Դեռեւս առավոտից մարդկային հոսքը ձգվում էր դեպի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ դրվեցին Սումգայիթի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողին: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը պատարագ մատուցեց սումգայիթյան զոհերի հիշատակին:
Հուշահամալիր այցելեցին ու ծաղիկներ դրեցին նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը, վարչապետ Անուշավան Դանիելյանը, խորհրդարանի ու կառավարության անդամներ:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Խոջալուի դեպքերը Սումգայիթի հետ համեմատելու Ադրբեջանի փորձերը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մասնավորապես ասաց. «Ես ցավում եմ, որ մի պետություն, որում տեղի է ունեցել Սումգայիթը, խոսում է Խոջալուի մասին, մանավանդ որ Սումգայիթի փաստերը բոլորին են հայտնի»: Նախագահը հիշեցրեց, որ ղարաբաղյան կողմը միջանցք էր թողել Խոջալուի խաղաղ բնակչությանը անվնաս դուրս գալու համար, իսկ այ, ինչ կատարվել է նրանց հետ, եղել է Աղդամի մոտակայքում, այն էլՙ ադրբեջանցիների կողմից: Ա. Ղուկասյանը վկայաբերել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի խոստովանությունները այս դեպքերի կապակցությամբ, նշելով, որ դրանք բացում են բոլոր փակագծերը, այսինքնՙ Ադրբեջանի ժողովրդական ճակատը հաշվեհարդար տեսնելով խոջալուցիների հետՙ փորձել է վարկաբեկել իրենց իսկ իշխանություններին, որպեսզի հետագայում զավթի երկրի իշխանությունը:
Ա. Ղուկասյանը նաեւ ասել է, որ Ադրբեջանի կողմից Խոջալուի դեպքերը քաղաքական շահարկումների թեմա դարձնելը բնավ չի նպաստում կողմերի փոխվստահությանը բանակցությունների ընթացքում:
Երեկոյան Ստեփանակերտի կայազորային Սպայի տանը Արցախի պետական կամերային նվագախմբի կատարմամբ կազմակերպվեց համերգՙ նվիրված Սումգայիթի զոհերի հիշատակին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ