Թեպետ սոցիալական քարտերի բաժանումն արդեն բավական կանոնավոր հունով է ընթանում հակառակ մարդկանց ճնշող մեծամասնության ցանկության, դժգոհությունների ալիքն օրեցօր ավելի է մեծանում: Երեւի դա կապված է այն բանի հետ, որ սոցիալական քարտերի կիրառման ժամանակ հանդիպում ենք եւ դեռ կհանդիպենք բազմաթիվ խնդիրների: Խնդիրներ, որոնց մասին պատասխանատուները սոցիալական քարտերի բաժանման գործընթացը սկսելուց առաջ գրեթե չէին բարձրաձայնում:
Երեկ կառավարության շենքի մոտ մարդկանց մի հոծ խումբՙ «Սոցիալական քարտերը սահմանափակում են մեր սահմանադրական իրավունքները», «Հետ տվեք մեր խոսքի ազատությունը», «Մի՛ բռնադատեք մեր համոզմունքը», «Պահանջում ենք խղճի ազատություն» եւ նման ցուցապաստառներով կրկին բողոքի ցույցի էր ելել: Ինչպես ասաց ցուցարարներից մի կին, իրենք որեւէ կազմակերպություն չեն ներկայացնում, հասարակ քաղաքացիներ են, որոնք չեն կարող չդժգոհել, երբ իրենց պարտադրաբար «հրամցվում են» սոցիալական քարտեր: Առաջին շարքերում կանգնածներից մի տատիկ խիստ զայրացած բղավում էր. «Լավ բան ա՞, դուք վերցրեք, դուք որ չեք վերցնում, մեզ ինչի եք պարտադրում»:
Ցուցարարների մի խումբ էլ անկյունում կանգնած երիտասարդներին բացատրում էր, թե այս քարտերը, որ մեզ են տալիս, բացարձակ կապ չունեն աշխարհի մյուսՙ զարգացած երկրների սոցիալական քարտերի հետ: «Դրանք ապահովագրման եւ նման այլ կարեւոր հարցերի համար նախատեսված քարտեր են, իսկ սրանք ուրիշ բաներ են, դուք ջահել եք, չեք հասկանում», ասում էր խմբից մի կին: Կարծիքները, թե սոցքարտերն աշխարհի շատ երկրներում ընդունված են եւ ոչնչով չեն խանգարում, դեռ մի բան էլ խոսում են տվյալ երկրի զարգացած լինելու մասին, բավական հեռու են իրականությունից, քանի որ սոցքարտերի բերած, մեղմ ասած, տհաճ հետեւանքներին մենք դեռ բազմաթիվ առիթներ կունենանք անդրադառնալու:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ