Արդեն ավելի քան 30 տարի Արմավիրում անցկացվում է Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի ֆուտբոլի հուշամրցաշարը: Նոր մրցաշրջանին նախապատրաստվող հայաստանյան թիմերի համար հուշամրցաշարը խաղային փորձ ձեռք բերելու, ֆուտբոլիստների պատրաստականությունը ստուգելու հիանալի հնարավորություն է: Բացառություն չէր նաեւ այս տարվա մրցաշարը, որին մասնակցեցին 8 թիմեր: Նախնական փուլում թիմերը բաժանվել էին 2 խմբի: Առաջինում մրցակիցների նկատմամբ իր բացահայտ առավելությունը դրսեւորեց Երեւանի «Արարատը»ՙ բոլոր 3 հանդիպումներն էլ («Էսթեղլալ-Կոտայք»ՙ 3-1, «Վաղարշապատ»ՙ 5-0, «Լեռնային Արցախ»ՙ 2-0) ավարտելով իր օգտին: Մյուս ենթախմբում ավելի համառ պայքար ընթացավ «Շիրակի», «Լեռնագործ» ակումբի «Արարատ» թիմի եւ «Փյունիկ-2»-ի միջեւ, որոնք վաստակել էին հավասարՙ 6-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով եզրափակիչի ուղեգիր նվաճեց «Շիրակը»:
Երեկ Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտում գլխավոր մրցանակը վիճարկեցին Երեւանի «Արարատն» ու Գյումրու «Շիրակը»: Եզրափակիչ խաղն անցավ բավական աշխույժ մրցակցությունում: Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին շիրակցիները, որոնք մի քանի անգամ սպառնացին «Արարատի» դարպասին: Մասնավորապես 20-րդ րոպեին հաշիվը կարող էր բացել շիրակցի Վարդան Բիչախչյանը, սակայն իր վարպետությունը ցուցադրեց դարպասապահ Ռադաչան: Արարատցիներն էլ կարող էին հաջողության հասնել Արթուր Ավագյանի հեռահար հարվածից հետո, սակայն հաջող խաղաց դարպասապահ Հովհաննիսյանը:
Ընդմիջումից հետո արարատցիները զգալիորեն աշխուժացրին հարձակողական գործողությունները եւ 2 անգամ կարող էին հասնել հաջողության: Նախՙ Արթուր Մինասյանը, մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, չկարողացավ հաղթող դուրս գալ նրա հետ մենամարտում, ապա Կարեն Ավոյանի հարվածից հետո շիրակցիներին օգնության եկավ դարպասի ձողը: Իսկ ահա, շիրակցիներն ավելի հաջողակ գտնվեցին. 62-րդ րոպեին նրանց ձեռնարկած կոմբինացիան դիպուկ հարվածով եզրափակեց Անդրանիկ Բարիկյանը: 2 րոպե անց «Շիրակը» կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն Երվանդ Հակոբյանի հարվածը դիպավ հորիզոնական ձողին: Մի դրվագում էլ վերահաս գոլից արարատցիներին փրկեց Ռադաչանՙ հետ մղելով Գառնիկ Սարգսյանի վտանգավոր հարվածը: Խաղավերջում արարատցիները կարող էին խույս տալ պարտությունից, սակայն Կարեն Խաչատրյանը նպաստավոր դիրքից վրիպեց:
Այսպիսով, հաղթելով 1-0 հաշվով, «Շիրակը» դարձավ հուշամրցաշարի հաղթող: Գավաթը «Շիրակի» ավագ Գագիկ Մարգարյանին հանձնեց Հունան Ավետիսյանի որդինՙ Հենզելը: Մրցաշարի լավագույն խաղացողների համար Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Հլղաթյանի սահմանած մրցանակները հանձնեց մշակույթի բաժնի վարիչ Արսեն Զաքարյանը: Լավագույն դարպասապահ ճանաչվեց արարատցի Նենադ Ռադաչան, պաշտպանՙ շիրակցի Գագիկ Մարգարյանը, կիսապաշտպանՙ շիրակցի Վահան Մառանջյանը եւ հարձակվողՙ արարատցի Ռենատոն:
Խաղից հետո զրուցեցինք թիմերի գլխավոր մարզիչների հետ:
Արկադի Անդրեասյան («Արարատ»)- Մեր երիտասարդ ֆուտբոլիստների համար այս մրցաշարը փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություն էր: Ընդհանուր առմամբ 2 թիմերն էլ ակտիվ խաղ ցուցադրեցին, ունեցան դարպասները գրավելու լավ հնարավորություններ: Ավելի հաջողակ գտնվեցին շիրակցիները, որոնց էլ շնորհավորում եմ հաղթանակի առթիվ:
Ժորա Բարսեղյան («Շիրակ»)- Խաղին մենք շատ լուրջ էինք նախապատրաստվելՙ գիտակցելով, որ մրցակիցն «Արարատն» է, մարզիչն էլՙ Արկադի Անդրեասյանը, որը հանդիպման ընթացքում մարտավարական մի քանի անակնկալներ մատուցեց: Բայց մենք պատրաստ էինք դրան: Տղաները պայքարեցին մինչեւ վերջ: Կարծում եմ, արդյունքը համապատասխանում է ուժերի հարաբերակցությանը: Բավականին հաջող խաղ ստացվեց, մրցակցություն կար: Շատ ուրախ եմ հաղթանակի համար, գոհ եմ տղաների խաղից: Կաշխատենք նմանատիպ խաղ ցուցադրել նաեւ գավաթի եւ առաջնության հանդիպումներինՙ ձգտելով հասնել հաջողության: Ցավոք, ֆինանսական խնդիրների պատճառով չենք կարող մինչեւ գավաթի խաղարկության մեկնարկն ուսումնամարզական հավաք անցկացնել Արարատում: Ուստի ստիպված ենք կրկին մարզումներն անցկացնել Գյումրիում: Գյումրին ֆուտբոլային հին ավանդույթներ ունեցող քաղաք է, եւ որքան էլ ֆուտբոլիստները հեռանան թիմից, միեւնույն է, «Շիրակը» կպահպանի իր մարտունակությունը, գյումրեցուն բնորոշ թասիբը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ