«Մենք ավելի շատ ակնկալում ենք ընդդիմադիրների հարցադրումներն ու առաջարկները»
Վենետիկի եւ ԵԱՀԿ փորձագետների մասնակցությամբ խորհրդարանում մեկնարկել են ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկումները: Նրանց երեկ ընդունել է ԱԺ նախագահը: Փորձագետները Երեւան են եկել հատուկ ընտրական օրենսգրքի գրավոր փորձագիտական եզրակացությունը մեր խորհրդարանականների հետ քննարկելու համար: Նպատակը միջազգային չափորոշիչներին արժանի ընտրական օրենսգրքի ստեղծումն է:
«Արդարություն» խմբակցությունից քննարկմանը մասնակցում էին Շավարշ Քոչարյանը, Գրիգոր Հարությունյանը, կոալիցիայի, ՄԱԿ-ի եւ «Ժողպատգամավոր»-ի ներկայացուցիչներ: Քննարկումը փակ էր, այնպես որ արդյունքների մասին տեղեկացանք «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից: Փորձագետներից բացի այս հանդիպում-խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը:
«Փորձագիտական եզրակացության 62 առաջարկներից 42-ը ընդունելի են մեզ համար, բայց կան նաեւ ձեւակերպումների խնդիրներ: Այսօրվա խոսակցությունը հիմնականում դրանց վերաբերյալ էր, որոշ հարցերի շուրջ փորձագետներն իրենք էլ դժվարանում էին լուծում առաջարկել»:
Հիշեցնենք, որ փորձագետների դիտողությունները հիմնականում վերաբերում են ընտրացուցակներին, հանձնաժողովներ կազմելուն, դիտորդների եւ վստահված անձանց ինստիտուտների իրավասություններին:
Արդեն հայտնի է, որ մեր եւ եվրոպացիների հիմնական հակասությունը վերաբերում է ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը առ այն, որ ըստ կարգի, նախագահը հանձնաժողովում 3 անդամ նշանակելու իրավասություն ունի: Դժվարամարս այդ հարցը թողնվել է քննարկումների վերջում, մյուս բոլոր հարցադրումների ու տեսակետների պարզաբանումից հետո: «Հավանաբար այլընտրանքային առաջարկներից մեկը կլինի ոչ կուսակցական հանձնաժողովների ստեղծումը, ես կարծում եմ, պիտի այնպիսի լուծում առաջարկվի, որի դեպքում հանձնաժողովն ի վիճակի չի լինի ընտրության ելքը որոշել, մնացածը տեխնիկական հարցեր են», ասաց Գալուստ Սահակյանը: Նա նաեւ ընդգծեց, որ իրենք հարցադրումներ ու առաջարկներ ակնկալում են ավելի շատ ընդդիմադիր ճամբարից, եւ փորձելու են նրանց առաջարկներին ավելի մեծ տեղ տալ օրենքի մեջ: «Նրանց առաջարկների մեծ մասը մեզ համար ընդունելի է»:
Վենետիկի եւ ԵԱՀԿ փորձագետները շրջանցում են խորհրդարանում երկարատեւ վիճարկումների, տարաձայնությունների թեմա դարձած համամասնական-մեծամասնական ընտրակարգերի հարաբերակցության հարցը: Այդ հարաբերակցությունը տարբեր երկրներում տարբեր է` կախված նրանց ժողովրդագրական առանձնահատկություններից ու քաղաքական ավանդույթներից:
Որոշակի սրբագրումներ են լինելու նաեւ վստահված անձանց վերաբերյալ: Ըստ գործող կարգի, վստահված անձինք իրավունք ունեն միայն որոշակի հեռավորության վրա հետեւել ընտրական անցուդարձին, այժմ ընտրացուցակները նրանց ավելի մատչելի կդառնան, եւ ձայների հաշվարկին ավելի մոտիկից հետեւելու հնարավորություն կստանան:
Չեն մասնակցի միայն հանձնաժողովի որոշումներ ընդունելու գործընթացին: Կփոխվի ու կմշակվի նաեւ բողոքարկման հատուկ նոր ձեւ:
Փորձագիտական եզրակացության բոլոր դրույթները, ի վերջո, Հայաստանը ժողովրդավարությանն ու դրա չափանիշներին հնարավորինս մոտեցնելն է:
Այսօր Հայաստանում ամեն մի արատավոր իրողության` քաղաքական, տնտեսական կլանային համակարգի, «բեսպրեդելի» իշխանության, սոցիալական թշվառության արմատները իշխանությունը եւ ընդդիմությունը փնտրում են կեղծված ընտրությունների մեջ: Կլինե՞ն ազատ, կեղծիքներից զերծ ընտրություններ, կլինի նաեւ օրինական իշխանություն ու սոցիալական արդարություն:
Հայաստանում վաղուց մոռացել են արդար ընտրությունների մասին: Որքան էլ տարօրինակ է, այդ մասին խոսում են ե՛ւ խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժերը, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ խորհրդարանական ու իշխանական ուժերը: Թվում է, թե դա է միայն ե՛ւ քաղաքական էլիտայի, ե՛ւ այդ հարաբերական մակարդակին ձգտող կուսակցությունների վարդագույն երազանքը:
Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին լծված փորձագետներն ու մեր խորհրդարանականները, սակայն, քաջ գիտեն, որ յուրաքանչյուր բարեփոխում դատարկ հնչյուն է մնալու, եթե իրականություն դարձնելու բարձրագույն կամքը բացակայի: Ընտրացուցակները, միեւնույն է, էլի կեղծվելու են: Անկախ այն բանից, որ կփոխվի հանձնաժողովների ձեւավորման սկզբունքը, ընտրակաշառքներ էլի բաժանվելու են: Ընտրություններին մասնակցելու գաղափարը մեզանում ամենից առաջ զուգորդվում է հարստության ու որեւէ կլանի անդամը լինելու իրողությունների հետ: Եթե տանիք ու միջոցներ չունես, անիմաստ է մասնակցել նույնիսկ ավագանու ընտրություններին:
Սակայն եվրոպացի փորձագետները իրենց եզրակացության մեջ շրջանցել են քաղաքական կամքի` իբրեւ արդար ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանի անհրաժեշտությունը:
Քննարկումներն այսօր շարունակվում են:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ