Դեռեւս 1991-ին հայտարարել էր նախագահ Թուրգութ Օզալը
Պարզվում է, դեռեւս 1991-ին Վաշտիգտոն կատարած այցի ընթացքում Թուրքիայի Հանրապետության 8-րդ նախագահ հանգուցյալ Թուրգութ Օզալը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատրաստակամություն է հայտնել եւ այդ պատրաստակամությամբ դիմել է ԱՄՆ-ում իր երկրի դեսպան Նուսհեթ Քանդեմիրին:
Օզալի վերոհիշյալ պատրաստակամության մասին մարտի 7-ի համարում մատնանշում է «Հյուրիեթը»ՙ վկայակոչելով հենց Քանդեմիրին, որը ներկայումս իբրեւ պաշտոնաթող դեսպան զբաղեցնում է «Ճշմարիտ ուղի» կուսակցության փոխնախագահի պաշտոնը:
Ահա թե ինչ է հայտնել Քանդեմիրը «Հյուրիեթին». «1991 թ. Վաշինգտոնում «Մեդիսոն» հյուրանոցի մուտքի մոտ, որտեղ իջեւանել էր Օզալը, ինձ ասաց. «Մի՞թե ավելի լավ չէր, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը եւ վերջ տրվի այդ հարցին»: Մենք շրջապատված էինք լրագրողներով: Օզալի այս խոսքերը լսեցին նաեւ նրանք: Ես իսկույն միջամտեցիՙ ասելով Օզալին. «Մեծարգո նախագահ, սա այն հարցն է, որը ոտքի վրա չեն լուծում: Պետք է շատ լավ կշռադատել եւ զգույշ լինել»: Բոլորը, ներառյալ լրագրողները, սարսափահար մեզ էին նայում եւ հատկապես արտգործնախարարության ներկայացուցիչները, որոնք շփոթմունքի մեջ չգիտեին ինչ անել: Ինչպես հայտնի է, Օզալը սիրում էր նման մտքեր առաջ քաշել, որպեսզի դրանք լայնորեն քննարկվեն: Վերոհիշյալ միտքը դրանցից էր: Հետո մենք համոզեցինք նրան, եւ նա հրաժարվեց այդ մտքից»:
Ըստ «Հյուրիեթի», Քանդեմիրին հաստատել է նախկին արտգործնախարար Իլթեր Թուրքմենը: Նա հիշեցնելով հարցերը լայն քննարկման դնելու համար անակնկալ առաջարկներ անելու Օզալի սովորությունը, մատնանշել է. «Նա դրանով նպատակ էր հետապնդում ցույց տալ, որ քննարկման ենթակա են նաեւ նույնիսկ անձեռնմխելի հարցերը»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ