եմ նկարներ, եւ այդ նկարներով աշխատում եմ հաղորդել իմ սերն ու ջերմությունը: Ունկնդիրը դա տեսնում եւ գնահատում է»:
Աբստրակտ նկարչուհի Արեւիկ Մկրտչյանը ծնվել է Էջմիածնում, ավարտել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1985 թ.-ից ունեցել է մի շարք անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ: 2001 թ. մայիսի 18-ին Էջմիածնի Մհեր Աբեղյանի անվան ցուցասրահում բացվեց նրա անհատական ցուցահանդեսը:
«Ո՞վ եմ ես: Ինքս էլ չգիտեմ: Այս հարցն ինձ էլ է հետաքրքրում, ինձ համար պարզ կլինի, թե ով եմ ես, անպայման ձեզ էլ կհայտնեմ: Թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում պարզ եմ, անկեղծ ու սիրում եմ ճշտապահությունը»:
- Ի՞նչ ոճով եք աշխատում:
- Ասել, թե աշխատում եմ աբստրակտ ոճում, սխալ կլինի, որովհետեւ աբստրակտը շատ լայն ու մեծ հասկացություն է: Ես նկարում եմ ֆիգուրատիվ աբստրակտ ոճում: Հիմնականում համատեղում եմ մանրանկարչությունն աբստրակտի հետ:
Ունեցել է անհատական ցուցահանդեսներ, մասնակցել խմբակային ցուցահանդեսների Հայաստանում եւ արտերկրում: 2003 թ. մասնակցել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի ունեցող ամենամյա «Բիենալե» մրցանակաբաշխությանը:
«Մրցանակաբաշխության կազմակերպիչներից Ջոն Սփայքը տեսել էր աշխատանքներս ինտերնետային էջում եւ հեռախոսով խոսեց ինձ հետ: Նա առաջարկեց իրեն ուղարկել նկարներիս պատճենները: Երկու շաբաթ հետո ստացա մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավեր»:
Մրցանակաբաշխությունը սկսվեց դեկտեմբերի 2-ին եւ տեւեց մինչեւ դեկտեմբերի 18-ը: Մրցանակաբաշխությանը մասնակցում էին տարբեր երկրների 250 ստեղծագործողներ: Հայաստանը ներկայացնում էր Արեւիկը, որը ցուցադրեց «Երաժշտություն» շարքը:
«Տպավորություններս հրաշալի են: Հիմա էլ, հիշելով այդ օրերը, մեծ բավականություն եմ ստանում: Մրցանակաբաշխությունը շատ լավ էր կազմակերպված: Արժանացել եմ երկու դիպլոմի, ծանոթացել տաղանդավոր շատ նկարիչների հետ:
2004 թ. մայիս-հուլիս ամիսներին եղել եմ Կանադայում: Մասնավոր ցուցահանդեսներում ներկայացրել եմ իմ աշխատանքները: Այնտեղ տեղի հայ բարերարների աջակցությամբ ունեցել եմ անհատական ցուցահանդես եւ ցուցահանդես-վաճառք: Ստացել եմ նոր հրավեր Կանադայից, ունեմ հրավեր Իտալիայիցՙ մասնակցելու «Բիենալե 2005»-ի մրցանակաբաշխությանը: Ցավոք, մտավախություն կա, որ չկարողանամ ընդունել այդ հրավերները, որովհետեւ ֆինանսական հնարավորություններ չկան: Մշակույթի նախարարությունը մերժել է ֆինանսապես աջակցել ինձ: Այժմ դիմել եմ Վեհափառին: Հուսով եմՙ նա կաջակցի»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ