«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2005-03-03 | #39, 2005-03-04 | #40, 2005-03-05


«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵԼՈՒ Է ՈՉ ԹԵ ՍՓՅՈՒՌՔԻ, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ»

Հայտարարում է վարչապետ Էրդողանի խորհրդականը Գերմանիայում

Մարտի 1-ի համարում «Ազգը» տեղեկացրել էր «Հայոց ցեղասպանությունը 90-րդ տարելիցին եւ հասարակական պատասխանատվությունը. քննարկում են Թուրքիայի մտավորականները» թեմայով մարտի 5-ին Քյոլնում գերմանահայության անմիջական նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարի մասին: Միաժամանակ նշվել է, որ սեմինարը մեծապես կնպաստի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու Քրիստոնեա-դեմոկրատական, Քրիստոնեա-սոցիալիստական միությունների նախաձեռնությանը եւ կլինի արժանի պատասխանը Թուրքիայի պաշտոնական շրջանակների այն հակազդեցությանը, որին նախաձեռնության պատճառով Անգելա Մերկելի գլխավորությամբ բախվում են դրա չորս հեղինակները:

Հակազդեցության պարագայում խոսքը Գերմանիայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Ալի Իրթեմչելիքի մասին էր, որը վերոհիշյալ միությունների փետրվարի 22-ի նախաձեռնությանը զայրույթով իսկույն արձագանքել էր: Այդ ընթացքում Թուրքիայում Գերմանիայի դեսպան Վոլֆ Ռութհարտ Բոռնը հրավիրվել էր արտգործնախարարություն, որտեղ նրան էին հանձնել Անկարայի դժգոհությունն արտահայտող «գրավոր նախազգուշացումը»: Իրթեմչելիքն իր հերթին Գերմանիայի արտգործնախարարություն էր փոխանցել համանման բովանդակությամբ գրություն:

Տեղեկացնելով վերոհիշյալ գրությունների մասին, «Հյուրիեթը» մարտի 4-ի համարում տեղեկացնում է նաեւ Քյոլնում Եվրոպայի թուրք դեմոկրատների միության «Ինչպե՞ս են ընթանալու բանակցությունները Թուրքիայի հետ» թեմայով կազմակերպված միջոցառման մասին, որտեղ Հայոց ցեղասպանության շուրջը սուր բանավեճեր են առաջացել: Ըստ «Հյուրիեթի», հանդիպմանը ՔԴ-ՔՍ միությունների խմբակցության փոխնախագահ Վոլֆգանգ Բոսբախի «Թուրքիան չի կարող ուրանալ ցեղասպանությունը» խոսքերը հավասարակշռությունից հանել են մասնակիցներից վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Ջունեյթ Զափսուին:

Նա բացականչել է. «Անընդհատ ցեղասպանությունից եք կառչում: Մենք, ինչ խոսք, այս հարցերը օրակարգ ենք մտցնելու, քննարկելու ենք: Հարցին կարճ ժամանակահատվածում լուծում ենք գտնելու: Սակայն այդ լուծումը կլինի ոչ թե սփյուռքի, այլ անմիջականորեն Հայաստանի հետ: Կարծում եմ, կարեւորն էլ դա է: Սակայն հարցը դրանով չի սահմանափակվում, կան նաեւ ալավիները, այս կարգի հարցերն էլ պատասխանի են սպասում»:

Զափսուի ելույթին զայրացած պատասխանել է Բոսբախը. «Բացի Հայոց ցեղասպանությունից էլ ի՞նչ հարց կա: Դուք հայկական հարց ասելով ո՞ր հարցերը նկատի ունեք: Ուզում եմ իմանալ, թե հայերին առնչվող ո՞ր հարցերն եք քննարկման դնելու: Եթե մենք մերժեինք հրեաների Հոլոքոսթը, ապա հավատացա՞ծ եք, որ կընդգրկվեինք ԵՄ-ի կազմում: Երբ մենք հաշտվում ենք մեր պատմության հետ, մի՞թե դա չի ենթադրում, որ պետք է հաշտվի նաեւ Թուրքիան: Եթե ցանկանում եք եվրոպական ընտանիքին մաս կազմել, պետք է ձերբազատվեք ձեր որդեգրած դիրքորոշումից»:

Բոսբախի պատասխանով հանդիպմանը մասնակցող թուրքերը դահլիճում շիկացրել են մթնոլորտը: Հանդիպումը ժամանակավորապես ընդհատվել է: Դրա ավարտին վարչապետ Էրդողանի խորհրդական Զափսուն լրագրողներին ասել է. «Հայկական հարցը չպետք է երկարաձգենք, ոչ էլ չափազանցնենք: Գերմանիան ԵՄ-ի հարցում աջակցում է մեզ: Արդեն բախվում ենք բազում դժվարությունների, իմաստ չունի դաշնակցին թշնամի դարձնելը: Եթե մեր պապերն այդպիսի բան արած լինեին, ապա Արեւելյան Եվրոպայում քրիստոնյա չէր մնա»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4