ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային հերթական ցուցակը: Հունվարի համեմատ ցուցակում փոփոխություններն այնքան էլ շատ չեն, թեեւ առանձին հավաքականների ցուցանիշների վրա վերջերս կայացած ընտրական եւ ընկերական հանդիպումների արդյունքներն ազդել են: Հայաստանի ազգային հավաքականը, որն արդեն 3 ամիս ոչ մի խաղ չի անցկացրել, պահպանել է իր դիրքը ցուցակումՙ զբաղեցնելով 120-րդ տեղը: Ճիշտ է, հունվարի համեմատ մեր հավաքականի վարկանիշը մեկ միավորով նվազել է:
Հունվարի համեմատ ամենամեծ առաջընթացը գրանցվել է Ուկրաինայի եւ Չադի հավաքականների մոտ, որոնք 8 հորիզոնականով վեր են բարձրացելՙ վարկանիշն ավելացնելով համապատասխանաբար 15 եւ 25 միավորով: Զգալի փոփոխության է ենթարկվել ՀՀ հավաքականի մրցակից Ֆինլանդիայի ընտրանու ցուցանիշը: Ֆինները 16 միավորով ավելացնելով վարկանիշը, 5 հորիզոնականով վեր են բարձրացելՙ զբաղեցնելով 38-րդ տեղը: Ցուցակում 5 տեղով առաջընթաց են ապրել նաեւ Եվրոպայի չեմպիոն հույները (13-րդ տեղ), Կանադայի (85-րդ տեղ), Գաբոնի (107-րդ տեղ) հավաքականները: Մակեդոնիայի հավաքականի հետ ոչ-ոքի արդյունքը Անդորրայի ընտրանուն թույլ տվեց վարկանիշն ավելացնելու 11 միավորով եւ 2 տեղով վեր բարձրանալուՙ զբաղեցնելով 139-րդ հորիզոնականը: Ընտրական մրցաշարում մեր հավաքականի մյուս երկու մրցակիցներըՙ չեխերն ու հոլանդացիները նախկինի պես լավագույն տասնյակում պահպանել են դիրքերը: Ռումինացիները մնացել են 28-րդ տեղում, իսկ մակեդոնացիներըՙ 93-րդ հորիզոնականում: Լավագույն տասնյակում էլ փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները.
1. Բրազիլիա | 840 |
2. Ֆրանսիա | 789 |
3. Արգենտինա | 783 |
4. Չեխիա | 776 |
5. Իսպանիա | 764 |
6. Մեքսիկա | 755 |
Հոլանդիա | 755 |
8. Անգլիա | 749 |
9. Պորտուգալիա | 745 |
10. Իտալիա | 738 |
32. Ռուսաստան | 650 |
48. Ուզբեկստան | 596 |
49. Ուկրաինա | 595 |
64. Բելառուս | 562 |
67. Լատվիա | 560 |
80. Էստոնիա | 524 |
96. Թուրքմենստան | 489 |
100. Լիտվա | 471 |
102. Վրաստան | 464 |
115. Մոլդովա | 431 |
117. Ադրբեջան | 430 |
120. Հայաստան | 401 |
136. Տաջիկստան | 353 |
149. Ղազախստան | 312 |
152. Ղրղզստան | 293 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ