Քրիստոնեական եւ ազգային արժեքներ տարածելու եւ հատկապես երիտասարդության մեջ դրանք սերմանելու նպատակով «Խարիսխ» գեղարվեստական, մշակութային ամսագիրն իր անդրանիկ համարի թողարկումը սկսեց անցյալ տարի ապրիլին: Ամսագրիՙ առայժմ թողարկված ինը համարներում ընդգրկված նյութերը մեր ազգային ավանդույթների, անցյալի եւ ներկայի հոգեւոր, մշակութային իրողությունների մասին պարզ ու մատչելի տեղեկություններ են:
Թեմատիկ տարանջատումներով ամսագրի համարներում կանոնավորապես անդրադարձ է արվում հոգեւոր ոլորտին, ներառելով եկեղեցական կյանքը, տոնացույցեր, զուգահեռ ներկայացնելով համապատասխանաբար ազգային տոների, ծեսերի, սովորույթների մասին նյութեր: Հանդեսի հիմնական էջերը տրամադրված են մշակութային կյանքին, ոչ այնքան տեղեկատվական կամ մեկնողական բնույթի, որքան այսօրվա մեր մտավորականներին, նրանց հայացքներին ու դիրքորոշումներին երիտասարդությանը ծանոթացնելու նպատակով, իհարկե, ակնարկներ կան նաեւ հայոց պատմության նշանակալի դեպքերի եւ իրողությունների վերաբերյալ:
«Մեր երիտասարդությունն օտար ափերում է փորձում խարիսխ նետել: Մենք փորձում ենք օգնել նրանց մնալ Հայաստանում եւ մեր հրապարակումներով կապել ազգային արժեքներին, մեր եկեղեցուն, մշակույթին, որ ճանաչեն ու սիրեն, որովհետեւ նրանք շատ են հեռացել իրենց արմատներից, մեր զրույցի ժամանակ ասաց հանդեսի պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղոյանը: Մենք, իհարկե, դեռ ճանապարհ ունենք անցնելու, բայց հստակ սկզբունքներով ու համոզմունքներով եւ որոշակի գաղափարական ուղղվածությամբ: Աշխատում ենք հանդեսի էջերում ներկայացնել մեր լավագույն մտավորականներին: «Խարիսխն» արդեն հասցրել է բարի համբավ վաստակել, չնայած տպաքանակի սակավությանը, հատկապես մարզերում քիչ տարածվածությանը: Աշխատում ենք պահպանել կանոնավոր պարբերականություն, սակայն ասելիքի անհրաժեշտությամբ, ոչ թե սոսկ էջեր լցնելու. նյութերն ընտրվում են տվյալ ամսվան համապատասխան, փորձում ենք քրիստոնեական պատվիրանները եւ Հայ առաքելական եկեղեցու դավանանքային ճշմարտությունները տարածել երիտասարդների մեջ, հատկապես աղանդավորական այս շփոթի մեջ նրանց կողմնորոշելու եւ գիտելիքներ հաղորդելու համար»:
«Խարիսխ» հանդեսի լրատվական գործունեությունն իրականացնում է «Արմենիա Նյու Լայֆ» բարեգործական հիմնադրամը, որի փոխտնօրեն Համլետ Եղոյանը ներկայացրեց կազմակերպության ընդհանուր բնույթը:
«Campus Crusade for CHRIST» շարժումը, հիմնադրված 1951-ին Լոս Անջելեսում, նպատակադրված էր զարգացնել տվյալ երկրի ազգային հոգեւոր արժեքները, նպաստել մարդու հոգեւոր աշխարհընկալումներին: Շատ կարճ ժամանակում շարժումը բազմաթիվ համախոհներ ունեցավ եւ տարածում գտավ աշխարհով մեկ: Հայաստանում պաշտոնապես ճանաչվեց 2001 թ. սեպտեմբերինՙ որպես «Նյու Լայֆ Արմենիա» բարեգործական հիմնադրամ, որի գործադիր տնօրենը Հովիկ Եդիգարյանն է: Ընթացիկ տարիներին օժանդակել է Հայաստանի բնակչության հումանիտար եւ հոգեւոր կարիքների բավարարմանը, մասնավորապես կազմակերպել է համերգ-միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, դասընթացներ (ինքնազարգացման կենտրոն): Հիմնադրամը սոցիալական եւ բժշկական օգնություն է տրամադրում անապահով խավերինՙ համագործակցելով սոցապնախարարության, քաղաքի համայնքների հետ:
Հիշատակության է արժանի նաեւ «Նյու Լայֆ Արմենիա» հիմնադրամի այս տարվա օրացույցըՙ հայոց եկեղեցիների որակյալ լուսանկարներով, եկեղեցական տոներին առնչվող համապատասխան բնույթի նյութերի, սուրբգրային պատվիրանների, խրատների զուգորդությամբ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ