Նշեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը
«Հայաստանում առկա է մրցակցություն, բայց դրա շրջանակները պետք է ընդլայնվեն, որովհետեւ շատ կան մենաշնորհ դիրք ունեցողներ», այսպես գնահատեց Հայաստանում տնտեսական մրցակցության վիճակը Եվրոհանձնաժողովի «Քաղաքականության խորհրդատվություն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին» ծրագրի փորձագետների խմբի ղեկավար Խուան Ռամոն Իտուրիագագոիտիրիան: Ինչ վերաբերում է ծրագրին, ապա դրա նպատակն է խորհրդատվություն տրամադրել հանձնաժողովին օրենսդրության բարեփոխման, Հայաստանի եւ Եվրամիության օրենսդրությունների մոտեցման վերաբերյալ: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, ծրագիրն աջակցում է հանձնաժողովին տնտեսական մրցակցության պաշտպանության, գործարար միջավայրի զարգացման, Հայաստանի շուկան ներդնողների համար ավելի վստահելի եւ կանխատեսելի դարձնելու համար: Աշոտ Շահնազարյանը տեղեկացրեց նաեւ, որ ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը եւ իրագործում «Տասիս» ծրագրի շրջանակներումՙ իսպանական «Ալտաիր Ասեսորես» խորհրդատվական ընկերությունը:
Առաջարկվող օրենսդրական փոփոխություններն առավել մանրամասն ներկայացնելով, Խուան Ռամոն Իտուրիագագոիտիրիան հայտնեց, որ հիմնական առաջարկություններն առնչվում են հակամրցակցային համաձայնություններին եւ դրա սահմանափակումներին: Մասնավորապես նշվեց, որ եվրոպական օրենսդրությամբ հակամրցակցային համաձայնություն հայտնաբերելու դեպքում սահմափակումներ կարող են կիրառվել ոչ ավելի, քան 5 տարվա համար: Հայաստանի օրենքում սահմանափակման համար ժամկետ նշված չէ:
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է, որ տվյալ շուկայում 35 տոկոսից ավելի ծավալ, այսինքն գերիշխող դիրք ունեցողները, 6 ամիսը մեկ անգամ իրենց գործունեության մասին տեղեկություններ ներկայացնեն հանձնաժողովին: Որպեսզի նրանք անընդհատ գտնվեն վերահսկողության ներքո եւ ուսումնասիրվի, թե արդյոք չե՞ն չարաշահում իրենց դիրքը: Սահմանափակումներ են առաջարկվում նաեւ տնտեսվարողներին պետական օժանդակության դեպքերում:
Այն հարցին, թե օրենքում նոր փոփոխություններ չե՞ն նախատեսվում, որոնք ստուգումներ կատարելու լիազորություններ կտան հանձնաժողովին, Աշոտ Շահնազարյանը պատասխանեց, որ հանձնաժողովին ստուգման լիազորություններ պետք չեն: «Ստուգող կազմակերպություններ շատ կան եւ հանձնաժողովը նրանցից կստանա իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Մինչդեռ ստուգման լիազորություններ հանձնաժողովին տալը կնշանակի նոր ծախսեր, հանձնաժողովի աշխատակազմի ընդլայնում, ուսուցում եւ այլն, ինչի հնարավորություններն ու անհրաժեշտությունն այժմ չկան», եզրափակեց հանձնաժողովի նախագահը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ