Գազաֆիկացման մանրամասները ներկայացնում է ձեռնարկության տնօրենը
Գազաֆիկացման ծավալների կտրուկ ընդլայնումը բազմաթիվ լուրջ խնդիրներ բերեցՙ կապված գազաֆիկացման գործընթացի, բաժանորդների սպասարկման եւ հատկապես անվտանգության հետ: Ինչպես նշել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում, այդ ամենի մասին հանգամանալից պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք «Հայռուսգազարդի» Երեւանի մասնաճյուղի («Երեւանգազի») տնօրեն Վարդան Հարությունյանին: Մեր առաջին հարցն այն էր, թե գազատարի մինչեւ ո՞ր հատվածն է կառուցում «Հայռուսգազարդը»:
- «Հայռուսգազարդը» հիմնականում կառուցում է սնող գազատարներն ու շենքերի կանգնակները, որից հետո ներտնային մոնտաժային աշխատանքներն իրականացվում են բնակչի, այլ ոչ թե «Հայռուսգազարդի» միջոցներով:
- Որտեղի՞ց է սկսվում ներտնային ցանցը:
- Հաշվիչից հետո:
- Ու՞մ պետք է դիմի բնակիչը գազաֆիկացման աշխատանքները սկսելու համար:
- «Երեւանգազին» կամ մեր ծառայություններից որեւէ մեկին:
- Ներտնային ցանցի կառուցմամբ ո՞ր կազմակերպությունները կարող են զբաղվել:
- Այդ աշխատանքներն իրականացնելու համար քաղաքաշինության նախարարությունից լիցենզիաներ են ստացել 108 ՍՊԸ-ներ: Բնակիչներն են ընտրում դրանցից որեւէ մեկին: Իսկ եթե տան մոնտաժային աշխատանքներն անորակ են կատարվում, ապա բնակիչը դա չպետք է թույլ տա, ինչպես թույլ չի տալիս, ենթադրենք, որ իր տունն անորակ նորոգեն:
- Եթե անորակ են կառուցել, ի՞նչ կարող են անել:
- Կարող են չվճարել, դատի տալ: Մենք էլ մեր հերթին անորակ աշխատանքը չենք ընդունում եւ գազամատակարարում չենք իրականացնում անվտանգության նկատառումներով: Ինչից էլ դարձյալ դժգոհություններ են առաջանում, որ գազամատակարարումն ուշանում է:
- Իսկ եթե փողերը նախապես են հավաքել եւ անորակ աշխատանք կատարել:
- Բնակիչը պայմանագրային հարաբերություններ պետք է հաստատի տվյալ ՍՊԸ-ի հետ: Պայմանագիրը որպես հիմք ունենալով, նա կարող է դատի տալ տվյալ ՍՊԸ-ին: Սակայն շատ հաճախ բնակիչները պայմանագրերով չեն աշխատում եւ կտրոն կամ ստացական չեն պահանջում ՍՊԸ-ներից: Վերջիններս էլ հարկային պարտավորություններից խուսափելու համար առաջարկում են պայմանագիր չկնքել, բնակիչներին սակայն ասելով, որ եթե պայմանագիր կնքենք, ապա բնակիչը պետք է ավելի շատ վճարի: Վերջինս էլ նախընտրում է էժան տարբերակը: Դրանից հետո, եթե ինչ-որ բան այն չի լինում, դժգոհությունն ուղղվում է «Հայռուսգազարդին»: Նույնիսկ բնակիչներ կան, որոնք ոչ իրենց ներտնային ցանցը կառուցած ՍՊԸ-ին գիտեն, ոչ նրա կոնտակտային հեռախոսահամարներն ունեն եւ դարձյալ դժգոհում են «Հայռուսգազարդից»:
- Հասկանալի է, որ նախեւառաջ բնակիչները պետք է շահագրգռված լինեն, բայց քանի որ դժգոհությունները ձեզ են ուղղվում, ապա դուք էլ պետք է շահագրգռված լինեք, որ այդ ՍՊԸ-ները իրենց գործը նորմալ կատարեն:
- Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ այն ներտնային համակարգը, որ չի համապատասխանում գործող նորմերին, շահագործման չենք ընդունում: Սակայն մեր շահագործման ընդունելուց հետո էլ բնակիչներն են ինքնագլուխ փոփոխություններ կատարում: Այդ դեպքում այլ խնդիրներ են առաջանում: Փոփոխություն կատարած բնակիչն արգելում է մեր աշխատակցին բնակարան մուտք գործել: Օրինակՙ մենք տվել ենք շահագործման մեկ կետ միայն խոհանոցում գազօջախի համար, բնակիչը լրացուցիչ կետ է ավելացնում: Կամ ավելի վատՙ ռետինե խողովակով գազը բերում եւ միացնում են վառարանին: Դրանով վտանգվում է ինչպես իրենց, այնպես էլ ամբողջ շենքի անվտանգությունը:
- Այսինքնՙ ներտնային ցանցի սպասարկման հարցը փաստորեն բա՞ց է մնում:
- Ոչ: Բնակարանները սպասարկում են կամ ՍՊԸ-ները, կամ «Երեւանգազը»: Բնակիչը պետք է նախապես ունենա սպասարկման պայմանագիր, այլապես գազամատակարարում չի լինի: Նախընտրելի է, որ պայմանագիրը լինի մեր ընկերության հետ, քանի որ մենք որակով ենք սպասարկում, իսկ յուրաքանչյուր ՍՊԸ-ի սպասարկման դժգոհություններն ի վերջո ուղղվում են մեր դեմ: Թերություններն էլ դարձյալ մեր վթարային ծառայությունն է վերացնում:
- Նշանակում է հնարավորությո՞ւն կա, որ բնակիչներին սպասարկի «Երեւանգազը»:
- Այո: Պայմանագիրը կնքելով միանգամից մեր ընկերության հետ եւ տարեկան 3 հազար դրամ վարձ վճարելով, մեր բաժանորդների բնակարանների ներտնային ցանցը տարին երկու անգամ ստուգվում է, թերությունները վերացվում են. կատարվում պրոֆիլակտիկ աշխատանքներ: Նման պայմանագիր ունենալով, բնակիչը գոնե հանգիստ կլինի, որ մասնագետ կա, որը հասկանում է գազից, եւ վտանգի դեպքում կարող է ահազանգել նրան:
- Հրշեջներն ի՞նչ ծառայություններ են մատուցում եւ ինչի՞ համար են գումար վերցնում:
- Դրանք հրշեջ կամավոր ընկերություններն են, որոնք ծխաօդատար ուղիների պիտանելիության ակտն են տալիս: Կան ընկերություններ, որոնք բարեխիղճ աշխատում են եւ ստուգում ուղիները, կան ընկերություններ, որոնք ուղղակի ակտ են վաճառում: Բնակչությանը հորդորում եմ, որ վերջիններիս հետ գործ չունենան: Թող ստուգեն այդ ուղիները, համոզվեն դրանց անցանելիության մեջ, ապա նոր ակտերը վերցնեն: «Հայռուսգազարդը» իրավասու չէ վերահսկելու հրշեջներին: Մեզ անհրաժեշտ է ակտը, որի առկայության դեպքում ենք միայն գազամատակարարումն իրականացնում:
- Իսկ ո՞վ պետք է նրանց վերահսկի:
- Եթե չեմ սխալվում, արտակարգ իրավիճակների վարչությունը:
- Անդրադառնանք գազաֆիկացման ծավալներին: Երեւանում որքա՞ն է գազ ունեցող բաժանորդների թիվը:
- Հունվարի 1-ի դրությամբ գազ ունեցող բաժանորդների թիվը 66 հազար է, իսկ նման հնարավորություն ունեն եւս 35 հազար բաժանորդներ, որոնց բնակարանի մոտ հասցված է գազատարը:
- Եթե հնարավոր բաժանորդը ցանկանում է կառուցել իր ներտնային ցանցը մյուսներից հետո, ավելի ուշացած, ապա նա կարո՞ղ է դիմել կոնկրետ ձեզ:
- Այո: «Երեւանգազը» նույնպես կարող է ներտնային ցանց կառուցել, պարզապես այդքան հնարավորություն չունենք միայն մեր ուժերով, օրինակ, 32 հազար նոր բաժանորդների համար դա կատարելու:
- Եթե ամբողջ շենքից միայն մեկ բաժանորդ է դիմում ձեզ ներտնային սպասարկումն իրականացնելու համար, դա հնարավո՞ր է:
- Անպայման: Մենք դա ողջունում ենք:
- Իսկ հնարավո՞ր է, որ կառուցի ՍՊԸ-ն, բայց սպասարկումն իրականացնի «Երեւանգազը»:
- Այո, դա էլ է հնարավոր:
- Իսկ երբ ՍՊԸ-ներն են կառուցում, նրանք նաեւ սպասարկո՞ւմ են:
- Կան ՍՊԸ-ներ, որոնք եւ կառուցում, եւ սպասարկում են, կան, որ միայն սպասարկում են: Առաջինները, բացի շինարարության կատարման համար անհրաժեշտ քաղաքաշինության նախարարության լիցենզիայից, սպասարկման համար ունենում են «Հայլեռպետհսկողության» թույլտվությունը:
- Որքա՞ն նոր բաժանորդներ կլինեն այս տարի:
- Այս տարի նախատեսվում է Երեւանում բաժանորդների թիվըՙ 66 հազարն ավելացնել 60 հազարով: Եվս 40-50 հազար հնարավոր բաժանորդներ կունենանք:
- Վճարման հետ կապված ի՞նչ խնդիրներ են առաջանում:
- Դրանք առաջանում են միայն ձմռանը: Այս տարի վիճակը բարվոք է: Կանոնավոր չեն վճարում Մալաթիա-Սեբաստիա, Ավան եւ Էրեբունի համայնքները: Մնացած համայնքներում գումարները հավաքվում են 100 տոկոսով:
- Գազամատակարարման կարեւորագույն խնդիրը անվտանգությո՞ւնն է:
- Այո, որովհետեւ բոլոր խնդիրները, որ մեզանից են կախված, կլուծվեն, բայց անվտանգության հարցը միայն մեզանից չի կախված: Որքան էլ մենք պայքարենք ապօրինությունների դեմ, առանց բնակիչների աջակցության լուրջ արդյունքներ չենք ունենա: Բնակչությունն իր անվտանգության մասին բացարձակապես չի հոգում:
- Ի՞նչ եք առաջարկում:
- Եթե ներտնային սպասարկումը Երեւանում «Երեւանգազն» ամբողջությամբ իրականացնի, ապա այդ հարցը կլուծվի: Ունենալով պայմանագիր բնակչի հետ, հետեւաբար նաեւ նրա տուն մուտք գործելու իրավունք, կարող ենք հայտնաբերել թերությունները (ինքնաշեն վառարաններ, նոր կետերի ինքնակամ տեղադրում, ծխատար ուղիների խափանումներ): Այդ դեպքերում լծակներ կունենանք նաեւ դադարեցնելու գազամատակարարումըՙ ընդհուպ զոդման միջոցով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ