Պատմաճարտարապետական հուշարձան համարվող Աբովյան 1/4 շենքը քանդելու դեմ փետրվարի 24-ին տեղի ունեցած բողոքի ցույցի մասին հրապարակումից հետո շենքի սեփականատեր Նազարեթ Բերբերյանը Լոս Անջելեսից հաջորդ օրն «Ազգին» տեղեկացրել էր, որ շենքի պատմաճարտարապետական արժեքը պահպանվելու է լավագույն ձեւով եւ որեւէ մտահոգության առիթ չկա: Նրա ասելով, շենքը կդառնա ինքնատիպ ու շքեղ հյուրանոց, որի նախագիծը պատրաստ կլինի մինչեւ մայիս:
Հայաստանի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանը հայտնեց, որ հիշյալ շենքը քանդելու միջադեպը տեղի չէր ունենա, եթե սեփականատերը տեղյակ լիներ պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին ՀՀ օրենքին, համաձայն որի հուշարձանի պահպանության համար պատասխանատու է սեփականատերը, իսկ պետական լիազորված մարմինը, տվյալ դեպքումՙ հուշարձանների պահպանության գործակալությունն իրականացնում է պահպանության հսկողությունը: Նույն օրենքի պահանջով, սեփականատերը պետական լիազորված մարմնին պետք է հանձնի հուշարձանի պահպանական պարտավորագիր, որտեղ նշվում են նրա բոլոր իրավասություններն ու պարտականությունները: «Պարտավորագիր հանձնելու դեպքում կամայական քանդում տեղի չէր ունենա, որովհետեւ ամեն մի անօրինական գործողության համար սեփականատերն է պատասխանատու: Կատարվածը միայն պատմական հուշարձանի պահպանման կարգուկանոնի խախտում չէր: Նույնիսկ ամենասովորական շինության քանդման համար անհրաժեշտ է թույլտվություն ունենալ: Աբովյան 1/4 շենքին ձեռք տալու իրավունք ոչ ոք չուներ, որեւէ մեկին քանդելու իրավասություն տրված չէ», ասաց պրն Գրիգորյանը:
Ներկա պահին սեփականատիրոջ առաջին խնդիրը պահպանական պարտավորագիր հանձնելն է, այնուհետեւ հիշյալ գործակալությունից նոր շինության նախագծի թույլտվություն ստանալը, այլապես տեղի կունենա շենքի հետ կապված երկրորդ անօրինական քայլը: Անշուշտ, սեփականատերը հնարավորություն ունի լիազորված մարմին դիմելու նաեւ քաղաքապետարանի միջոցով, նրա դիմումը կքննարկվի հուշարձանների պահպանության գործակալության գիտամեթոդական խորհրդում, որտեղ կորոշվեն հուշարձանի հետ կապված փոփոխությունները: «Մենք դեռ չգիտենք, թե այդտեղ կառուցվելիք հյուրանոցը որչափ կփոխի շենքի ընդհանուր տեսքը: Սեփականատերը չպետք է շենքի նախագիծ պատվիրի առանց լիազորված մարմնի հետ նախագծի առաջադրանքը համաձայնեցնելու», հավելեց նա:
Հուշարձանների պահպանության գործակալությունն այս միջադեպից դասեր քաղելով, նախատեսում է իրազեկել պատմաճարտարապետական շենքերի սեփականատերերին: Խնդիրն այստեղ բոլոր սեփականատերերին գտնելն է, որովհետեւ առք ու վաճառքի ժամանակ գործակալությունը տեղեկություն չի ստանում նոր սեփականատիրոջից, ինչն էլ էապես խոչընդոտում է աշխատանքին: Մինչդեռ պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման օրենքում հստակ գրված է, որ հուշարձանի օտարման դեպքում սեփականատերը պետք է նախապես տեղեկացնի պետական լիազորված մարմնին:
Ինչո՞ւ էր Աբովյան 1/4 շենքը դուրս մնացել անցած տարվա դեկտեմբերին կառավարության հաստատած պատմաճարտարապետական հուշարձանների ցանկից: Պրն Գրիգորյանը նշեց, որ վրիպումը տեղի է ունեցել ցանկն անընդհատ փոփոխելու պատճառով: Դրանից հետո հրավիրվել է փորձագիտական հանձնաժողովի նիստ, որտեղ շենքն ընդունվել է որպես նորահայտ օբյեկտ, այսինքնՙ ստացել է պատմական հուշարձանի կարգավիճակ, ինչն արդեն հաստատվել է կառավարությունում: «Դա ամենակարճ ու ամենահնարավոր տարբերակն էր վրիպումը շտկելու համար: Շենքի քանդումն արդեն դադարեցվել է, այդպես էլ չպարզվեցՙ ո՞վ էր քանդողը: Շատերին թվում է, թե գործակալությունը պետք է պահակային ծառայություն կատարի: Իրականում մեր գործակալությունն ընդամենը վերահսկում է հուշարձանը պահպանելու սեփականատիրոջ պարտավորությունը», ասաց գործակալության պետը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ