«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2005-03-02 | #38, 2005-03-03 | #39, 2005-03-04


«ԱԼ ՂԱԻԴԱՆ» ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԿԱՆ ԶԵՆՔ Է ՄՇԱԿԵԼ ՊԱՆԿԻՍԻ ԿԻՐՃՈՒՄ

«Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի գրոհայինները Վրաստանումՙ Պանկիսի կիրճում զբաղվել են քիմիական եւ մանրէական զենքի մշակումներով: Նման հայտարարությամբ Լիոնում հանդես է եկել Ֆրանսիայի ներքգործնախարար Դոմինիկ դը Վիլպենը Ինտերպոլի կազմակերպած եւ կենսաահաբեկչության հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովում:

«Մեր հայթայթած փաստաթղթերը հաստատում են, որ «Ալ Ղաիդան» փորձել է ձեռք բերել կենսաբանական զենք եւ մշակել դրա կիրառման մեթոդներ: Աֆղանստանում թալիբների վարչակարգի տապալումից հետո այդ աշխատանքների մի մասը շարունակվեց Պանկիսի կիրճումՙ Չեչնիայի սահմանի մոտ», հայտարարել է ներքգործնախարարը:

Երկու տարի առաջ Վրաստանի պետանվտանգության նախարարությունը եւս նման հայտարարություն էր արել: Նախարարության տվյալներով, Պանկիսում «Ալ Ղաիդայի» գրոհայիններն ուսումնասիրել են պայթուցիկ եւ թունավոր նյութերի, այդ թվում խիստ թունավոր ռիցինիումի պատրաստման եղանակները:

Այս տարվա հունվարի կեսերին Վրաստանում Ռուսաստանի դեսպանությունը կոչ արեց խորացնել երկու երկրների հատուկ ծառայությունների եւ սահմանապահ գերատեսչությունների փոխգործողությունը: Պաշտոնական Թբիլիսին ժխտում է Պանկիսում չեչեն գրոհայինների եւ այլազգի ծայրահեղականների ներկայությունը, նշում է «Իզվեստիա» թերթը:

Փետրվարին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը հայտարարեց, որ Մոսկվան իրեն վերապահում է աշխարհի որեւէ կետում գրոհայիններին կանխիչ հարված հասցնելու իրավունք:

Մարտի 2-ին Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին Եվրոմիությանը խնդրեց քննության առնել ռուս-վրացական սահման ԵՄ ներկայացուցիչների խումբ գործուղելու հնարավորությունըՙ Պանկիսին Ռուսաստանի կանխիչ հարվածներ թույլ չտալու նպատակով:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4