«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2005-02-24 | #34, 2005-02-25 | #35, 2005-02-26


ՋՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՇԻՐԱԿՈՒՄ ԿԼԻՆԻ 120, ԼՈՌԻՈՒՄՙ 121 ԴՐԱՄ

«Շիրակջրմուղն» ու «Լոռիջրմուղն» առաջարկել էին 131 եւ 138 դրամ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ այսպիսի որոշում կայացրեց անցյալ տարվա ընթացքում «Հայջրմուղկոյուղուց» առանձնացած նոր ընկերությունների սակագնային հայտերի կապակցությամբ: Դրանք ուժի մեջ կմտնեն այս տարվա ապրիլի 1-ից: Հիշեցնենք, որ մինչ այս ընկերությունների ստեղծումը Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչները ջրի 1 խմ դիմաց վճարում էին 100 դրամ: Այս առնչությամբ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ սպառողների տեսանկյունից սա սակագների բարձրացում է, բայց տվյալ դեպքում խոսքը նոր ստեղծվող ընկերությունների համար նոր սակագների հաստատման մասին է:

Առաջինը քննարկվեց «Շիրակ-ջրմուղկոյուղու» ներկայացրած հայտը, որտեղ ինչպես արդեն նշվեց, ընկերության կողմից սպասարկվող Գյումրի, Մարալիկ քաղաքների եւ մարզի 34 գյուղերի շուրջ 48 հազար բաժանորդների ջրամատակարարման սակագինը առաջարկվում էր սահմանել 131 դրամ: Ուսումնասիրելով ընկերության ներկայացրած ցուցանիշները, հանձնաժողովն այն եզրակացության հանգեց, որ համակարգը հնարավոր է շահագործել հայտում ներկայացված հասույթի չափից 66 մլն դրամով պակաս գումարով: Այս հաշվարկով սակագինը կկազմի 120 դրամ: Սահմանվել են նաեւ վարձավճարների հավաքման եւ կորուստների նվազեցման պահանջները, համաձայն որոնց մինչեւ 2008 թ. հավաքման ցուցանիշը պետք է հասնի 95 տոկոսի ներկայիս 42 տոկոսի դիմաց, իսկ կորուստները պետք է 2006 թ. 70 տոկոսի փոխարեն 2008 թ. կազմեն 50 տոկոս: Տեղեկացվեց նաեւ, որ «Շիրակ-ջրմուղկոյուղու» ստեղծմանն աջակցելու նպատակով գերմանական KfW ընկերությունը տրամադրել է 8,6 մլն եվրո վարկ եւ ավելի քան 4 մլն եվրո դրամաշնորհ: Ընդհանուր վարկային ծրագիրը, ներառյալ կառավարության համաֆինանսավորումը, կազմել է 14,6 մլն եվրո:

«Ինչպիսի՞ն է ջրամատակարարման վիճակը Շիրակի մարզում, եւ որքա՞ն պետք է կազմի դրա տեւողությունը նոր սակագնի հաստատումից հետո» հարցին «Շիրակջրմուղի» տնօրեն Վարդան Մարտիրոսյանը հայտնեց, որ այն թաղամասերում, որտեղ ջրամատակարարումն անկանոն է, խնդիր է դրված նախ հասնել ամենօրյա ջրամատակարարման, ապա ավելացնել դրա տեւողությունը:

Լոռու մարզում վարձավճարների հավաքման առումով վիճակը բարվոք էՙ 76 տոկոս: «Լոռի-ջրմուղկոյուղի» ընկերության կողմից սպասարկվող տարածքում ընդգրկված են Վանաձոր քաղաքն ու 16 բնակավայրեր: Բաժանորդների ընդհանուր թիվը 34 հազար է: Այս ընկերության ստեղծման նպատակով գերմանական կառավարության տրամադրած վարկը կազմել է 6,8 մլն եվրո, դրամաշնորհըՙ 3,4 մլն եվրո, իսկ վարկային ծրագրի ընդհանուր արժեքը, ներառյալ կառավարության համաֆինանսավորումը, 11,3 մլն եվրո է: Ընկերության ներկայացրած հայտում 1 խմ համար 138 դրամ սակագնով աշխատելու դեպքում ընկերության հասույթը պետք է կազմեր 299 մլն դրամ: Սակայն հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ հասույթը կարող է լինել 39 մլն դրամով պակաս, հետեւաբար ընկերությունը կարող է աշխատել 121 դրամ սակագնով:

«Լոռիջրմուղի» համար նույնպես հանձնաժողովը վարձավճարների հավաքման եւ կորուստների նվազեցման պարտավորություններ սահմանեց: Համաձայն դրանց, 2006 թ. հավաքման ցուցանիշը պետք է կազմի 90 տոկոս, 2007 թ.ՙ 95 տոկոս, 2008 թ.ՙ 98 տոկոս, իսկ կորուստներըՙ համապատասխանաբար 65 տոկոս, 60 տոկոս եւ 2008 թ.ՙ 50 տոկոս:

Հանձնաժողովի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ջրային տնտեսության կոմիտեի ներկայացուցիչն ու ջրամատակարար ընկերությունների ղեկավարները, անդրադառնալով սակագնի բարձրացման անհրաժեշտությանը, վերստին թվարկեցին բոլորիս հայտնի պատճառներըՙ խողովակների քայքայված վիճակ, նորոգումներ, հաշվիչների տեղադրում եւ այլն: Իսկ այն հարցին, թե ո՞րն է մայրաքաղաքի եւ հիշյալ մարզերի ջրի սակագների նման զգալի տարբերության պատճառը, ջրտնտկոմի նախագահի տեղակալ Կարեն Խաչատրյանը հիշեցրեց, որ հանձնաժողովին սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել նաեւ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4