ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բջջային կապի ոլորտում նոր ընկերության գործելու մասին Հայաստանի կառավարության եւ «Արմենտելի» միջեւ անցյալ տարեվերջին ձեռք բերված պայմանավորվածությունը թերեւս ամենալուրջ ձեռքբերումն էր հայկական կողմի համար: Գաղտնիք չէ, որ մենաշնորհ ընկերության մատուցած հատկապես այս ծառայության որակն ու սպասարկման մակարդակը, մեղմ ասած, չեն համապատասխանում ոչ միայն զարգացած, այլեւ անգամ ԱՊՀ երկրների չափանիշներին: Խոսքը շուկայում ստեղծված իրավիճակի մասին է, երբ ցածր որակին եւ արհեստականորեն բարձր գներին ավելանում է «Արմենտելի» կողմից պահանջարկի բավարարման անկարողությունը: Տասնյակ հազարավոր հաճախորդներ, որոնց թիվն ըստ մոտավոր հաշվարկների հասնում է 150 000-ի, ամիսներ շարունակ իզի քարտ ստանալու նպատակով նշված են «Արմենտելի» հերթացուցակներում: Դա առնվազն տարօրինակ կլիներ թեկուզ մեր երկրի զարգացման մակարդակն ունեցող այլ երկրի համար, որտեղ իզի քարտեր կարելի է ձեռք բերել ցանկացած առեւտրային կետից եւ որտեղ գործող ընկերություններն անգամ հեռախոսասարքեր են նվիրում հաճախորդներինՙ իրենց բաժանորդը դարձնելու համար: Ինչեւէ:
«Ղ-Տելեկոմի» լիբանանյան բաժնետերերը հավաստիացնում էին, որ ռեկորդային ժամկետներում իրենք ի վիճակի են իրականացնելու այլ երկրներում արձանագրած հաջողությունը հեռահաղորդակցության ոլորտում: Անցյալ տարվա նոյեմբերին պարզ դարձավ, որ Հայաստանում պետք է գործի բջջային կապի երկրորդ օպերատորըՙ «Ղ-Տելեկոմը», եւ դա հույս ներշնչեց, որ կապի այս տեսակը կզարգանա ու ավելի մատչելի կդառնա բնակչության համար: Օրերս վերոնշյալ ընկերության մոտալուտ գործունեության սկզբի մասին հայտարարություններ արեցին նաեւ կառավարության ներկայացուցիչները, նշելով, որ «Ղ-Տելեկոմը» մեծ ներդրումներ է կատարել եւ այս տարվա մայիսին կսկսի ծառայություններ մատուցել: Չնայած այս հավաստիացմանը, մեր ստացած տեղեկություններով, այս օրերին «Արմենտելի» եւ «Ղ-Տելեկոմի» միջեւ հաճախականության ազատման, հաճախականության եւ միջցանցային փոխկապակցման հարցերի շուրջ ընթացող բանակցություններում նախկին մենաշնորհատեր ընկերությունն ընտրել է արհեստական խոչընդոտներ հարուցելու միջոցով ժամանակ շահելու մարտավարությունը: Նպատակը երկրորդ օպերատորի մուտքը հնարավորինս հետաձգելն է:
Բանակցությունների ընթացքի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ չհաջողվեց ստանալ ոչ «Ղ-Տելեկոմից», ըստ էության ոչ էլ «Արմենտելից»: «Արմենտելի» լրատվական ծառայությունից միայն հաստատեցին, որ բանակցություններն ընթանում են փոխկապակցման հարցերի շուրջ: Արհեստական խոչընդոտների առկայության, ինչպես նաեւ բանակցություններին տրանսպորտի եւ կապի նախարարության միջամտության մասին մեր հարցումներին բացասական պատասխան ստացանք: Այդուհանդերձ, ոչ պաշտոնական տեղեկություններով «Ղ-Տելեկոմը» բանակցությունների արհեստական ձգձգման կապակցությամբ բողոք է ներկայացրել տրանսպորտի եւ կապի նախարարություն: Ըստ հեռահաղորդակցության շուկային քաջածանոթ աղբյուրների, «Ղ-Տելեկոմ» ընկերության ղեկավարները մտահոգված են Հայաստանի կառավարության եւ «Արմենտելի» միջեւ ձեռք բերված համաձայնության այն դրույթներով, որոնք, նրանց հավաստմամբ, «Արմենտելի» համար անարդար առավելություններ են նախատեսում յուրաքանչյուր նոր օպերատորի նկատմամբ: Իսկ «Արմենտելում» էլ, ըստ նույն տեղեկությունների, հաստատակամ են նախարարության հնարավոր ճնշումներին չենթարկվելու եւ լիցենզիայի նոր տարբերակով նախատեսված մրցակցության դրույթներով շարժվելու հարցերում:
Ինչպիսի՞ ավարտ կունենան երկու ընկերությունների բանակցությունները եւ ինչպիսի՞ն կլինի կապի նախարարության դիրքորոշումը: Այս հարցերի պատասխանին են այժմ սպասում հազարավոր սպառողներ, ակնկալելով, որ գոնե երկու-երեք ամիս հետո բջջային կապի ոլորտում կստեղծվի մրցակցային նորմալ դաշտՙ պայմաններ ստեղծելով այս ծառայության պահանջարկի բավարարման, որակի բարձրացման եւ գների իջեցման համար: