«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2005-03-03 | #39, 2005-03-04 | #40, 2005-03-05


ԴԵՍՊԱՆ ԷՎԱՆՍԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պարզապես նրան զրկում են դիտողության հնարավորությունից

Փետրվարի 16-ին վերլուծաբան Ռոբերտ Պոլոքն ամերիկյան «Ուոլ սթրիթ ջոռնլ» թերթում հրապարակած հոդվածում սուր քննադատության էր ենթարկել Թուրքիային: Ավելին, փետրվարի 19-ին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ինտերնետային էջում նա մատնանշել էր, որ իր հոդվածն արտահայտում է Թուրքիայի նկատմամբ Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը: Պոլոքի հոդվածին հետեւել էր Մայքլ Ռուբինի «Միջին Արեւելք» քառամյա հանդեսում «Կանաչ կապիտալը եւ իսլամական քաղաքականությունը Թուրքիայում» հոդվածը:

Սա եւս քննադատական է, այն տարբերությամբ, որ եթե Պոլոքի քննադատությունը պատճառաբանվում է Թուրքիայում առկա հակաամերիկյան դրսեւորումներով, ապա Ռուբինը դա հիմնավորում է տնտեսական փաստարկներով, որոնց հիման վրա հանգում է քաղաքական հետեւությունների:

Մինչ Պոլոքը պատասխանում էր «Ամերիկայի ձայնի» հարցերին, իսկ նրան «Միջին Արեւելք» հանդեսում հրապարակած հոդվածով լրացնում էր Ռուբինը, փետրվարի 19-ին Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում ամերիկահայերի հետ է հանդիպում Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսը: Հանդիպմանը նա ցեղասպանություն էր որակել Մեծ եղեռնը, որակումը հիմնավորելու համար ընդգծել էր, որ խորհրդակցել է ԱՄՆ պետքարտուղարության իրավաբանի հետ, մատնացույց էր արել վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը, ապա եւ հայտարարել. «Բոլորն են հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը չի կարելի վերադարձնել Ադրբեջանին, որովհետեւ դա կլինի աղետալի քայլ»:

Պոլոքի վերոհիշյալ հոդվածն ու հարցազրույցը լայն արձագանք էին գտել Թուրքիայում, եւ «Ազգը» փետրվարի 25-ի համարում անդրադարձել է հակազդեցության բնույթի այդ արձագանքներին: Որքան էլ Ռուբինը Թուրքիային հասցեագրած քննադատություններով լրացնի Պոլոքին, նա որեւէ լուրջ արձագանք առաջ չի բերել թուրքական մամուլում: Հակառակ դրան դեսպան Էվանսի հայտարարությունները բախվել են ինչպես Թուրքիայի պաշտոնական շրջանակների, այնպես էլ թուրքական թերթերի հակազդեցությանը:

Հակազդեցության բնույթը ենթադրելի է: Այդ իսկ պատճառով նախընտրում ենք անդրադառնալ Ջոն Էվանսի Երեւանում արված պարզաբանումների թուրքական արձագանքներին: Դեսպանի պարզաբանումները հաղորդագրությամբ փետրվարի 28-ին տարածեց Մ. Նահանգների դեսպանությունը, որին հետեւեց մարտի 1-ին խմբագրված տարբերակի տարածումը:

Ինչպես հայտնի է, փետրվարի 28-ի հաղորդագրությամբ Ջոն Էվանսը նշել էր, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Մեծ եղեռնի հարցում չի փոխվել, ինքը դա որակելով «ցեղասպանություն», արտահայտել է իր անձնական կարծիքը, որը, թերեւս, տեղին չէր: Նա մոտավորապես նույնն էր ասել Լեռնային Ղարաբաղին վերաբերող իր հայտարարության առնչությամբ, թե ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ափսոսանք էր հայտնել այդ հայտարարությունների թյուրըմբռնման համար:

Մարտի 2-ի համարում «Հյուրիեթը» դեսպան Էվանսի պարզաբանումները համարում է դեմարշ եւ պայմանավորում ԱՄՆ պետքարտուղարության անմիջական միջամտությամբ: Այսպիսով ստացվում է, որ պետքարտուղարությունն ստիպել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանին հրաժարվել ամերիկահայերի հետ հանդիպմանն արած հայտարարություններից: Ինտերնետային «Սանսուրսուզ» թերթն էլ մարտի 3-ին ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության խմբագրումը վերագրում է Թուրքիայի միջամտությանը, մասնավորապես գրելով. «Հակառակ ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությանը, անցյալ դարաշրջանի հայկական իրադարձություններն իբրեւ «ցեղասպանություն» որակելու համար պետքարտուղարության պարտադրանքով ներողություն խնդրելու փաստի առջեւ կանգնած դեսպան Ջոն Էվանսը երբ պարզաբանումներում վերստին օգտագործեց «ցեղասպանություն» արտահայտությունը, ապա Թուրքիայի դիտողությամբ ստիպված եղավ նոր հաղորդագրություն տարածել, որպեսզի սխալն ուղղի»:

Եթե խոսքը դեսպան Էվանսի պարզաբանումներում «ցեղասպանություն» արտահայտության մասին է, ապա նա այդ արտահայտությունն օգտագործում է ինչպես փետրվարի 28-ի, այնպես էլ մարտի 1-ի հաղորդագրության մեջ: Ավելին, այս հաղորդագրություններն իրարից գրեթե ոչնչով չեն տարբերվում: Պարզապես վերջինը «խմբագրված տարբերակ» է կոչվում: Չտարբերվելու պարագան ենթադրում է առաջին հաղորդագրությանը հետամուտ լինելու ԱՄՆ դեսպանի վճռականությունը: Այս պայմաններում հաղորդագրության խմբագրումը ձեւական բնույթ է ստանում, որպեսզի հնարավոր լինի դրա «խմբագրված» տարբերակով Թուրքիային դիտողության առիթ չտալ:

Այլ կերպ, դեսպան Էվանսի հաղորդագրության ո՛չ առաջին, ո՛չ էլ խմբագրված երկրորդ տարբերակն իրականում հաշվի չի առել Թուրքիայի դիտողությունը: Որքան էլ դեսպանը պարզաբանումներում ասի, թե «ցեղասպանություն» բառի օգտագործումն արտահայտում է իր անձնական տեսակետը եւ ափսոսանք հայտնի Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու անհնարինության մասին իր հայտարարության առնչությամբ, այնուամենայնիվ, երկու հաղորդագրություններում էլ կողմերին մատնացույց է արվում «սարսափելի իրադարձությունների» հարցում ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը եւ ընդգծվում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Սա նշանակում է, որ Ջոն Էվանսն անկախ Հայոց ցեղասպանության հարցում Մ. Նահանգների քաղաքականությունից, այդ հարցը դնում է Թուրքիայի առջեւ, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը Վաշինգտոնի ցուցաբերած աջակցությունը չի խանգարում, որ նա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց բարձրացնի: Քանի որ դեսպանը դրա լուծումը պայմանավորում է Հայաստանի հետ Ադրբեջանի բանակցություններով, ուստի «կարգավիճակն» առաջնային է դառնում: Դա ինքնաբերաբար երկրորդ պլան է մղում «տարածքային ամբողջականության» հարցն այնպես, ինչպես Թուրքիայի առջեւ դրված Հայոց ցեղասպանության հարցով երկրորդ պլան է մղվում դրա պաշտոնական բնութագրումն ԱՄՆ-ում: Միայն թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի գինը գրավյալ տարածքները չլինեն:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4