«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2005-02-26 | #36, 2005-03-01 | #37, 2005-03-02


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՉԻ ԶՈՒԳՈՐԴՎՈՒՄ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՄԲ

Ինչը վտանգում է երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը

Հայաստանում ստվերային տնտեսության ծավալները վերջին երեք-չորս տարիներին ըստ էության մնում են անփոփոխ: Չնայած բյուջե մուտք գործող գումարները տարեցտարի աճում են, բայց տոկոսային աճ համառորեն չի արձանագրվում: Երբեմն անգամ նվազում է արձանագրվում: Ասվածն ապացուցելու համար բավական է ծանոթանալ բացառապես պաշտոնական ցուցանիշներին, ինչից հավանաբար անտեղյակ են կամ էլ անտեղյակ են ձեւանում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, հարկային եւ մաքսային ծառայությունների ղեկավարներն ու պաշտոնյաները: Հետեւաբար, այդ մասին կամ չեն տեղեկացվում, կամ տեղեկացվում են, բայց անտեղյակ են ձեւանում նաեւ երկրի նախագահն ու վարչապետը: Արդյունքում, ինչպես արդեն նշվեց, ունենում ենք չնվազող ստվերային տնտեսություն:

Ավելի հասկանալի լինելու համար հստակեցնենք, որ խոսքը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ եկամուտների, ավելի կոնկրետ հարկային եկամուտների ցուցանիշների մասին է: Հիշեցնենք, որ նաեւ այս ցուցանիշով է բնութագրվում երկրի զարգացածության, սոցիալական խնդիրները լուծելու կարողության մակարդակը, երեւում, թե երկրում ստեղծվող համախառն արդյունքի որ մասն է վերաբաշխվում հասարակության մեջ: Որպես կանոն որքան բարձր է այդ ցուցանիշը, այնքան բարեկեցիկ է տվյալ երկրի բնակչությունը: Զարգացած երկրներում ՀՆԱ նկատմամբ պետական բյուջեի հարկային եկամուտները հասնում են 25-30 տոկոսի: Իսկ այժմ տեսնենք, թե ինչպիսին է պատկերը Հայաստանում:

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության, ՀՆԱ նկատմամբ պետբյուջեի հարկային եկամուտները 2001 թ. կազմել են 13,2 տոկոս, 2002 թ.ՙ 13,7 տոկոս, 2003 թ.ՙ 13,1 տոկոս, 2004 թ.ՙ 13,2 տոկոս: Այստեղից երեւում է, որ մեր երկիրը, մեղմ ասած, շատ հեռու է զարգացած երկրներից եւ տեսանելի ապագայում, դժբախտաբար, հազիվ թե հասնի նրանց: Հարկ ենք համարում հիշեցնել, որ երկու-երկուսուկես տարի առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցումային փուլում գտնվող երկրների համար բնականոն համարեց ՀՆԱ նկատմամբ 15-16 տոկոս ցուցանիշը: Ավելին, նախագահի այս արտահայտությանը հաջորդեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հայտարարությունը, որ եթե ՀՆԱ նկատմամբ հարկային եկամուտները 20 տոկոսից պակաս լինեն, ապա տնտեսությունը պարզապես կխեղդվի: Ճիշտ է, նախագահի հետ հակադրվելուց խուսափելու համար նախարարը հետագայում ճշտեց, որ այդ ցուցանիշին պետք է հասնել աստիճանաբար: Սակայն ինչպես երեւում է վերոնշյալ ցուցանիշներից, վերջին չորս տարիներին դրական տեղաշարժ ուղղակի չկա: Դա նշանակում է, որ հեռու ենք նախագահի եւ առավել եւս նախարարի մատնանշած ցուցանիշներին հասնելուց:

Ազգային վիճակագրական ծառայության այս ցուցանիշներից հաջորդը, որ աչքի է զարնում, այն է, որ ինքնագովքով զբաղված ու հարկերի հավաքման ավելացման մասին թմբկահարող մեր «փառապանծ» հարկային եւ մաքսային մարմինները ոչ միայն դոփել են տեղում անցած չորս տարիներին, այլեւ վերջին երկու տարիներին նախ էապես նվազեցրել են ՀՆԱ նկատմամբ հարկերի ցուցանիշը, ապա հերոսաբար հաղթահարել իրենց իսկ ստեղծած կացությունը, հասնելով ընդամենը 2001 թ. մակարդակին: Ավելի պարզ ասած, այդ տարիներին հարկային եւ մաքսային մուտքերի գումարային առումով ավելացումը եղել է զուտ տնտեսական աճի շնորհիվ, առանց ստվերային տնտեսությանը լրջորեն անհանգստացնելու: Աճել է ստեղծվող արդյունքը, աճել են մուտքերը: Սակայն ցավոք, գոնե այս գործընթացը համամասնորեն չի ընթացել: ՀՆԱ-ն աճել է երկնիշ թվով, իսկ նրա նկատմամբ հարկերը կամ չեն ավելացել, կամ նվազել են, կամ էլ աճել են ընդամենը տասնորդականներով: Պատճառների մասին բազմիցս ենք գրել: Մատնանշենք դրանցից երկու ամենակարեւորներըՙ իշխանությունների մեջ «տանիք» ունեցող բիզնեսը հարկերը չի վճարում շնորհիվ այդ «տանիքի», իսկ չունեցողներըՙ հարկային եւ մաքսային համակարգի աշխատակիցներին կաշառք տալով:

ՀՆԱ նկատմամբ հարկային եկամուտների նման ցուցանիշները պետք է որ լրջորեն մտահոգեն երկրի բարձրագույն իշխանություններին: Եթե արմատական փոփոխություններ չկատարվեն եւ առաջընթաց չարձանագրվի նաեւ տոկոսային ցուցանիշներում, ապա կվտանգվեն ոչ միայն տնտեսության զարգացման գործընթացը, աղքատության հաղթահարման, բարեկեցիկ կենսամակարդակի հասնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու եւ իրական հաջողություններ արձանագրելու հնարավորությունները, այլեւՙ երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունը: Տնտեսության զարգացումը դեռեւս բավարար չէ, որ դա տեղի չունենա: Հարկ է ունենալ բարենպաստ գործարար մթնոլորտ եւ մասնավորապես հավասար մրցակցային դաշտ, օրինական գործունեությունը խթանող հարկային օրենսդրություն, ինչից հետո միայն պետբյուջեում լուրջ մուտքեր ապահովող խիստ վարչարարություն: Այս կերպ Հայաստանը, ի թիվս մյուս հարցերի լուծման, լրացուցիչ ռեսուրս կունենա նաեւ մեր եւ հարեւան երկրի միջեւ ստեղծված ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4