Հուլիսի 1-ից ստուգվելու են ֆիզիկական ու իրավաբանական անձանց բանկային կասկածելի գործարքները
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հուլիսի 1-ից բանկային համակարգում շրջանառության մեջ կմտնի նորույթ, որ թելադրված է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին անցած տարվա դեկտեմբերի 14-ին ընդունված օրենքով:
Դա նշանակում է, որ մեր բանկերը եւս, միջազգային ֆինանսական համակարգում ընդունված չափանիշներով, կանխարգելիչ միջոցներ պիտի ձեռնարկեն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ: Դա իրականացնելու լիազորությունը դրված է Կենտրոնական բանկում հիմնված ֆինանսական դիտարկումների կենտրոնի վրա:
Հայաստանում, ըստ ԿԲ-ի գլխավոր իրավական խորհրդական Փիրուզ Սարգսյանի, նման խնդիրներ չկան, բայց ոչ մի երկիր եւ ոչ մի ժամանակ դրանցից ապահովագրված չէ: Կլինեն մարդիկ եւ սուբյեկտներ, որոնք իրենց կեղտոտ փողերը կցանկանան լվանալ Հայաստանում կամ ահաբեկչությամբ վարակված աշխարհում նարկոբիզնեսի, զենքի վաճառքի միջոցով ձեռք բերած միջոցները կուղղեն դրա ֆինանսավորմանը:
Ներդրումը կամ ավանդը կասկածելի կամ դիտարկվելու ենթակա կլինի, եթե գերազանցում է 20 մլն դրամը, իսկ անշարժ գույքի գործարքների դեպքում` 50 մլն դրամը: Մի խոսքով, հուլիսի 1-ից ֆիզիկական եւ իրավաբանական անձինք հայտարարագրեր պիտի ներկայացնեն բանկում ներդրվող իրենց միջոցների ծագման աղբյուրների մասին, եթե դրանք գերազանցում են գումարային նշված սահմանները:
Այդ դեպքում բանկային գաղտնիք ասվածը խոցելի է դառնալու միայն որոշակի սահմաններում` հաշիվներ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց բանկային գաղտնիքը պահպանվելու է նույնիսկ այն դեպքում, երբ բանկի եւ հաճախորդի գործարքը ֆինանսական դիտարկումների կենտրոնը կասկածելի է համարել եւ արդեն համապատասխան միջոցներ է ձեռնարկել դրանք ստուգելու համար: «Բայց մինչեւ կենտրոնը համարժեք գնահատական չտա, որ գործ ունենք հանցադեպի հետ, տեղեկատվության հոսք չի լինի: Ռեժիմը փակ է մնում նույնիսկ գործը իրավապահ մարմիններին հանձնելուց հետո: Տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ, մինչեւ գործով վճռի կայացումը», ասում է ԿԲ-ի գլխավոր իրավախորհրդատուն:
Գործարքը կասկածելի կհամարվի նաեւ այն դեպքում, եթե, ասենք, հաճախորդը փորձում է ավանդ ներդնել մի ուրիշ անձի օգտին, կամ եթե պարզ չէ հաճախորդի գործունեության բնույթը, թե ինչով է զբաղվում:
Բնականաբար, նկատի են առնվել նաեւ այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսին են սփյուռքից մեր հայրենակիցների դրամական փոխանցումները: Դրանք կասկածելի չեն համարվի, եթե չեն գերազանցում 5 մլն դրամի փոխարժեքը: Իսկ եթե մեր հարազատը սահմանվածից կրկնակի ավելի գումար է փոխանցում հայրենիքում բիզնես սկսելու նպատակով, ապա նա պարտավորված կլինի հիմնավորող փաստաթղթեր ներկայացնել բիզնես պլանի կամ այլ նպատակի, մի խոսքով, իր գումարի ծախսի ճակատագրի մասին:
Կարեւոր հանգամանք է դառնալու նաեւ փոխանցող երկրի վարկը փողերի լվացման դեմ պայքարում արձանագրած հաջողությունների ու պայքարի ասպարեզում: Եթե ավանդադրումը հարաբերականորեն վստահելի երկրից է, համարժեք վերաբերմունք կցուցաբերվի նաեւ ավանդադրողին:
Ինչ վերաբերում է սովորական, հիմնարկից հիմնարկ կատարվող փոխանցումներին, այս դեպքում եւս հաշվի է առնվելու տվյալ հիմնարկի վարկը: Բայց այս դեպքում դժվար է բացառել, որ այս հանգամանքը չի չարաշահվի կամ շահարկվի:
Ավանդ ներդնողը չի էլ իմանա, որ իր գործարքը հետազոտվում է ԿԲ-ի մարմնի կողմից եւ հատուկ վերլուծության ենթարկվում, որովհետեւ բանկը կարող է սխալվել իր հաշվարկներում, իսկ ավանդատուն այդ ընթացքում, բնականաբար, տհաճ ապրումներ կունենա:
Իհարկե, բացառված չէ նաեւ, որ բանկերի հանդեպ համատարած անվստահության մթնոլորտում, նույնիսկ ամենաազնիվ նպատակներով, նշված սահմանները գերազանցող գումարներով աշխատող անձը կամ սուբյեկտը նման նորարարությունից հետո կխուսափեն բանկերի հետ գործ ունենալ` ավելորդ խնդիրներից ու քաշքշուկներից ապահովագրվելու համար:
Համենայն դեպս, ԿԲ-ն մինչեւ հուլիսի 1-ը յուրօրինակ ամնիստիա է հայտարարել, ըստ որի մինչ այդ բանկային համակարգ մտնող ավանդները կասկածելի չեն դիտարկվի, այսինքն նշված գումարներից ավելի ավանդադրումները հիմնավորումների ու ստուգումների չեն ենթարկվի:
«Մենք գնում ենք դեպի սպասարկման քաղաքակիրթ սկզբունքներ, այս նորույթը դրսում եւ ներսում միայն պիտի բարձրացնի վստահության մակարդակը», այս կարծիքին են մեր բանկիրները:
Համենայն դեպս, դեռ պարզ չէ, թե ինչպես, ինչ մեթոդներով է ստուգվելու գործարքների ազնվությունը: Այս պահին դեռ այդպիսի չափորոշիչներ սահմանված չեն: Մեզ տեղեկացրին, որ ԿԲ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել, որ մինչեւ նորույթի ուժի մեջ մտնելը մշակում է ներկայացված փաստաթղթերի ստուգման մեխանիզմը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ