Անցած տարեվերջին Գիլի լճի վերականգնման համար Երեւանում ստորագրվեց քառակողմ համաձայնագիր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Նորակերտի համայնքի միջեւ: Ռամսարի փոքր ծրագրերի ֆոնդի շնորհիվ «Խազեր» հասարակական կազմակերպությունը բնապահպանության նախարարության հետ պիտի իրականացնի Գիլի լճի վերականգնման ծրագիր: Լիճը վերականգնվելու է հին տեղում, 586 հա-ի վրա:
Խնդիրը վերաբերում է Գիլիի շրջակայքում տեղավորված Նորակերտ, Մեծ Մազրա, Փոքր Մազրա գյուղերի սեփականաշնորհված հողերի փոխհատուցմանը համարժեք հողակտորներով: Գիլի լճի վերականգնման ծրագրի համակատարող «Խազեր» էկոլոգիա-մշակութային կազմակերպությունը զբաղվում է հիմնականում համայնքների հետ տարվող աշխատանքներով: Կազմակերպության ղեկավար Ամալյա Համբարձումյանից տեղեկացանք, որ արդեն սոցիոլոգիական հարցում է կատարվել գյուղացիների շրջանում, նրանց մեծ մասը համաձայն է ծրագրի բովանդակությանը: Հետագա բարդություններից խուսափելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել անհատապես, ամեն մեկի հետ առանձին-առանձին: Գլխավորապես Նորակերտ գյուղն առավել շատ հողագործական տնտեսություններ ունի այստեղ:
Հիշեցնենք, որ Գիլի լճի ցամաքեցումն ու շրջակայքի էկոլոգիական աղետալի փոփոխություններն արագորեն զարգացան Մասրիկ գետի հունը Գիլիից Սեւան փոխելուց հետո: Գիլիի վերականգնման ծրագրի համաձայն գետը ինժեներական համապատասխան միջամտություններից հետո վերադարձվելու է նախկին հունին` այն կլցվի նախ Գիլիի, հետո նոր միայն Սեւանա լիճ: Շրջակայքի էկոլոգիական նախկին հավասարակշռությունը վերականգնելու համար այստեղ կառուցվելու է նաեւ ձկնաբուծարան:
Վերականգնման ծրագրին մասնակցում են 32 փորձագետներ: Քանի որ Գիլին ջրաճահճային տարածք էր, շրջակայքը հարուստ էր ջրլող թռչուններով, ջրային միջավայրի տեսակներով, ինչպիսիք են ջրային լորտուն, ջրային առնետը, կուտորը, աքիսն ու կզաքիսը: Լճի չորացումից հետո շրջակայքից անհետացան մոտ 100 տեսակ ջրլող թռչուններ, հիմնականում բադերի տարբեր տեսակները եւ ջրային միջավայրով սնվող թռչուններ, ինչպիսին է, օրինակ, հայկական որորը: «Ջուրը Գիլին լցվելուն պես ակնկալվում է, որ նախ տեղի կունենա ջրային բուսածածկի աստիճանական վերականգնում: Այստեղ նախատեսվում է նաեւ արհեստական բնական պայմանների ստեղծում, օրինակ, թռչուններին գրավելու համար` բնադրավայրերի ստեղծում: Պարզ է, որ լիճը լքած թռչունները եւս աստիճանաբար կվերադառնան, քանի որ նրանց չուի ճանապարհը չի փոխվել, դարձյալ Գիլիի վրայով է անցնում: Կերային ու կեցության նախկին, նույնիսկ նվազագույն պայմանների վերականգնման դեպքում նրանք արդեն բնադրավայրեր կհիմնեն այստեղ, եւ մեր հաշվարկներով, 3-4 տարում կվերականգնվի կայուն էկոհամակարգը», հույս է հայտնում Կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետի տեղակալ Միքայել Ոսկանովը: Ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1 մլն դոլար: Սակայն անցած տարվա դեկտեմբերին դոլարի փոխարժեքի անշեղ անկումը հարկադրել է ընդհատել աշխատանքները: Փաստորեն ինժեներական բնույթի ոչ մի միջոցառում հնարավոր չէ իրականացնել, քանի որ շինարարական աշխատանքները նախատեսվածից շատ ավելի թանկ կնստեն: «Բայց դա չի նշանակում, որ ծրագիրը չի իրականացվելու, ֆինանսական հատկացումների ծավալը դժվար թե փոխվի: Պարզապես հարկ կլինի որոշ բան վերանայել», լավատեսորեն է տրամադրված փորձագետ, Կենսառեսուրսների կառավարման գործակալության բաժնի պետ Կարեն Ճենտերեճյանը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ