«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2005-02-26 | #36, 2005-03-01 | #37, 2005-03-02


ԳԱՐՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՍՐՃԱՐԱՆՆԵՐ Է ԲԱՑԵԼ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ

Մայրաքաղաքի Աբովյան փողոցում շուտով կքանդվի նաեւ թիվ 32 բնակելի շենքը, որտեղ ներկա պահին ապրում է վերջին 2 ընտանիքը: Այս շենքն, իհարկե, պատմամշակութային հուշարձան չէ եւ ճարտարապետական որեւէ արժեք չի ներկայացնում:

«Սուպեր մոդեռն» համալիրներիՙ «Սթարի» եւ «Աստաֆյանի» մեջտեղում ծվարած թիվ 32 բնակելի շենքն իր խարխուլ ու ծուռումուռ տեսքով վաղուց արդեն խղճուկ տպավորություն էր թողնումՙ էլ ավելի ընդգծելով միջավայրի անճաշակությունն ու խայտաբղետությունը: Երեւանցիներիս մտահոգող հարցն այն է, թե ի՞նչ կկառուցվի դրա տեղում, եւ որքանով կներդաշնակի նոր միջավայրին:

Մայրաքաղաքի սիրտը համարվող Աբովյան փողոցը պահել չենք կարողանում, ուր մնաց թե քաղաքի կենտրոնը, առավել եւս ողջ քաղաքը: Մշտապես զբոսաշրջիկներով լի այս փողոցում, հատկապես Աբովյան 26-ում, նախկին «Զեփյուռ» վարսավիրանոցի դիմաց, ուղիղ մայթեզրին, գարնան հետ կբացվեն միանգամից 3 սրճարաններ: Ներկա պահին դրանց մետաղյա կմախքն արդեն զարհուրելի տպավորություն է թողնում, եւ միանգամայն պարզ է, թե ի՞նչ տեսք կունենա փողոցը դրանց շինարարության ավարտից հետո: Շենքի բնակիչները պատմեցին, որ այդ սրճարաններից մեկը մի քանի տարի առաջ քաղաքացիների բազում բողոքներից հետո ապամոնտաժվել է: Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության վարչությունից տեղեկացանք, որ ինչպես այդ երեքի, այնպես էլ մետրո «Երիտասարդականի» անցումի մոտ, Ավետիք Իսահակյանի արձանի հարեւանությամբ այս պահին թափով կառուցվող սրճարանները ապօրինի չեն, այլ կառուցվում են քաղաքապետարանի թույլտվությամբ: Կոնկրետ Աբովյան 26 շենքի առաջին հարկի սեփականատերերը չեն բավարարվել միայն սրճարաններով, մտել են նաեւ բակ եւ իրենց տարածքն ընդարձակել բակի կողմիցՙ ամբողջությամբ վերացնելով այդ հատվածի կանաչ տարածքը: «Ժամանակին այդտեղ կանաչ տարածք էր, ծաղիկներ կային, մարդիկ նստում, հանգստանում էին: Առաջին հարկը սեփականաշնորհելուց հետո բակից ոչինչ չմնաց: Փողոցի կողմից շուտով սրճարանների աղմուկից կխենթանանք, իսկ բակի կողմից դեռ չգիտենք, ինչ են կառուցում», ասացին բնակիչները, միաժամանակ դժգոհելով իրենց հարեւաններից, որոնք շենքի լիազորի միջնորդությամբ մասնակցել էին առաջին հարկը ընդարձակելու ստորագրահավաքին: Ընդարձակված հատվածի գլխին արդեն կառուցվում է երկրորդ հարկը, հետո էլ կկառուցվի երրորդը եւ.... կանաչապատ բակից իրենց զրկած մի խումբ երեւանցիներ կունենան եւս մեկ ընդարձակ պատշգամբ:

«Ինչ պիտի անեք դրանց դեմ, ամբողջ քաղաքն առել ու ինչ ուզում անում են: Մի քանի ամիս առաջ թերթերից մեկում այս շենքի մասին գրեցին, բայց լսողն ո՞վ է, ով փող ունի, նա է որոշում», ասաց մի երիտասարդ: Նա եւս հաստատեց, որ ժամանակին շենքը ծառ ու ծաղիկներով հրաշալի բակ է ունեցել: Այժմ 2 ծառ է մնացել Սայաթ-Նովայի փողոցի կամարի կողքի մուտքի մոտ, որտեղ սեփականատերերը դեռ իրենց գործը չեն սկսել:

Ի վերջո, ո՞ւմ է պատկանում այս քաղաքը, այսպես շարունակվելու դեպքում շուտով կհայտնվեն ցուցանակներ, օրինակ, հետեւյալ գրությամբՙ «Աբովյան 26 չմտնել, այնտեղ կերուխում անողների ախորժակի վրա չազդելու համար»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4