Երեւանը մեր բնակավայրն է
Երեկ Աբովյան փողոցի թիվ 1/4 հասցեում գտնվող շենքը քանդվում էր եւ փոշին պատել էր փողոցը: Շենքը ճարտարապետական եւ պատմական արժեք ներկայացնող XX դարասկզբի նեոկլասիցիստական ոճով կառուցված շինություն է, որ պատկանել է այդ ժամանակվա Երեւանի մեծահարուստ մարդկանցից կաշեգործ Գաբրիել Գաբրիելյանին:
Աբովյանը (նախկին Աստաֆյան) Երեւանի ամենանշանավոր եւ եթե կարելի է ասելՙ մտավորական կոլորիտ ու մթնոլորտ ունեցող փողոցն է, որի հետ կապված ամեն երեւանցի իր կյանքի մի թանկ մասնիկն ունի: Ու այդ հուշն անքակտելի է փողոցի ճարտարապետական մթնոլորտից, որ մեր քաղաքի վավերական պատմությունն ու գեղարվեստական արժեքն է նաեւ:
Երեւանի գեղեցկագույն շենքերից մեկիՙ իշխանությունների արտոնությամբ քանդելու առիթով մի շարք հասարակական կազմակերպություններ («Կոնդի պահպանության քաղաքացիական նախաձեռնություն») եւ քաղաքացիներ կազմակերպել էին բողոքի ցույց եւ ուրախալին այն է, որ դրա ջատագովները երիտասարդներ էին: «Այսօր Երեւանում տնտեսական զարգացման արդյունքում տեղի են ունենում քաղաքաշինական լայնամասշտաբ պրոցեսներ, մշակվում է նոր գլխավոր քաղաքային հատակագիծ: Քաղաքային իշխանություններն օտարում են քաղաքի կենտրոնի երկար տարիներ պահպանված պատմական արժեք ներկայացնող շինությունները: Մինչդեռ այս նոր հատակագծի հիմքում նախ եւ առաջ պետք է լինի Երեւանի պատմության պահպանումը եւ փոխանցումը: Ո՛չ քաղաքապետը, ո՛չ ճարտարապետը, ո՛չ էլ նախագծի հեղինակներն իրավունք չունեն որոշելու Երեւանի պատմության ճակատագիրը: Մենք բոլորս ենք քաղաքի եւ նրա ճակատագրի, պատմության տերը, ժառանգորդը եւ պատասխանատուն», ասում է կազմակերպիչներից մեկըՙ Սարհադ Պետրոսյանը:
Հիշյալ արժեքավոր շինությունն իբր թե տեխնիկական պատճառով, չի մտել կառավարության հաստատած Երեւան քաղաքի հուշարձանների ցանկում, սակայն քանի որ Երեւանը միայն իշխանական մարմինների սեփականությունը չէ, կազմակերպիչները դիմել են վարչապետին, վերջինս Աբովյան 1/14 շենքը հուշարձանների ցուցակում ընդգրկելու իր համաձայնությունն է տվել եւ համապատասխանաբար դա ներկայացրել քաղաքապետին: Սակայն երեկ արդեն քանդվող կառույցը համալրում էր հուշարձան-զոհերի շարքըՙ քաղաքի պատմության այս հատվածը մատնելով անդառնալի կորստյան:
Նախկին գլխավոր ճարտարապետի օրոք հուշարձանների ցանկից հանված եւ նորում «տեխնիկական պատճառներով» չընդգրկված այս կառույցը վաճառվել է ոմն Բերբերյանի, որի կամայական վերաբերմունքը շենքի նկատմամբ, որպես սեփականատիրոջ, չի բացառվում: Ակցիայի կազմակերպիչները այս քայլով մամուլի միջոցով փորձում էին քաղաքապետարանի, կառավարության, հուշարձանների պահպանության վարչության ուշադրությունը գրավելՙ շենքը ցուցակում ընդգրկելու պահանջով, որովհետեւ այդ պարագայում որպես ճարտարապետական արժեքՙ ինտերիերի անհնարինության դեպքում գոնե ճակատային մասը պահպանելն անհրաժեշտ ու պարտադիր կդառնա:
Ճարտարապետ Մ. Գասպարյանը տարակուսանք էր հայտնում, թե այդ ինչպե՞ս էՙ կառավարության որոշումով Երեւանի պատմական դիմագիծը պահպանվում է, բայց միաժամանակ նույն որոշումով նման հատվածներում գտնվող այդ շենքերի (թվով 18) տեղափոխման ցուցակ է հաստատվում:
Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջներով («Մենք դեմ ենք Երեւանի քաղաքային իշխանությունների վարած քաղաքականությանը, որում անտեսվում է մեր քաղաքի պատմական անցյալն ու պահանջում ենք Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգում առանցքային տեղ հատկացնել վերոհիշյալ խնդրին») դիմեցին կառավարությանը: Բողոքի ցույցի 2 ներկայացուցիչներին ընդունեց կառավարության քաղաքաշինության եւ բնական ռեսուրսների վարչության պետ Սիրեկան Օհանյանը եւ տեղեկացրեց, որ 20 օր առաջ կառավարությանն առաջարկ է եղել եւ երեկվա կառավարության նիստում որոշում է կայացվել շենքն ընդգրկել Երեւանի հուշարձանների ցուցակում:
Չնայած այդ որոշմանըՙ երեկ երեկոյան տեղեկացանք, որ շենքի քանդումը շարունակվում է, եւ այդ պատճառով այսօր ժամը 12:00-ին քաղաքապետարանի շենքի առաջ շարունակվելու է նաեւ բողոքի ցույցը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ