«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2005-02-26 | #36, 2005-03-01 | #37, 2005-03-02


ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐԸ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Երեկ Յունեսկոն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ Կենսաֆիզիկոսների միջազգային ընկերությունը (ԿՄԸ) «Կոնգրես» հյուրանոցում համատեղ սեմինար սկսեցինՙ նվիրված էլեկտրամագնիսական ալիքների կենսաբանական անվտանգության հարցերին: Օրեցօր զարգացող գիտատեխնիկական առաջընթացի հետեւանքով միջավայրն աղտոտվել է, որը մարդկությանը հասցրել է էկոլոգիական աղետի շեմին: Էլեկտրամագնիսական ալիքների աճը պայմանավորված է անընդհատ ստեղծվող էլեկտրական սարքերով, արդյունաբերական եւ կենցաղային բազմաբնույթ գործիքներով, հեռուստացույցներով, բջջային հեռախոսներով եւ ժամանակակից ռադիոկապի այլ միջոցներով:

Մեր օրերում կենսաֆիզիկայի ամենահրատապ հարցերից է դարձել էլեկտրամագնիսական ալիքների ազդեցության մեխանիզմները պարզելը, որը թույլ կտա որոշել դրանց օգտագործման անվտանգության աստիճանը: Ահա այս խնդրով մտահոգվածՙ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, գիտնականները գիտաժողովների, խորհրդակցությունների, ծրագրերի միջոցով փորձում են պարզել էլեկտրամագնիսական ալիքների հասցրած վնասը, որն էլ թույլ կտա սահմանել այդ ալիքների անվտանգության չափաբաժինները:

«Մենք հավաքվել ենք այստեղ հասկանալու, թե էլեկտրամագնիսական ալիքներն ինչպես են ազդում մարդու առողջության վրա: Ճիշտ է, մենք հասկանում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները լավ բաներ են, բայց դրանք ունեն նաեւ իրենց բացասական ազդեցությունը մարդու վրա, եւ եթե մենք դա իմանանք, կկարողանանք դրա համար չափաբաժիններ սահմանել», ասում է Լոս Անջելեսից եկած էպիդեմիոլոգիայի մասնագետ Լիկա Հեյֆեդցը:

Յունեսկոյի Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը համոզված է, որ Հայաստանում գիտական այս հարցը պետք է ուսումնասիրվի պետական մակարդակով: «Բացի դրանից, այս հարցը մենք պետք է ուսումնասիրենք մեր երկրում, դա տեղական բնույթ ունի, մենք չենք կարող վերցնել, օրինակ, Ռուսաստանի փորձը եւ կիրառել մեր երկրում, իսկ դրա համար հարկավոր է պետական հոգածություն», նշում է նա եւ ավելացնում, որ Հայաստանը շատ է դանդաղում այս հարցում, քանի որ մենք դեռեւս չունենք անգամ նշված ալիքների անվտանգության չափաբաժինների համար մշակված օրենսդրական ակտեր:

Էլեկտրամագնիսական ալիքների անվտանգության չափաբաժինների սահմանման եւ այդ գործընթացների իրականացման հարցերով զբաղվում են կենսաֆիզիկոսները, որոնց վերապատրաստմանը նպաստելու համար Կենսաֆիզիկոսների միջազգային կազմակերպությունը ձեռնամուխ է եղել ստեղծելու կենսաֆիզիկոսների տարածաշրջանային միջազգային ինտեգրացիոն կենտրոններ:

Սեմինարին կհաջորդի ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների եվրոպական գրասենյակի առաջատար գիտության խորհրդակցությունը, որը տեղի կունենա մարտի 3-5-ը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4