Սարյանի արվեստը վաղուց արդեն մտել է համաշխարհային մշակույթի սահմաններից ներս, սակայն անգամ արվեստի բարձրագույն չափանիշները հատած ստեղծագործությունները, որքան էլ ճանաչելի եւ ուսումնասիրվածՙ ամեն եկող սերնդի համար նորովի բացահայտումներ ունենում են, անկասկած:
Փետրվարի 28-ին լրանում է մեծանուն հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակը: Այս առիթով մենք հանդիպեցինք արվեստաբան Շահեն Խաչատրյանինՙ նկարչի ստեղծագործության հետ կապված որեւէ նորության ակնկալիքով (հայտնի է, որ նա երկար տարիներ նվիրվել է Մ. Սարյանի արվեստին): Այժմ Շահեն Խաչատրյանը Սարյանի հետ իրենց մտերմության տարիների գրառում-օրագրությունները պատրաստում է հրատարակության, որի լույս աշխարհ գալը հնարավորություն կտա ընթերցողին Սարյանին տեսնել մեկ այլ ասպեկտով, ավելի մտերմիկ զգալ նկարչի շունչը, ծանոթանալ նրա աշխարհընկալումներին, բնափիլիսոփայական հայացքներին, աշխատելաոճին:
Շահեն Խաչատրյանի օրագրություններից մի հատված Կոմիտասի դիմանկարի ստեղծման պատմության վերաբերյալ «Ազգ»-ը կներկայացնի արվեստագետի ծննդյան օրըՙ թերթի վաղվա մշակութային ներդիրում, իսկ մինչ այդ ներկայացնենք մի պատմություն 1939 թ. Մոսկվայում կայացած գյուղատնտեսական մի ցուցահանդեսի հայկական տաղավարի համար Սարյանի ստեղծած «Հայաստան» որմնանկար-պաննոյի առնչությամբ:
Ներկայացված բազմաթիվ աշխատանքների մեջ Սարյանի մեծադիր ստեղծագործությունը (հիսուն քմ) ցնցող տպավորություն է թողնում, եւ հայտնի արվեստաբան Բորիս Տերնովեցը (որ այն ժամանակ արտասահմանյան ցուցահանդեսների կազմակերպիչն էր, որ նաեւ 1924 թ. Վենետիկի բիենալեի սովետական տաղավարի պատասխանատուն էր, ի դեպ, այդ նույն XIV բիենալեի ֆրանսիական տաղավարի պատասխանատուն Էդգար Շահինն էր):
Նկարագրելով հայրենի բնաշխարհի ներշնչանքով ստեղծված կտավըՙ «Սովետական արվեստ» հանդեսում 29.08.1939 թ. Տերնովեցը գրում է. «Բնանկարը, իբրեւ տաղավարի դեկորատիվ ձեւավորման թեմա, ցուցահանդեսներին հաճախակի հանդիպող երեւույթ է: Կարելի է նշել հետաքրքրական եւ հաջող մի շարք լուծումներ, սակայն որեւէ տեղ չենք հանդիպի այնպիսի ներշնչված ու զմայլող կոմպոզիցիաների, ինչպիսին Սարյանինն է: Նկարիչը թեմային մոտեցել է լայն ընդգրկումով, ազատությամբ, զգացմունքների թարմությամբ, որոնք ծնվում են հարազատ եզերքի խորագույն սիրուց եւ նրա կատարյալ իմացությունից: Նրա պաննոն լուսանկարչական ձեւերի մեխանիկական ստեղծագործություն չէ, ոչ էլ նատուրալիստական վերարտադրություն առանձին սքանչելի վայրերի: Դա բանաստեղծի ոգեշունչ երգ է:
...Սարյանը կարողացել է ստեղծել իրապես ընդգրկուն կերպար, հարազատ եզերքի ինքնատիպ սինթեզը կյանքի ներքին համոզիչ ճշմարտությամբ»:
«50-ականներին ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը (ԺՏՆՑ) փակվեց, բնույթը փոխվեց: Երբ աշխատանքի անցա Սարյանի տուն-թանգարանում, առաջին խնդիրներից մեկը եղավ փնտրել եւ Հայաստան բերել կտավի վրա արված «Հայաստան» որմնանկար-պաննոն: Դիմեցի ԺՏՆՑ-ի տնօրենին, որը խորհուրդներ ինձ տվեց, մի քանի հասցեներ: Դիմեցի Տրետյակովյան թանգարան, բայցՙ ապարդյուն, որեւէ տեղեկություն այդ գործի մասին չհաջողվեց ստանալ: Հետագայում ձեռքս ընկավ մի լուսանկար, որ պատկերացում էր տալիս այդ որմնանկարի մասին:
Սակայն լուսանկարի առջեւիՙ Ստալինի արձանը խանգարում էր տեսնել բնանկարն ամբողջության մեջ: Այդ սեւ-սպիտակ լուսանկարը 2003-ին Սամարա մեկնելիս վերցրի ինձ հետ: Այնտեղ ֆոտոշոպի լավագույն մասնագետ Օլգա Կնյաժեւան համակարգչի վրա երկար ու մանրակրկիտ աշխատելուց հետո կարողացավ վերականգնել Սարյանի սքանչելի գործի ամբողջական պատկերը:
Իհարկե, երկարատեւ փնտրտուքից հետո, ցավոք, չհաջողվեց նկարը գտնել, բայց կարծում եմ, ընթերցողին հետաքրքրական կլինի նաեւ Սարյանի այս գործի լուսանկարների ներկայացումը»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ