Փոփոխություններ, ուսանողական վարկային ծրագրեր
Հայաստանի ամերիկյան համալսարանի գործունեության 14 տարիներին շուրջ 1400ՙ տարբեր մասնագիտություններով շրջանավարտների (արդյունաբերական ճարտարագիտություն եւ համակարգերի կառավարում, համակարգչի եւ տեղեկույթի գիտություն, գործարար կառավարում, հանրային առողջապահություն, իրավագիտություն, համեմատական իրավական ուսմունքներ, քաղաքագիտություն, անգլերենի դասավանդումը որպես օտար լեզու) գերակշիռ մասը (մոտ 80 տոկոս) այսօր ներգրավված է Հայաստանի տնտեսական եւ հասարակական կյանքի զանազան ոլորտներում: Մեր հանդիպման ընթացքում ՀԱՀ-ի նախագահ Հարություն Արմենյանը վստահեցրեց, որ այդ տարիներին չի արձանագրվել որեւէ դեպք, երբ ուսանողը նյութական կարիքի պատճառով չշարունակեր համալսարանական կրթությունը: Իսկ վերջին տարիներին ուսանողներին ֆինանսական եւ բարոյական աջակցություն տրամադրելու նոր հնարավորություններ են ստեղծվել. համալսարանում գործող ուսանողական վարկային ծրագիրը միանգամայն նորություն է հայաստանյան իրականության համար:
Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, ՀԱՀ-ում ուսումնական տարեսկիզբը (մարտի 1-ը) նշանավորվում է ուսանողության հետ դասախոսական անձնակազմի հանդիպումով, որի ընթացքում համալսարանի նախագահ Հարություն Արմենյանն իր ուղերձում հիմնականում ներկայացնում է արեւմտյան կրթության էությունըՙ ազատ մտածողության, անհատական մոտեցումների, ինքնատիպ եւ ինքնուրույն գործելաոճի սկզբունքներով:
- Որպես հաստատություն մեզի համար կարեւորը մեր փոխհարաբերություններու մեջ արժանապատվության հարցն է. եթե չկարողանանք այդ բարոյական բարձրության վրա մեր ուսանողները դնել, ուրեմն ձախողած ենք մեր գործը: Կարեւորն այդ ուսման փիլիսոփայության ընդունիլն, ընկալելն է եւ այդ փիլիսոփայությունն օգտագործելն է ամբողջ կյանքի ընթացքին:
Յուրաքանչյուր ուսումնական տարի նոր պարտավորություններ ու ծրագրեր է առաջադրում: Իր զարգացումների ճանապարհին Հայաստանի ամերիկյան համալսարանն այժմ միջազգային հաստատություն դառնալու փորձության շրջան է անցնում: Համալսարանական կյանքի անհրաժեշտ փոփոխություններից մեկը մթնոլորտի մեջ այլազանություն ապահովելն է, որ կատարվում է նաեւ արտերկրի ուսանողության շնորհիվՙ պայմանավորված նրանց մտայնությունների, մտածողության տարբերություններով, իրենց բնորոշ մշակութային, քաղաքակրթական տարրերով: Հետաքրքրական է, որ հասարակական մթնոլորտի մեջ այլազանություն ստեղծելու անհրաժեշտության մտահոգությունը տարածվում է ոչ միայն երիտասարդության, այլեւ միջին, ավագ սերունդների վրա, եւ այդ մտահոգությունների կենտրոնը տեղափոխվում է վերակրթության, վերադաստիարակությանՙ շատ ավելի բարդ հարթություն. սա նաեւ ընդհանուր իմաստով:
Համալսարանական կյանքի հետագա զարգացումների համար կարեւորագույն նշանակություն է ունենալու Փ. Ավետիսյան գիտաուսումնական նոր մասնաշենքի կառուցումըՙ իր նշանակությամբ, ճարտարապետական լուծումներով տարածաշրջանում իբրեւ XXI դարի եզակի կառույց: Արդեն սկսված շինարարական աշխատանքները հոգեբանորեն, ոգեւորող բնույթ ունեն նաեւ, որ ենթադրում է համալսարանական մթնոլորտի ապագա փոփոխությունների իրականացում:
Հայաստանի ամերիկյան համալսարանը հայկական իրականության մեջ առաջինն էր, որ ստեղծեց ուսանողական փոխառությունների համակարգ, որը գործում է ավելի քան 2 տարի: Նյութական սուղ միջոցներ ունեցող ուսանողներին հնարավորություն է ընձեռված օգտվելու ուսման վարձի աջակցության, դրա մասնավճարով մուծման եւ փոխառության (վարկային) ծրագրերից: Վերջինը կարճատեւ եւ երկարաժամկետ վարկային օգնություն է տրամադրում ուսանողներին, ընդ որում վարկերը վերադարձնելու ժամկետները սահմանված են ոչ միայն ուսման տարիներին, այլեւ ուսումնառության ավարտից հետո մեկուկես տարվա ընթացքում (ամբողջությամբ կամ մաս-մաս), այսինքնՙ աշխատանքային ապահովվածությամբ: Վարկային այս ծրագիրը ուսման շարունակություն տալու հնարավորությունից բացի, կարեւորվում է երիտասարդներին ինքնավստահություն, ինքնուրույնություն եւ հասունություն ներշնչող հանգամանքներով:
Համալսարանում հաստատագրված կրթավճարը կազմում է 6000 ԱՄՆ դոլար, սաՙ արտերկրի ուսանողների համար, որ կազմում է քիչ քանակություն (5-10 տոկոս), հայաստանցի ուսանողների համար արդեն 3-րդ տարին արձանագրված է հաստատուն գումարՙ 1750 դոլար, ինչն այլ երկրների նմանաբնույթ կրթության համեմատությամբ բավականին մատչելի է (օրինակ, Բեյրութի ամերիկյան համալսարանում դա 12.000-14.000 դոլարի սահմաններում է, բժշկության ոլորտումՙ 26.000 դոլար, սա վերաբերում է նաեւ ԱՊՀ երկրների ամերիկյան համալսարաններին):
Անցած ուստարում համալսարանում ներդրվեց «Թուրփանջյան ընտանեկան հիմնադրամի» կրթաթոշակի ծրագիրըՙ սահմանել կրթաթոշակային կարգ ծնողազուրկ, 1988-ի երկրաշարժից տուժածների, նաեւ սոցիալապես անապահով խավի ուսանողների համար. այս նպատակով նախատեսված է 1 մլն դոլար 10 տարիների ընթացքում: Անցած տարի ծրագիրը հոգացել է 147 ուսանողի ուսման, որի 10 տոկոսըՙ ՀԱՀ-ի, մնացածը այլ բուհերի ուսանողների ծախսերը: «Թուրփանջյան ընտանեկան հիմնադրամի» կրթաթոշակային ծրագրի, որ ընդգրկում է հայաստանյան բուհական համակարգը, վստահությունն ըստ էության առաջացավ Հայաստանի ամերիկյան համալսարանի փորձից հետո միայն:
Ուսանողական աջակցությունը ՀԱՀ-ում չի սահմանափակվում միայն նյութականով: Փորձ է արվում իրականության կոչել «Մեծ եղբայր, մեծ քույր» ծրագիրը, որի էությունը Թուրփանջյան կրթաթոշակ ստացող ուսանողների նկատմամբ ՀԱՀ-ի շրջանավարտներիՙ ավագների վերահսկողությունը, ուսման ընթացքին հետեւելը, հոգատար վերաբերմունքն է (հատկապես կարեւորՙ ծնողազուրկ ուսանողներին, նաեւ մարդկային փոխհարաբերությունների եւ հոգեբանության վերափոխման տեսակետից):
- Հայկական իրականության համար նորություն մը չէ, կհիշեմ Պոլսո մեջ քիչ մը ինքզինք հանգիստ զգացող մարդը միշտ պարտականություն ստանձնած էր աղքատ երեխա մը վերցնելու, կնքահայրություն ընելու: Ասիկա մեր շրջանավարտներուն կսորվեցնե, որ իրենց անհատական եսեն անդին կարողանան ապրիլ: Մեր նպատակը մեծ թիվով ուսանող ունենալը չէ: 1400 շրջանավարտ ունինք, որ փոքր երկրի համար քիչ թիվ չէ, նաեւ աշխատանքի տեսակետեն: Մեր շրջանավարտներու 75 տոկոսը Հայաստանի մեջ կաշխատի, կան նաեւ ուսանողներ, որ ԱՄՆ կերթան զանազան ենթամասնագիտություններու համար: Հոս կարեւոր հանգամանք մը կա, թե կրթական աստիճաններու վրա ուսանողը որչափ կբարձրանա: Եթե դոկտորական մը ըրավ, որ շատ նեղ մասնագիտություն է եւ Հայաստան գործ չպիտի գտնե, հոնՙ ԱՄՆ կմնա, եւ չես ալ կրնար այդ երիտասարդին ձեռքը կապել, չես գիտերՙ հետագային ինչ օգուտ կրնա բերել Հայաստանին:
Մենք որպես հաստատություն Հայաստանի ամերիկյան համալսարան ենք, այսինքնՙ Հայաստանը առաջ կուգա եւ այդ մտահոգությամբ կծավալենք մեր գործունեությունը, ըլլա Ղարաբաղ թե Հայաստանՙ «Նորք-Մարաշ», թե Թվային գրադարան, թե բիզնես ծրագիրները: Առհասարակ այս համալսարանը մեջտեղ եկավ զոհողություններու, նվիրատվություններու ձեւով: Երբ պրոֆեսորներու կամ ղեկավար անհատներու ընտրություն կկատարենք, մեզի համար կարեւոր էՙ ինչ է իրենց, այսպես կոչված, միսիայի գիտակցությունը, այս գործին կմոտենան որպես պաշտոնի, թե՞ առաքելության: Անկեղծորեն այս մոտեցումով ոչ հայ ուսուցիչներ, պրոֆեսորներ ունինք, որոնք նույնքան կոչված են այդ առաքելության զգացումով: Առաքելության հարցը պարտավորություններե զատ ինձի համար շատ կարեւոր է, որովհետեւ երկիր կառուցելը միայն նշխար մը տալով չի վերջանար: Երկիր կառուցելը հետեւողական տասնամյակներու վրա երկարող աշխատանք է, այդ զգացումով պետք է մոտենալ, եւ մեր համալսարանը փոքր մաս մըն է այդ ճիգեն,-ասում է Հարություն Արմենյանը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ