«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2005-02-24 | #34, 2005-02-25 | #35, 2005-02-26


ՄԵԾ ԶՈՐԱՎԱՐԻ 140-ԱՄՅԱԿԻՆ

Երեկ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 140-ամյակն էր, որի առիթով վաղ առավոտից զորավարի գերեզմանՙ Եռաբլուր էին այցելել «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության, «Սասնա տուն» հասարակական կազմակերպության, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամները, բազմաթիվ քաղաքացիներ, հայորդիներ: Մեծ զորավարի գերեզմանին հիշատակի եւ մեծարանքի խոսքեր ասացին «Զորավար Անդրանիկ» հայրենակցական միության նախագահ Նորիկ Մուշեղյանը, «Սասնա տուն» ՀԿ-ի նախագահ Տարոն Ղափլանյանը, տարբեր կազմակերպությունների անդամներ, մտավորականներ:

Անդրանիկ զորավարին նվիրված միջոցառումները սկսվել էին փետրվարի 24-ից, երբ «Զորավար Անդրանիկ» ՀՄ-ն եւ «Սասնա տուն» ՀԿ-ն համատեղ կամերային երաժշտության տանը հուշ-ցերեկույթ էին կազմակերպել:

Անդրանիկ Օզանյանի գերեզմանին հիշատակման խոսքեր էին հնչում, մեծ ոգեւորությամբ ելույթ էր ունենում «Սասունիկ» ժողովրդական անսամբլը, իսկ ներկաները միմյանց պատմում էին զորավարի սխրանքների մասին:

67-ամյա Սասուն Մխիթարյանը հպարտ է, որ հայ ազգը նման զորավար է ունեցել: «Այսօր ամենասրբազան օրերից է, իմ զորավար Անդրանիկի ծննդյան օրն է, սա հայ ազգի փառք ու պատվի օրն է», ասում է նա:

Թորոսյան Սամվելը Թալինից ձնծաղիկներ էր բերել զորավարի գերեզմանին: Մեծ զորավարին ոգով կապված Սամվելի համար զորավարի ծննդյան օրը ամենանշանավոր օրն է: «Չէ՞ որ այսօր հայոց փառքի, բոլոր ժամանակների փառքի ծննդյան օրն է: Սա շատ թանկ եւ կարեւոր օր է», համոզված է նա:

Իսկ պատերազմում որդի կորցրած, մեծ վիշտ տեսած Սուրեն Խիթարյանի համար Եռաբլուրը կրկնակի հարազատ վայր է: Նա գրեթե ամեն օր այցելում է որդու գերեզմանին, ծաղիկներ դնում նրա ու զորավարի գերեզմանին եւ կարծում է, որ Եռաբլուրում հանգչող բոլոր հերոսներն արժանի են մեծ հարգանքի եւ ուշադրության: «Մեր ղեկավարները գալիս-կանգնում են Վազգեն Սարգսյանի գերեզմանին, ծաղիկներ դնում, իսկ մեր Անդրանիկի գերեզմանին հաճախ ծաղիկներ չեն լինում: Սիրտս ցավում է, չէ՞ որ սկզբից պետք է մեծերին հիշել, հետո նորերին», ցավով նշում է Սուրեն պապիկը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4