«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2005-03-02 | #38, 2005-03-03 | #39, 2005-03-04


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Մարտի 1-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի շենքում Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավոր նախագահ Դենիզ Բայքալը կուսակիցների հետ հանդիպմանը ներկաների ուշադրությունը հրավիրել է օտարերկրյա խորհրդարաններում տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման ծավալվող աշխատանքների վրա եւ ընդգծել այդ հարցի լուծման անհրաժեշտությունը:

Բայքալը նշել է, որ հարցի առնչությամբ հանդիպելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ապա եւ ավելացրել. «Ով այս հարցում ինչ-որ գիտի, թող բերի: Չենք կարող հանդուրժել, որ աշխարհը դա քարոզչական հնարքներով մեզ վրա բարդի: Եթե հանցանք ենք գործել, ապա կկատարենք պետք եղածը: Սակայն չենք կարող աչք փակել մեղադրանքների նկատմամբ: Պատմությունը ցույց է տալու, որ Թուրքիան որեւէ բեռի տակ չէ: Պատմությունն անտեսելու միջոցով մեզ մատուցվող հանցագործի պիտակը պատռելու համար վարչապետին համատեղ աշխատելու առաջարկ եմ անելու»:

Բայքալի առաջարկի մասին մարտի 2-ի համարում տեղեկացնում է «Միլլիեթը», միաժամանակ նշում, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահի առաջարկը նախատեսում է Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրելու նպատակով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված համատեղ հանձնախմբի ստեղծումը Յունեսկոյի հովանավորությամբ:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4