«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2005-02-25 | #35, 2005-02-26 | #36, 2005-03-01


ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՆ 25 ՄԵԾԱԾԱՎԱԼ ԲԵՆԶԱԿԱՅԱՆՆԵՐ

Ոստիկանները հսկելու են կառուցապատողին եւ ապօրինության կանխմանը կոչված տեսուչներին

Ինքնակամ շինությունների դեմ անվերջ տարփողվող պայքարը նախկինում էլ, հիմա էլ սահմանափակվում է փոքրածավալ կառույցների ոչնչացումով: Դրանք եւ քանդելն է հեշտ, եւ գլխացավանքն է փոքր: Անցած տարի հանրապետության նախագահի «բուլդոզերավարության» տակտիկական հրահանգից հետո այդպիսի 504 ինքնակամ շինություններ են քանդել: Ինչ կլինի, պատկերացրեք, եթե քանդվի Թումանյան փողոցում կառուցվող հսկա հյուրանոցը, որը մայթի կեսը գրավել է: Սակայն այս ոլորտի պաշտոնյաները պնդում են, որ դա ինքնակամ կառույց չէ:

Այդ դեպքում որո՞նք են ինքնակամները, սահմանազատումը ո՞րն է: Քաղաքաշինական կանոնների ակնհայտ ոտնահարումով կառուցված շենքը, որի տերը ժամանակին հոգացել է ապօրինությանը օրինականության ձեւ տալու, ո՞ր հասկացության մեջ պետք է տեղադրել` օրինակա՞ն, թե ապօրինի կառույց է:

«Ազգի» այս հարցադրումը այդպես էլ որոշակի պատասխանի չարժանացավ երեկ, Երեւանի քաղաքապետի խորհրդական Հրաչ Մուրադյանի հետ ճեպազրույցում:

Անցած շաբաթ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը կանաչի հաշվին կատարված ապօրինի կառուցապատումների թվում նշեց Մերգելյանի այգում եւ «Պրագա» հյուրանոցի դիմաց իրականացված հսկայածավալ շինարարությունները:

Ինչպե՞ս է վերաբերվում քաղաքապետարանն այս իրողություններին: Հրաչ Մուրադյանը դարձյալ խուսափողական պատասխան տվեց` ապօրինության վաղեմության ժամկետով այդ հարցը քննարկման փուլում է:

Այս տարվա 2 ամիսներին քաղաքապետարանի նախաձեռնությամբ քանդվել է եւս 54 ինքնակամ կառույց: Նոր մարտավարության համաձայն փորձ է արվում ապօրինությունները կանխել հենց նախագծային փուլում:

Երեկվանից այս գործընթացի մեջ ներգրավվեցին նաեւ ոստիկանները: Նրանք հսկելու են, որ ուսումնասիրություններ կատարող տեսուչները կառուցապատողի հետ «շփումներ» չունենան: Ավելի շատ կառուցապատողի՞ն, թե՞ ուսումնասիրողին զսպելու համար է պլանավորվել ոստիկանների մասնակցությունը:

Անցած տարի ապամոնտաժվել է նաեւ 105 բենզալցակայան, որոնք փոքր տաղավարատիպ կառույցներ էին: «Մինչեւ տարեվերջ աչքի տակ է առնվել ապամոնտաժելու եւս 25, այս անգամ` մեծածավալ բենզակայան», հավատացնում է քաղաքապետի խորհրդականը: Նոր լցակայաններ կառուցելու հայտերի ընդունումը կասեցվել է կադաստրային բաժանմունքներում:

Անցած տարի քաղաքապետարանը ինքնակամների օրինականացման 11 հազար 575 հայտեր է ստացել: Այս տարվա 2 ամիսներին ստացվել է եւս 16 հազար 470 հայտ:

Ավտոտնակի 1 քմ-ի համար` 1000 դրամ

Ինքնակամների մեջ հսկայաքանակ են ավտոտնակները, որ ժամանակին կառուցվում էին միայն թաղապետարանների գիտությամբ ու թույլտվությամբ: Այնուամենայնիվ, ենթարկվելով օրինականացումների նոր պահանջներին, դրանց տերերը ստիպված են նաեւ որոշակի վճարումներ անել: Ավտոտնակի մեկ քառակուսի մետրի համար, քաղաքապետի խորհրդականի տեղեկացմամբ, պետք է վճարել 1000 դրամ, սակայն այդ թիվը չպետք է գերազանցի 50 հզ. դրամը:

Այնուամենայնիվ, նույնպիսի խնդիր ունեցող ճեպազրույցի մասնակից լրագրողներից մեկը հայտարարեց, որ իրենից 200 դոլար են պահանջել:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4