«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2005-02-25 | #35, 2005-02-26 | #36, 2005-03-01


ՀԱԿՈԲ ՍԱՐԳԻՍՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Շվեյցարաբնակ բանաստեղծ Հակոբ Սարգիսյանի երկուՙ «Մկրատին շեղբին վրայ» եւ «Անկշռելին» ժողովածուները լոսանջելեսյան գրասեր հանրությանը ներկայացվեց փետրվարի 13-ին, Գլենդեյլի հանրային կենտրոնական գրադարանումՙ հեղինակի ներկայությամբ: Հանդիպումն իրականացավ ԹՄՄ Լոս Անջելեսի մասնաճյուղի կազմակերպմամբՙ գլխավորությամբ Վաչե Սեմերճյանի: Հ. Սարգիսյանի ժողովածուների մասին բանախոսեցին արձակագիր Սարգիս Վահագնը եւ գրականագետ Երվանդ Ազատյանը, տեղեկացնում է «Նոր օրը»:

Գրողի առաջին ժողովածուն, «ուր սփյուռքահայ մարդն է, իր հայրենի ու Արցախի հողին կարոտով, հայ զինվորով, հայու ցավով», տպագրվել է սփյուռքում, երկրորդը Երեւանում 2004-ինՙ ՀԳՄ հրատարակչությամբ: Վերջին ժողովածուն ավելի ներհայեցողական վիճակների արտահայտություն էՙ արտաքին աշխարհի խորհրդանշանների մեջ բանաստեղծական մտաձեւերի արդիական ոճավորումով, որոնք, սակայն բացում են քնարական ու զգայուն մի ներաշխարհ: Գրքի ներկայացման ընթացքում հնչեցին բանաստեղծական ընթերցումներ Արշո Ազատյանի կողմից:

Գրական երեկոն ավարտվեց հյուրասիրությամբ, որի ընթացքում «Անկշռելին» գրքի վաճառքից գոյացած գումարը հեղինակը նվիրեց Թեքեյան մշակութային միությանը:

Հ. Սարգիսյանը ծնունդով Հալեպից է, տարբեր երկրներում ապրելուց հետո բնակության է տեղափոխվել Շվեյցարիա, ավարտել Ժնեւի համալսարանի տնտեսագիտության մասնաճյուղը, այժմ զբաղվում է հասարակական գործունեությամբ, ներկայումս փոխնախագահն է «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4