Իտալիայում հրատարակվել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի նոր գիրքը, որտեղ պապն առաջին անգամ անդրադարձել է 24 տարի առաջ իր դեմ կատարված մահափորձին: Նա մանրամասն պատմում է իրեն սպանել ցանկացող թուրք ահաբեկիչ Ալի Աղջայի հետ հանդիպման մասին: Վերջինս ոչ մի կերպ չի հասկացել, թե ինչպե՞ս է ձախողվել այդքան մանրակրկիտ մշակված մահափորձը: Հռոմի պապի կարծիքով, թուրքը հետո գիտակցել է, որ դա կանխվել է Աստծո միջամտությամբ:
Գիրքն ընդհանուր առմամբ նվիրված է Եվրոպայի պատմությանը, մասնավորապես XX դարում նացիզմի եւ կոմունիզմի բերած վնասներին: Պապը զուգահեռներ է անցկացրել հոլոքոսթի եւ աբորտի միջեւ, որի համար արժանացել է քննադատության: Սակայն կարդինալ Յոսիֆ Ռատցինգերն ասել է, որ պապը չի համեմատում իրադարձություններն ու համակարգերը, միեւնույն հարթության վրա չի դնում հոլոքոսթն ու աբորտը, այլ մարդկանց ուշադրությունը հրավիրում է բոլոր ժամանակներում գոյություն ունեցող գայթակղությունների վրաՙ կոչ անելով հեռու մնալ չար գործունեությունից:
Գրքում պապը հիշատակում է նաեւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության եւ մարդկանց դեմ ուղղված այլ սպառնալիքների մասին, որոնք, ըստ նրա, մշտապես վտանգում են միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքը:
Գիրքը լույս կտեսնի 11 լեզուներով, իսկ ստացված հոնորարը կծախսվի միայն բարեգործական նպատակներով:
Ռ. Պ.